News

Ամուլսարում սպասվող թթվային դրենաժի մասին Լիդիանի փորձագետի անհիմն պնդումներին ի պատասխան

Գիտությունների դոկտորներ Անն Մաեստի, Անդրեա Գերսոնի և Ռոջեր Սմարթի կողմից 2018թ. փետրվարի 13-ին հրապարակվել են երկու հուշագրեր (1, 2), որոնք պատասխանում են Լիդիանի փորձագետ Լարրի Բրեքենրիջի ս․թ․ հունվարին արված հայտարարություններին:

Հատկապես միջազգայնորեն ճանաչված երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստի հրապարակած անգլերեն հուշագիրը վերջնականապես վկայում և ապացուցում է Ամուլսարում արտադրվող թթվային դրենաժի բարձր մակարդակը: Օգտագործելով «Թթվայնացման կանխարգելման միջազգային ցանցի» (INAP) «Թթվային ապարների դրենաժի համաշխարհային ուղեցույցի» (GARD Guide) առաջարկած մոտեցումները և հիմնվելով Լիդիանի փաստաթղթերի ու տվյալների վրա՝ մեկ անգամ ևս հաստատվում է, որ Ամուլսարում գրեթե ամբողջ հանքաքարը և թափոնների վերլուծված նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են։ Սրանով վերջնականապես ջախջախվում են Լիդիանի փորձագետ, բնապահպանական ճարտարագետ Լարրի Բրեքենրիջի այն պնդումները, թե «հանքաքարը լիովին օքսիդացված է, իսկ դատարկ ապարների միայն մի մասն է պոտենցիալ թթվագոյացնող», և որ «հանքաքարում թթվային դրենաժի ռիսկ չկա»։

Ներկայացնում ենք դոկտոր Անն Մաեստի հուշագրի ամփոփման թարգմանությունը

«Ամփոփում
-
Այս հուշագիրը արձագանքում է Global Resource Engineering (GRE) ընկերության ինժեներ Լարրի Բրեքենրիջի կողմից արված հայտարարություններին` կապված Ամուլսարի ոսկու ծրագրի հետևանքով աղտոտման արտադրողական բնութագրերի հետ:
- Լարրի Բրեքենրիջը պնդում է, որ Ամուլսարի հանքավայրը թթվագոյացնող չէ, իսկ դատարկ ապարների լցակույտի թափոնների միայն մի մասն է թթու առաջացնող: Այս հայտարարությունները չեն համապատասխանում անգամ Լիդիանի կողմից արված սեփական հետազոտությունների արդյունքներին և անտեսում են այն​​ փաստը, որ բացահանքերի երկրաբանական բարդությունների պատճառով՝ դժվար է թափոնները հաջողությամբ բաժանել հանքաքարից:
- Լիդիանը նշում է, որ պարոն Բրեքենրիջը անկախ փորձագետ է, սակայն նրա ընկերությունը՝ GRE-ն, բազմաթիվ տեխնիկական ուսումնասիրություններ և հաշվետվություններ է ներկայացրել Լիդիանի և Ամուլսարի նախագծի համար։
- Լիդիանը թերագնահատել է Ամուլսարի հանքաքարի և թափոնների թթվագոյացման պոտենցիալի ներուժը, քանի որ կիրառել է հնացած մասնագիտական մոտեցում, որը չի առաջարկվում GARD Guide-ի կողմից, որոնք Լիդիանն իր փաստաթղթերում շարունակաբար մեջբերում է և ասում, որ հետևում է դրանց: Օգտագործելով GARD Guide-ի առաջարկած միջազգային մոտեցումը՝ ստացվում է, որ գրեթե ամբողջ հանքաքարը և վերլուծված թափոնների նմուշները պոտենցիալ թթվագոյացնող են:
- Լիդիանի մեղմացման միջոցառումները թթվագոյացումը կանխելու կամ նվազեցնելու համար հիմնված են հանքաքարի և թափոնների թթուների արտազատման ու աղտոտման պոտենցիալների վերաբերյալ սեփական սխալ եզրակացությունների վրա:
- Պարոն Բրեքենրիջի հայտարարությունները ցածր թթվագոյացման պոտենցիալի մասին անտեսում կամ չեն հիշատակում հանքավայրի աղտոտող բաղադրիչների ներհոսքը դեպի մոտակա ջրահոսքերն ու ստորերկրյա ջրերը: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարում թափոնների լցակույտից և բացահանքերից արտահոսող ջրերը պարունակելու են մետաղների, սուլֆատի և նիտրատի ավելի բարձր կոնցենտրացիաներ քան Հայաստանի ջրի որակի չափանիշներն են։ Դա տեղի է ունենալու ինչպես շահագործման ընթացքում, այնպես էլ դրանից շատ տարիներ անց: Ջրային հոսքերի մոտիկությունը ենթադրում է, որ աղտոտող նյութերն արագորեն կհասնեն մակերևութային ջրերին և աղբյուրներին:
- Հաշվի առնելով Ամուլսարի թափոնների և հանքաքարի արտազատման խոշոր ներուժը, աղտոտող նյութերը և այդ փաստի գնահատման բացակայությունը հանքավայրի շահագործման նախագծերի մեջ՝ դատարկ ապարների լցակույտը և կույտային տարրալվացման հարթակը պետք է ամբողջովին վերանախագծվեն` լավագույն փորձի կիրառմամբ: Բացի դրանից, այդ օբյեկտները պետք է ավելի հեռու տեղադրվեն ջրային հոսքերից և ավելի մոտիկ հանքափոսերին»:

Վերոնշյալ երկու հուշագրերը մեզ է տրամադրել Հարութ Բրոնոզյանը՝ Ամուլսարի խնդրով հանդիպում-քննարկում կազմակերպելու մասին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին ուղղված իր և միջազգային փորձագետների նամակի հետ միասին։ Փետրվարի 23-ին ուղարկված այդ նամակը մնացել է անպատասխան, որից հետո ևս մեկ՝ արդեն բաց նամակ է հրապարակվել, որում պատրաստակամություն է հայտնվել առաջին հանդիպումն ունենալ նախարարության թիմի հետ։ Նախարարին ուղղված վերջին բաց նամակում մասնավորապես նշված է նաև հետևյալը․

«Բնապահպանության նախարարությունը և Հայաստանի կառավարությունը կարող են պատասխանատու լինել Ամուլսարում բոլոր բացասական հետևանքների համար: Սա այն պատճառով, որ նախարարությունն այս նախագծին հավանություն է տվել առանց լուրջ տեխնիկական գնահատման՝ ձեր կողմից մասնագետների բացակայության պատճառով, կապ հաստատելով այնպիսի ընկերության հետ, որն ապացուցված փորձ և երաշխիքներ չունի, հատկապես որ հարցը կապ ունի Հայաստանում ջրի մատակարարման սրտին:

Որքանո՞վ եք դուք և Լիդիանը ուսումնասիրել մեր տասը փաստաթղթերը, ներառյալ հունվար և փետրվար 2018-ի փաստաթղթերը:

Մեր հանդիպումը կարող է նաև կանխարգելիչ բնույթ ունենալ, որը նույնպես օգտակար կլինի ձեր նախարարության, կառավարության և Հայաստանի ապագայի համար, որպեսզի Լիդիանը չկարողանա մտածել, թե իրենք ինչ ուզում են կարող են անել, քանի որ ունեն ձեր թույլտվությունը, որը սակայն պետք է վերագնահատվի հնարավորինս շուտ՝ ավելի ընդլայնված մասնակցությամբ:

Ամուլսարի խիստ զգայուն տեղակայության շնորհիվ, բնական միջավայրի ռիսկերը շատ բարձր են: Իմ նպատակն առաջին օրվանից եղել է աշխատել լավագույն միջազգային անկախ խորհրդատուների հետ՝ յուրաքանչյուրն առնվազն 25 տարվա փորձառությամբ հանքարդյունաբերության տարբեր բնագավառներում՝ հատկապես թթվային հանքավայրերում: Սա մեկ տարվա համար շատ նվիրված աշխատանք է եղել իմ կողմից, որի համար ես որևէ շահույթ չեմ ունեցել և ծառայում եմ միայն Հայաստանի բարեկեցությանը, իմ միակ հայրենիքին:

Իմ փորձը բնության պահպանության գծով եղել է Սաուդյան Արաբիայում (1980-85), ԱՄՆ-ում (1986-2002) և Հայաստանում (2003 Թուֆենկյան հյուրանոցներին, Ծափաթախ և Ձորագետ) ջրի, կոյուղու և արդյունաբերական կեղտաջրերի և ծանր մետաղների մաքրման համակարգերի նախագծման, մատակարարման, տեղադրման և պահպանման ոլորտում, ավելի քան 50 ծրագրերում։

Սպասելով ձեր շուտափույթ պատասխանին:
Հարգանքով,
Հարութ Բրոնոզյան
Քիմիական / բնապահպանական ճարտարագետ, MS»։

Հիշեցնենք, որ 2017թ․ հունիս ամսից առ այսօր չորս միջազգային փորձագետներ Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից ներկայացրել են մեկ տասնյակից ավել հաշվետվություններ և հուշագրեր, որոնցում գիտականորեն հիմնավորված ներկայացված են Լիդիանի փաստաթղթերում, ռիսկերի գնահատումներում և կառավարման պլաններում առկա բազմաթիվ թերություններ, բացթողումներ, միջազգային չափանիշներով անընդունելի մեթոդների կիրառման դեպքեր, հետազոտված նմուշների անբավարար քանակներ, սխալ եզրահանգումներ և ենթադրություններ, ընդհանրապես չգնահատված կամ նվազեցված ռիսկեր, ընկերության պատասխանատվության մեխանիզմների բացակայություն և այլ լրջագույն խնդիրներ։ Դրանցում նրանք պատասխանել են նաև այս ընթացքում Լիդիանի ներկայացրած բոլոր պատասխան հիմնավորումներին և սխալ եզրահանգումներին։ Պարզվել է, որ Ամուլսարի դեպքում 600-700 միլիոն ԱՄՆ դոլար հարկավոր կլինի միայն հանքի թթվային ապարների դարավոր դրենաժի հետևանքով աղտոտված ջրերի մաքրման համար։

Պարզվել է նաև, որ Լիդիանին դեռ անհրաժեշտ է կատարել մոտ երեք տասնյակ հանձնարարականներ և ուսումնասիրություններ, որոնցից մի մասը խոշոր են, խիստ ծախսատար և երկարաժամկետ։ Դրանք վերաբերում են կույտային տարրալվացման հարթակը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, դատարկ ապարների լցակույտի աշխատանքային պլանին, երկրաքիմիական բնութագիրը և թթվային ապարների դրենաժի կառավարումը աշխատանքային պլանով նախատեսված մակարդակին հասցնելուն, աղտոտվող ջրերի վնասազերծման համակարգերին և ջրային հաշվեկշռի համար կիրառված կանխատեսելի մոդելներին։

Բոլոր չորս գիտնականները եկել էին հետևյալ միասնական եզրահանգմանը

«Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին։ Ընդհանուր խորհուրդն այն է, որ հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային և հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում և հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները և պարտավորությունները»։

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ՀՀ նախորդ կառավարությունը թույլատրել այս աղետալի ծրագրի իրագործումը, և ինչո՞ւ է ներկա կառավարությունն անտեսում հայկական և միջազգային գիտնականների անհերքելի փաստարկներն ու շարունակում ամեն կերպ աջակցել Լիդիանին։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝ armecofront@gmail.com

 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,