Ուղերձներ, որոնք պայթեցնում են հանքերի մասին միֆերը
Սեպտեմբերի 6-ին Ջերմուկի, Սևանի ավազանի, Երևանի և այլ բնակավայրերի մի շարք քաղաքացիներ միջոցառում անցկացրեցին Հանրապետության հրապարակում, որի ընթացքում հնչած ուղերձները պայթեցրին հանքերի ու Ամուլսարի հետ կապված միֆերը։ Նրանք իրենց հետ ունեին երկու գույնի փուչիկներ, որոնցից կարմիրները ներկայացնում էին հանքերի մասին տարածվող միֆերն ու վախերը, իսկ կանաչները՝ իրականությունը և այն տեսլականը, որը պետք է ունենանք մենք որպես էկո-Հայաստանի ուղին ընտրած պետություն և ժողովուրդ։
Ներկայացնենք այդ օրը հնչած հիմնական ուղերձները․
1․ Բնապահպանական օրենքներ, ոչ թե միջազգային ստանդարտներ
Աշխարհի շատ երկրներում միջազգային բանկերը և ֆինանսական հաստատությունները, դրանց ֆինանսավորմամբ աշխատող հանքարդյունաբերական կորպորացիաները ստեղծել են բազմաթիվ էկոլոգիական ու սոցիալական աղետներ։ Խիստ քննադատությունը քողարկելու նպատակով դրանք հռչակել են ներքին կարգավորիչ ստանդարտներ։ Սակայն այս ստանդարտները որևէ կերպ չեն կարող փոխարինել սուվերեն պետությունների ներքին բնապահպանական օրենսդրությանն ու միջազգային կոնվենցիաներով պարտավորություններին։ Միջազգային բանկերի ստանդարտներն ընդամենը ինքնահռչակվող սկզբունքներ են, որոնք հետապնդում են բիզնես տրամաբանություն, միտված են ռիսկեր գնահատելուն և դրանք կառավարելուն, որպեսզի հանքեր բացողներին տրվող վարկերն արդարացվեն։ Մինչդեռ հանրային շահը ենթադրում է ռիսկերից խուսափում, այլընտրանքային տնտեսական գործունեություն ու մասնավոր ոլորտի նկատմամբ խիստ վերահսկողություն։ Հայաստանում մասնավորի կողմից անընդհատ շահարկված՝ «միջազգային ստանդարտ» անհասկանալի արտահայտությունները պետք է ջարդել բնապահպանական օրենքների կիրառմամբ, բնապահպանական ստանդարտների խստացմամբ։
2․ Խիստ տեսչություն, ոչ թե «պատասխանատու» հանքարդյունաբերություն
Պետությունը թուլացնելու, վերահսկիչ ու պատժիչ գործառույթները վերացնելու պարագայում մասնավոր ընկերությունները ինքնագովազդով են զբաղվում ու իրենք իրենց հռչակում՝ «պատասխանատու»։ Սեփական բարոյականության գովազդով հանքակերները խուսափում են հանրային ու պետական վերահսկումից ու մշտապես մնում իրենց իսկ գծած «բարոյականության», այսինքն՝ «պատասխանատվության» դաշտում։ Մասնավոր ընկերությունների ինքնագովազդը պետք է ջարդել խիստ պետական տեսչական գործունեությամբ՝ սկսած բնապահպանական, առողջապահական ու աշխատանքային տեսչությունից մինչև հարկային տեսչություն։ Հանրային բյուջեն պետք է ուղղվի այս ոլորտի վերահսկողությանը, ներկայիս թշվառ ֆինանսավորումը պետք է համալրվի ադեկվատ պետական ֆինանսավորմամբ։
3․ Գլոբալ արդարություն, ոչ թե միջազգային ներդրումային արբիտրաժ
Մասնավոր ընկերություններին, այլ կերպ ասած՝ ներդրողներին միջազգային մակարդակով պաշտպանելու նպատակով զարգացող երկրներին պարտադրվում են ներդրումային պայմանագրեր, որոնք անհավասար պայմաններում ապահովում են շահույթ հետապնդողների շահերը և զարգացող երկրներին պահում հանքահումքային կցորդի կարգավիճակում։ Ներդրումային արբիտրաժները գործում են գլոբալ առումով անարդար սկզբունքների հիման վրա, դրանք ստեղծված են բացառապես շահույթ հետապնդողների շահերը սպասարկելու համար, ինչի արդյունքում պետությունների սուվերենությունը ստորադասվում է շահույթ հետապնդողի շահույթին։ Միջազգային ներդրումային արբիտրաժները միջազգային մարդու իրավունքի ոլորտի հետ կապ չունեն, դրանք բացառապես մասնավոր ընկերություն-պետություն հարաբերություններում են, որտեղ պետությունները հատուկ են մղված ստորադաս դիրք։ Ամուլսարի հարցում ներդրումային արբիտրաժով հնարավոր չէ շանտաժի ենթարկել, քանի որ գլոբալ արդարության շարժմանը միանալով՝ Հայաստանի կառավարությունը կարող է դիմակայել գլոբալ կապիտալի ուժեղ ճնշմանը։
4․ Ջուր, ոչ թե տնտեսական աճ
Լեռնահանքային ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի տեսլականի վրա, որն աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է որպես ձախողված քաղաքականություն։ Տնտեսական աճի նման քաղաքականությունը կարճաժամկետ է, խիստ ռիսկային, տնտեսապես ոչ ծախսարդյունավետ և ֆինանսապես անկայուն, մարդկային անվտանգությունն ու համընդհանուր բարեկեցությունը ստորադասող է, ապագա սերունդների իրավունքները ոտնահարող, երկիրը երկարատև կտրվածքով աղքատության մղող։ Բերենք նաև մի քանի սոցիալ-տնտեսական ցուցանիշներ․ համաձայն պաշտոնական տվյալների հանքագործության և բացահանքերի շահագործման ոլորտում աշխատում է մոտ 10 000 մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության զբաղվածության ընդամենը 0,9 տոկոսը, իսկ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ այդ ոլորտի մասնաբաժինը վերջին 16 տարում կազմել է մոտ 2,8 տոկոս: Այսպիսի թշվառ ցուցանիշների դիմաց մեզ անհրաժեշտ են վիրահատական միջոցներ՝ հանքարդյունաբերական ոլորտի վերահսկման խստացում և մեր ապագա սերունդների կենսամիջավայրի ու ամենակարևորը՝ ջրերի պահպանում։ Դրա համար էլ Ամուլսարի պահպանումը մեր առաջնահերթությունն է։
5․ Կենսակայուն, ոչ թե հանքային ներդրումներ
Ներդրողները տնտեսվարողներ են՝ շահույթ հետապնդող ընկերություններ: Լեռնահանքային ոլորտին զարկ տալու իրավիճակը, որն արվում է տնտեսության այլ ոլորտների պոտենցիալի հաշվին, ամբողջ աշխարհում կոչվում է «ռեսուրսների անեծք»։ Հանքային ընկերությունների խոստացած ներդրումային կապիտալի ներհոսքը ներկայացվում է իբրև զարգացման գրավական, սակայն այն դեռևս չի նշանակում այդ կապիտալի հավասար ու արդար բաշխում։ Ներդրումների արդյունքում խոստացվող աշխատատեղերի ստեղծումը դեռևս չի նշանակում արժանապատիվ, արդար ու բավարարող աշխատանքի ապահովում։ Խոստացվող տնտեսական աճն ու բյուջետային եկամուտների ավելացումը նույնիսկ ինքնըստինքյան չեն նշանակում աղքատության վերացում ու սոցիալական արդարության հաստատում, քանի դեռ չկան հարստության հավասար բաշխումն ապահովող մեխանիզմներ։ Տնտեսական զարգացման համար մենք պետք է ընդունենք մի պարզ սկզբունք, որ բնության պահպանումը պետք է լինի անշահախնդիր ու չնվազեցվի մարդու պահանջմունքների բավարարմանը։ Սրանից կբխեն առօրյա կյանքի և տնտեսության կազմակերպման մեջ մարդու՝ էկոհամակարգի մասնիկ լինելու, ոչ թե էկոհամակարգերի նկատմամբ գերակա, վերադաս ու վերահսկող լինելու գործելակերպեր։ Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ բնապահպանական հարցերում ՀՀ կառավարության՝ օրինականությունը հաստատելուն ուղղված քայլերը կարող են վանել օտարերկրյա ներդրողներին, վստահ ենք, որ այո՛, Կառավարության նման գործողություններն իրո՛ք կարող են վանել երրորդ աշխարհի շահագործմամբ ու սեփական գերշահույթով շահագրգիռ, երկակի ստանդարտներով գործող, օֆշորներում թաքնված, ստախոս և կոռումպացված անդրազգային մասնավոր ընկերություններին ու կորպորացիաներին: Փոխարենը, հսկայական հնարավորություններ կստեղծվեն կանաչ, կենսակայուն, օրինապահ, թափանցիկ և պատասխանատու միջազգային ու տեղական բիզնեսի համար:
6․ Անկաշառ մամուլ, ոչ թե մեդիա մանիպուլիացիա
Լրատվամիջոցների կարևորագույն առաքելություններից է հանրությանը հուզող խնդիրների անկախ և բազմակողմանի լուսաբանումը։ Սակայն հայաստանյան շատ լրատվամիջոցներ վերջին մի քանի տարիների ընթացքում այս խնդրի առնչությամբ հրապարակել են բացառապես հանքարդյունաբերողի շահերը կամ տեսակետները ներկայացնող հոդվածներ, վերլուծություններ և տեսանյութեր՝ հաճախ խախտել լրագրողական էթիկան, գովազդ հանդիսացող նյութերը ներկայացրել իբրև լրատվական։ Օֆշորային Լիդիանի (նախկինում Գեոթիմ) փիարով զբաղվող և Ամուլսարում ոսկու հանքի շահագործման խնդրահարույց ծրագիրն անդադար գովերգող բոլոր լրատվամիջոցները հավասարապես պատասխանատու են դրա բացասական հետևանքների համար։ Ահա այդ լրատվամիջոցներից ամենաակնառուները՝ Մեդիամաքս, Երկիր Մեդիայի լրատվական, Հ2, Կենտրոն հեռուստաընկերություն, ԳԱԼԱ, Արմենպրես, Ամերիկայի Ձայն, 168 ժամ, Արմենիա հեռուստաընկերություն, Yerevan.Today, Արմինֆո, Analitik.am, politica.am։
Տեսանյութեր միջոցառումից