Կանադական «պատասխանատու» հանքարդյունաբերության մասին
Ներկայացնենք մի քանի թվեր և փաստեր Կանադայից՝ ի գիտություն զարգացած երկրների մետաղական հանքերի շահագործման իբր դրական փորձն անընդհատ մատնանշող հայաստանյան հանքարդյունաբերողների և տարբեր պաշտոնյաների։ ՀՀ քաղաքացիներն ու կառավարությունը պետք է իմանան, թե ինչ հսկայական գումարներ են վճարում օրինակ Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի հարկատուները հանքերի շահագործման հետևանքով առաջացած աղտոտումները կանխարգելու և վերացնելու համար (Ամբողջական անգլերեն հոդվածը սա է՝ B.C. needs a “polluter pays” policy for mines)։
Ահա, թե ինչ գումարներ են անհրաժեշտ մի շարք մետաղական հանքավայրերի շահագործման և վթարների հետևանքները վերացնելու համար․
– 700 միլիոն ԱՄՆ դոլար․ Faro Mine
– Ավելի քան 1 միլիարդ․ Northwest Territories’ Giant Mine
– 50 միլիոն․ «Բրիտանիա» հանքավայր
– Միլիոնավոր դոլարներ․ Mount Washington mine, որը վերացրել է Tsolum գետի ողջ սաղմոն ձուկը
– 40 միլիոն․ Mount Polley հանքավայր, որտեղ 2014 թվականին փլվել էր պոչամբարի պատվարը, որը կարող է շատ ավելի մեծանալ, եթե շահագործող ընկերությունը սնանկ ճանաչվի։
Հոդվածում նշվում է, որ հենց սա է պատճառը, որ իրատես և պատասխանատու կառավարությունները պահանջում են, որ հանքարդյունաբերողները նախօրոք վճարեն մաքրման համար համապատասխան ֆինանսական երաշխիքներ: Բրիտանական Կոլումբիայի գլխավոր աուդիտորն երկու տարի առաջ ահազանգ էր հնչեցրել՝ նախազգուշացնելով, որ նահանգն ընկերություններից պատշաճ ֆինանսական երաշխիքներ չի ստացել հանքավայրերը մաքրելու համար: Աուդիտորն ընդգծել էր, որ այդ պատճռով ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություններ է մնացել նահանգի հարկատուների ուսերին:
Որպես հակադրություն բերվում է համեմատություն Ալյասկայի հետ, որտեղ ընկերությունները պարտավորված է վճարել հանքերի մաքրման, փակման և վերականգնման 100 տոկոս ֆինանսական երաշխիք։ Հակադրությունն ակնհայտ երևում է, երբ նույն ընկերությունը հայտարարում է Ալյասկայում իր հանքի վերականգնման 100 տոկոս փակումը, բայց դա չի անում իր այլ հանքում, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիայում, որտեղ հանքի բաժնետոմսային կապիտալը կազմում է ընդամենը մի քանի հարյուր միլիոն դոլար՝ ինչը չի փակում նույնիսկ հանքի ամբողջական վերականգնման ծախսերը։
Սա խնդրահարույց է ոչ միայն հարկատուների համար: Այն նաև ուղղակիորեն սպառնում է տարածաշրջանի գետերին ու լճերին, ինչպես նաև ձկաշխարհին՝ մասնավորապես սաղմոնին և իշխանին: Ընկերությունները ներկայացնում են անհամեմատ փոքր ծախսեր հանքերի վերականգնման և անվտանգության ապահովման համար՝ դրանք նվազեցնելով բնապահպանության հաշվին: Այդ իսկ պատճառով կառավարությունը պետք է պահանջի անկախ գնահատականներ ընկերության հաշվարկների և հիմնավորումների համար: Աղտոտողներն անմեղ զոհեր չեն և պետք է վճարեն:
Հոդվածի հեղինակներն իրենց վերլուծության վերջում նշում են․ «Տասնամյակներ շարունակ հանքարդյունաբերության կարգավորումները Բրիտանական Կոլումբիայում հայտնի էին հանրային շահի հաշվին ընդերքօգտագործողներին ծառայություններ մատուցելու ցավալի փորձով: Կառավարության նոր քաղաքականությունն այս ոլորտում մեզ ցույց կտա, թե արդյո՞ք ինչ-որ բան իսկապես փոխվել է:
Հ․Գ․ ՀՀ նոր կառավարությունը նույնպես լայնածավալ փոփոխություններ և գործողություններ ունի անելու այս ուղղությամբ, որպեսզի հետո ՀՀ քաղաքացիներն ու պետությունը չմնան կանգնած կոտրած տաշտակի առաջ և ստիպված լինեն իրենց գրպանից վճարելու բոլոր այն ծախսերի համար, որոնք անհրաժեշտ են բնական միջավայրն ու մարդկանց առողջությունը հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացած աղտոտումներից պաշտպանելու համար։ Մինչ այդ անհրաժեշտ է կասեցնել բոլոր նոր մետաղական հանքավայրերի ուսումնասիրման և շահագործման գործընթացներն ու նոր իրավունքների և թույլտվությունների տրամադրումն այս ոլորտում։
Լուսանկարը՝ MiningWatch Canada