Էլ Սալվադորի մետաղական հանքարդյունաբերության արգելքը կունենա՞ գլոբալ միտում
Հոդվածը գրվել է անգլերեն Կոլումբիայի ջրային կենտրոնի համար Նորա Մարդիրոսյանի կողմից, ով իրավաբան է՝ բիզնես և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հարուստ փորձով: Նա աշխատում է որպես քաղաքական վերլուծաբան Կոլումբիայի ջրային կենտրոնում՝ ուսումնասիրելով մետաղական հանքարդյունաբերության սպառնալիքները ջրային ոլորտում: Հաշվի առնելով արված վերլուծությունների և փաստերի կարևորությունը նաև Հայաստանի համար՝ ներկայացնում ենք այդ հոդվածի հայերեն ամբողջական տարբերակը, որն իրականացվել է ՀԲՃ-ի կամավոր Լիլիթ Գևորգյանի կողմից։
Լուսանկարը՝ Էլ Սալվադորում Հանքարդյունաբերության դեմ միջազգային դաշնակիցների արխիվից
Մինչ Վաշինգտոնում նոր վարչակազմը ուղղություն է վերցրել դեպի հանքարդյունաբերության ապակարգավորում, աշխարհի մյուս երկրներում օրենքների ասպարեզում հակառակ միտում է նկատվում: Մի շարք ազգային և տեղական կառավարություններ խստացնում են բնապահպանական օրենքները և փակում են որոշ հանքարդյունաբերական ծրագրեր, իսկ որոշ դեպքերում էլ ողջ արդյունաբերական ճյուղը՝ ելնելով բնական միջավայրին պատճառած վնասներից, այդ թվում `ջրօգտագործման և աղտոտման հետ կապված:
Առավել դրամատիկ վերջին օրինակը Էլ Սալվադորի դեպքն է, որը մարտի 29-ին դարձավ մետաղական հանքարդյունաբերության դեմ համազգային արգելք պարտադրող առաջին երկիրը: Օրենսդիրները ճնշող մեծամասնությամբ կողմ են քվեարկել արգելքին, պնդելով, որ մաքուր ջրի պաշարների նվազման պայմաններում երկիրը չի կարող թույլ տալ մետաղական հանքարդյունաբերության շահագործում:
Էլ Սալվադորը ջրային պաշարների նվազման առումով ամենալարված տարածաշրջանն է Կենտրոնական Ամերիկայում: Համաձայն Էլ Սալվադորի Բնապահպանության և բնական պաշարների նախարարության՝ հողագործության նպատակով ոռոգումը և կոյուղաջրերի թերի մշակումը աղտոտել են երկրում մակերևութային ջրերի 90 տոկոսը: Արդյունքում, երկրի ջրային պաշարները խոցելի են այնպիսի գործունեության համար, ինչպիսին է մետաղական հանքարդյունաբերությունը, որը պահանջում է մեծ քանակությամբ ջուր և սպառնում է ջրի որակին: Մասնավորապես, թունավոր քիմիական ցիանիդը օգտագործվում է ոսկին շրջապատող ապարից զատելու համար և կարող է ներհոսել հողի ու ջրամատակարարման համակարգի մեջ:
Էլ Սալվադորում համեմատաբար նոր հանդիսացող մետաղական հանքարդյունաբերության վտանգները առավել ակնհայտ են դարձել վերջին տասնամյակում: Ամենավառ օրինակն այն էր, երբ բացահայտվեց, որ Սանտա Ռոսա դե Լիմա քաղաքի մոտակայքում մի հին հանք Սան Սեբաստիան գետն աղտոտել է ցիանիդով և երկաթով: Կառավարության փորձարկումները բացահայտել էին ջրի մեջ ցիանիդի ընդունելի մակարդակի իննը և երկաթի՝ հազար անգամ գերազանցում: Գետում և ջրհորներում մաքուր ջրի բացակայության արդյունքում հարակից բնակիչներն ստիպված են կրել ֆինանսական բեռ և ամենօրյա օգտագործման համար շշալցված ջուր գնել:
Աղտոտված ջուր վտակի մեջ, որը հոսում է հանքի պոչամբարների միջով և դեպի Էլ Սալվադորում գտնվող Սան Սեբաստիան գետը: Լուսանկար՝ Էլ Սալվադորում Հանքարդյունաբերության դեմ միջազգային դաշնակիցիցների արխիվից:
Հանքարդյունաբերության վտանգների մասին հանրության աճող իրազեկումը ճնշում է գործադրել կառավարության վրա: 2002 թ.-ին, Փասիֆիկ Ռիմ կանադական հանքարդյունաբերական ընկերությունը ձեռք է բերել մեծ ոսկու հանքի շահագործման թույլտվություն Կաբանյասի մոտ, որն էլ տեղակայված է Լեմպա գետի ավազանի մոտ, որից կախված է շրջանի ավելի քան 50 տոկոսի խմելու ջրի պաշարները, գյուղատնտեսությունը, ձկնորսությունը և ՀԷԿ-ը, և որը երկրում մնացած սակավաթիվ չաղտոտված ջրի աղբյուրներից մեկն է: Տեղական համայնքներն իրենց մտահոգություն են հայտնել Փասիֆիկ Ռիմի ծրագրի բնապահպանական և սոցիալական վտանգների վերաբերյալ, և 2007 թ.-ին, Էլ Սալվադորի կաթոլիկ եկեղեցին հանքարդյունաբերության դեմ հռչակագիր հրապարակեց: Լայնածավալ հասարակական ընդվզումն ստիպեց երկրի նախագահին 2008 թ.-ին դադարեցնել հանքարդյունաբերության ապագա թույլատվությունների շնորհումը:
Ի պատասխան, 2009 թ. Փասիֆիկ Ռիմը (հետագայում հայտնի որպես ՕկեանաԳոլդը) բողոքարկեց Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին, պնդելով, որ Էլ Սալվադորը խախտել է իր իրավունքները առևտրային համաձայնագրերի շրջանակներում՝ չկարողանալով տրամադրել արդյունահանման թույլտվություն, և փոփոխված բողոքում պահանջեց վնասի փոխհատուցում 315 մլն դոլարի չափով:
Վեճերի կարգավորման կենտրոնը միջազգային արբիտրաժային հաստատություն է, որը լուծում է իրավական վեճերը ներդրումային պայմանագրերի կամ առևտրային համաձայնագրերի պայմանների շրջանակներում: Այսպիսի պայմանագրերում, կառավարության կողմը կարող է ընկերություններին որոշակի իրավունքներ և պաշտպանություն տալ՝ տեսականորեն ներդրումները պաշտպանելու համար: Օրինակ, համաձայնագրերը կարող են պաշտպանել օտարերկրյա ընկերություններին իրենց ներդրումների արժեզրկումից կամ ընդունող երկրում իրենց ակնկալիքների չիրականացումից: Եթե ընկերությունը գտնում է, որ իր իրավունքները խախտվել են, ապա այն կարող է դատի տալ հյուրընկալող կառավարությանը Համաշխարհային Բանկի Վեճերի կարգավորման կենտրոնի միջոցով, կամ մեկ այլ՝ ներդրող-պետություն վեճերի կարգավորմամբ զբաղվող պայմանագրով նախատոսված դատարան:
2016 թ. Համաշխարհային Բանկի Վեճերի կարգավորման կենտրոնի դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Փասիֆիկ Ռիմի և հարկադրել նրան վճարել 8 մլն դոլար փոխհատուցում Էլ Սալվադորի կառավարությանը դատական ծախսերի համար: Երբ հանքարդյունաբերական ընկերությունը չվճարեց, ակտիվիստական խմբերը և Կաթոլիկ եկեղեցին պարտադրեցին օրենսդրական արգելք:
Այս արձագանքը արտացոլում է գլոբալ միտում, որը կասկածի տակ է դնում հանքարդյունաբերությունը որպես տնտեսական զարգացման շարժիչ: Գերմանիան, Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիան, Թուրքիան, արգենտինական մի քանի նահանգներ և ԱՄՆ-ի Մոնտանա նահանգը արգելել են ցիանիդի օգտագործումը աղքատ հանքաքարից ոսկի կորզելու համար (ծանոթություն․ աղքատ է համարվում տոննայում 2 գրամից պակաս ոսկի պարունակող հանքաքարը): 2002 թ-ից սկսած Կոստա Ռիկան արգելել է բաց եղանակով ոսկու արդյունահանումը: 2017թ-ի փետրվարին Ֆիլիպիններում էներգետիկայի նախարարը կարգադրել է ընդմիշտ փակել երկրի 41 նիկելի հանքերից 23-ը և չեղյալ է հայտարարել նոր հանքավայրերի շահագործման տասնյակ պայմանագրեր: Ապրիլի վերջին, վկայակոչելով ֆերմերներին և ձկնորսներին պաշտպանելու անհրաժեշտությունը գետերը ծանր մետաղներով աղտոտման «հավերժական վտանգից», էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ կարգելի բոլոր բաց հանքերը երկրում:
Վերջին ամիսներին հանքարդյունաբերության նկատմամբ մորատորիումներ կիրառվել են Մալայզիայում և Ուտարախանդում (Հնդկաստան) ջրի շուրջ մտահոգությունների արդյունքում: 2017թ.-ի մարտին, Կայամարկայում, Կոլումբիա, քվեարկողների 98 տոկոսը կողմ են քվեարկել իրենց շրջանում հանքարդյունաբերական ծրագրերը արգելելու համար: Պարզ չէ՝ նման արգելք ուժի մեջ կմտնի, թե ոչ, բայց հասարակության հակա-հանքարդյունաբերական տրամադրությունները հստակ ուղերձ են քաղաքական գործիչների համար:
Ի լրումն արգելքներին, բնապահպանական օրենքների խիստ կիրառումը ավելի տարածված է դարձել հատկապես Հարավային Ամերիկայում: 2016 թ. Չիլիի բնապահպանական կարգավորող մարմինը տուգանել է Անտոգաֆաստա Միներալի Լոս Պելամբրես պղնձի հանքավայրին 24 մլն դոլարով ջրի վատ կառավարման համար և կասեցրել է Կինրոս Գոլդի Մարիկունգա ոսկու հանքավայրի գործունեությունը: Արգենտինայում վերջին երկու տարիներին բազմաթիվ արտահոսքերը Բարիք Գոլդի Վելադերո ոսկու հանքում կառավարությանը ստիպել են արձագանքել: 2016 թ. դատարանները հարկադրել են Բարիքին վճարել 9.8 մլն դոլար տուգանք ցիանիդի արտահոսքի համար և 2017թ. -ի մարտին նահանգային կառավարությունը դադարեցրել է Բարիքի գործունեությունը խողովակաշարի արտահոսքի պատճառով: Բացի բրազիլական իշխանությունների հետ մի քանի տարիների ընթացքում մոտավորապես 6.2 մլրդ դոլար վճարելու համաձայնությունից, Բրազիլիայում մայր ընկերություններ Վեյլին և Բի Էյչ Բի Բիլիթոնին մեղադրանք է առաջադրվել 2015 թ Սամարկոյի երկաթի հանքաքարի պոչամբարում պատնեշի մահաբեր պայթյունի համար:
Ե՛վ ջրային վտանգները, և՛ ներկայիս օտարերկրյա ներդրումների համակարգի նկատմամբ ընդհանուր դիմադրությունը հանգեցրել են կառավարության այս որոշումներին:
Վերոնշյալ բոլոր դեպքերում համայնքներն ու կառավարությունները մտահոգություն են հայտնել ջրամատակարարման և ջրի որակի վրա հանքարդյունաբերության սպառնալիքների մասին: Բի Էմ Այ Հետազոտությունների վերջին զեկույցը կանխատեսում է, որ առաջիկա տարիներին այս մտահոգությունները շարունակելու են հանգեցնել ավելի խիստ բնապահպանական օրենքների Լատինական Ամերիկայում: Ըստ Բի Էմ Այ-ի՝ երաշտը և չոր պայմանները կուժեղացնեն հանրային վերահսկումը հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ջրի օգտագործման և կառավարման մեթոդները, որն իր հերթին կհանգեցնի մեծ ծախսերի և խիստ բնապահպանական օրենքների:
Բի Էմ Այ-ը եզրակացրել է. «Երբ ոսկու արդյունահանման բացասական գործոնները, մասնավորապես, սնդիկի և ցիանիդի ազդեցությունը ջրի աղբյուրների վրա մատնվում են անուշադրության, հասարակական կարծիքը ցանկացած հանքարդյունաբերական գործունեության մասով կարող է դրդել ծայրահեղ օրենսդրական փոփոխությունների»:
Հանքավայրերը երկարաժամկետ ներդրումներ են, որոնք շահագործման համար պահանջում են սոցիալական թույլտվություն, կամ այն համայնքի թույլտվությունը, ուր և կատարվում են ներդրումները: Երբ հասարակական կարծիքը հանքավայրի դեմ դառնում է բավականին ուժեղ, այն կարող է զրկվել այս սոցիալական թույտվությունից իր գործունեությունը ծավալելեու համար: Երբ այս հասարակական կարծիքը տեղափոխվում է ավելի մեծ իրավական դաշտ կամ ողջ երկրով մեկ, ապա դա կարող է ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի վերջիններս ուժը կորցրած ճանաչեն օրինական լիցենզիաները և թույլտվությունները:
Հյուրընկալող երկրները սովորաբար շատ են ցանկանում օտարերկրյա ներդրումներ նրանց բերած եկամուտների և զարգացման համար՝ պայմանավորված համախառն ազգային արտադրանքի, աշխատատեղերի ստեղծման և արտահանման շահույթի աճով: Սակայն հանքարդյունաբերության արգելքների և խիստ բնապահպանական օրենքների կիրառման միտումը ցույց է տալիս, որ կառավարությունները ընդունում են, որ բնապահպանական և սոցիալական ծախսերը գերակշռում են հանքարդյունաբերությունից ստացված շահույթը: Այդ ծախսերի մեծ մասն առաջանում է ջրի մատակարարման և որակի վրա արդյունաբերության սպառնալիքից:
Հանքարդյունաբերության առավել խիստ վերահսկումը կարող է նաև բացատրվել օտարերկրյա ներդրումների նկատմամբ թերհավատության աճող միտումով:
Էլ Սալվադորում հանքարդյունաբերական գործունեության նկատմամբ սոցիալական դժգոհությունը ի սկզբանե կապված էր ջրի սպառնալիքների վախի հետ, սակայն այն աճեց, երբ հանքարդյունաբերական ընկերությունը դատի տվեց կառավարությանը միջազգային առևտրային համաձայնագրերի շրջանակներում՝ փոխհատուցելու նոր հանքարդյունաբերական լիցենզիաներ տրամադրելու վրա մորատորիումին հետևելու համար:
Առևտրային համաձայնագրերը և ներդրումային պայմանագրերը վերջին տարիներին աճող դժգոհության պատճառ են դառնում աշխարհի տարբեր ազգերի կողմից: Եվրոպան կատաղի դիմադրություն է տեսել Եվրոպական միության և ԱՄՆ-ի միջև ապագա Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության դեմ: ԱՄՆ-ի ընտրությունների ժամանակ և՛ Դոնալդ Թրամպը, և՛ Հիլարի Քլինթոնը ընդիմացել են Օբամայի առաջարկած Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցությանը՝ պայմանավորված հանրային այն մտահոգություններով, որ համաձայնագրի դրույթները աշխատատեղերը կարտահանեն արտերկիր: Մի զեկույցում Սիերա ակումբն այլ բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների պես մտավախություն է հայտնել այն մասին, որ համաձայնագիրը կարագացնի կլիմայական փոփոխությունները, և որ ներդրող-պետություն վեճերի կարգավորման կետը կաջակցի արտասահմանյան ընկերություններին ի վնաս ազգային շահերի:
Ավելի աղքատ երկրներն առավել խոցելի են ներդրող-պետություն վեճերի սպառնալիքի դեպքում, քանի որ պետութւյան համար անբարենպաստ որոշումները կարող են լինել ֆինանսապես հյուծիչ (Փասիֆիկ Ռիմի պահանջած մոտ 315 մլն դոլարը Էլ Սալվադորի ՀՆԱ-ի մոտավորապես երկու տոկոսն էր կազմում): Նման մարտահրավերները նաև սպառնալիք են հյուրընկալող կառավարությունների ինքնիշխանության իրավունքի համար՝ մասնավորապես հանրային առողջության, միջավայրի և ազգային այլ շահերի պաշտպանությունը իրացնելու տեսանկյունից:
Օրինակ, Ֆիլիպ Մորիսը պահանջներ է ներկայացրել Ավստրալիայի և Ուրուգվայի դեմ, պնդելով, որ երկրների «հակածխախոտային օրենսդրությունը» արժեզրկում է ընկերության ներդրումներն այդ երկրներում: Թեև հյուրընկալող երկրները հաղթել են երկու դեպքերում էլ, վեճերը ընկալվեցին հասարակության կողմից որպես ընկերությունների համար հանրային շահերից բխող օրենքների վրա հարձակվելու և ներքին իրավական համակարգը շրջանցելու միջոց:
Հանքարդյունաբերության ոլորտում, Չերչիլ Մայնինգը որպես վնասների հատուցում 1.31 մլրդ դոլար է պահանջել Ինդոնեզիայի կառավարությունից հանքարդյունաբերական իր լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար: 2012 թ. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի տրիբունալը վճիռ է կայացրել, համաձայն որի Էկվադորը խախտել է ԱՄՆ-Էկվադոր ներդրումային երկկողմ պայմանագիրը, սահմանելով 1.77 մլրդ դոլարի հատուցում (2.3 մլրդ դոլար տոկոսներով) Էկվադորի կողմից արդյունահանման պայմանագրի դադարեցման համար:
2017թ. -ի ապրիլին Կանադայի Գրան Կոլումբիա Գոլդը դատական հայց է ներկայացրել Կոլումբիայի դեմ 700 մլն դոլարի չափով կոլումբիա-կանադական ազատ առևտրային համաձայնագրի շրջանակներում՝ վիճարկելով կառավարության որոշումը՝ դադարեցնել գործունեությունը հանքավայրում տեղի բնակիչների հետ խորհրդակցելու նպատակով: Եթե վեճը չլուծվի վեց ամսվա ընթացքում, այն պետք է տեղափոխվի Համաշխարհային Բանկի Վեճերի կարգավորման կենտրոն:
Մի շարք հյուրընկալող երկրներում, հանրությունը և քաղաքական գործիչները դժգոհություն են հայտնում թանկ ներդրումային մարտահրավերների առթիվ, իսկ մի շարք երկրներ հրաժարվել են պայմանագրերից, որոնք թույլ են տալիս օտարերկրյա ներդրողներին բողոքարկել միջազգային արբիտրաժային դատարաններում: Վենեսուելան, Էկվադորը և Բոլիվիան դուրս են եկել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի Կոնվենցիայից հստակ ազդանշան տալով, որ նրանք համաձայն չեն ներդրողների հետ վեճերի կարգավորման այս մեխանիզմի հետ: Բացի այդ, որոշ երկրներ, այդ թվում՝ Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, Էկվադորը և Հնդկաստանը, աստիճանաբար դուրս են գալիս իրենց ներդրումային երկկողմ պայմանագրերից:
Այս միտումն ամենայն հավանականությամբ կշարունակվի, քանի դեռ ընկերությունները վիճարկում են հանքավայրերի փակելու և բնապահպանական օրենքների հարցերըը միջազգային արբիտրաժային դատարաններում: Կառավարություններն, ընդունելով այսպիսի մարտահրավերները որպես իրենց քաղաքացիներին և բնական միջավայրը պաշտպանելու սպառնալիք, կարող են արձագանքել՝ դուրս գալով միջազգային ներդրումային պայմանագրերից:
Էլ Սալվադորի օրինակը ցույց է տալիս, որ ջրային պաշարների սպառնալիքներով պայմանավորված հասարակական տրամադրությունն ընդդեմ հանքարդյունաբերության և միջազգային ներդրումային ռեժիմից կառավարությունների դժգոհությունը կարող է շարունակել դրդել կառավարություններին արգելելու հանքարդյունաբերական գործունեությունները և ավելի խստորեն կիրառել բնապահպանական օրենքները:
Նորա Մարդիրոսյանը իրավաբան է՝ բիզնես և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հարուստ փորձով: Նա աշխատում է որպես քաղաքական վերլուծաբան Կոլումբիայի ջրային կենտրոնում՝ ուսումնասիրելով հանքարդյունաբերության սպառնալիքները ջրի ոլորտում:
Թարգմանությունը՝ Լիլիթ Գևորգյանի