News

Ալավերդու պղնձաձուլարանի մահվան շունչը․ ընտրություն մտահոգիչ առողջական խնդիրների և աշխատանքի միջև

Հոկտեմբերի 31-ին համացանցում լուսանկարներ տարածվեցին, որոնցում պարզորոշ երևում էր, թե Ալավերդի քաղաքն ինչպես է պատվել պղնձաձուլարանից արատանետվող թունավոր գազերով հագեցած խիտ մշուշով։ Այդ ահազանգին արձագանքեց նաև լրագրող Մարիաննա Գրիգորյանը, ով մեզ տրամադրեց 10 տարի առաջ Ալավերդի քաղաքի էկոլոգիական և առողջապահական խնդիրների վերաբերյալ իր և Արփի Հարությունյանի կատարած հետաքննությունը։

Մարիաննա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում նաև գրառում է կատարել․ «Այս հետաքննությունը կատարել ենք շուրջ տաս տարի առաջ, տեղյակ եմ, որ դրանից հետո առանձնապես շռայլ չեն եղել տվյալներ տրամադրելու գործում։ Այս հետաքննությունների շարքերը միջազգային լրագրության մեջ գլխավոր մրցանակների են արժանացել, սակայն Հայաստանում որեւէ փոփոխության չեն հանգեցրել։ Տաս տարի առաջ ինտերնետի հնարավորությունները խիստ սահմանափակ էին, միգուցե այսօր այլ ուժ ունենար նման հետաքննությունը»։

Ներկայացնում ենք հետաքննության հայերեն տարբերակը․

6

«Երբ Ալավերդու պղնձաձուլական կոմբինատին կից Սպանդարյան թաղամասում ապրող բժիշկներն ուշանում են առավոտյան խորհրդակցությունից, հիվանդանոցի տնօրենը նախեւառաջ անհանգստանում է նրանց երեխաների համար: Իսկ նման դեպքերը Հայաստանի հյուսիսում տեղակայված այս քաղաքում հաճախակի են լինում: Անհանգստությունը մեծանում է հատկապես այն օրերին երբ մշուշոտ ու ծխապատ են Ալավերդու լուսաբացները:

«Աշխատանքից ուշանալու պատճառը ոչ տրանսպորտն է, ոչ էլ սովորույթը: Աշխատանքի գալու փոխարեն նրանք իրենց երեխաների քթի արյունահոսությունն են դադարեցնում: Բոլորն էլ գիտեն, թե դա ինչի հետեւանք է»,-հոգոց է հանում Ալավերդու հիվանդանոցի տնօրեն Համլետ Շահինյանը` մատնացույց անելով քաղաքի հյուսիսային մասում օրվա բոլոր ժամերին արտանետումներով ծխացող պղնձաձուլական կոմբինատի երկար խողովակը:

Երեւանից մոտավորապես 190 կմ հեռավորության վրա բնակվող 22 000 ալավերդցիների համար պղնձաձուլական կոմբինատը եւ հույսի ու գոյատեւման աղբյուր է, եւ խնդիրների խնդիր ու դանդաղ մահ: Մշտապես մատնացույց արվող ծխատար խողովակը, ըստ ալավերդցիների, եւ կյանք է տալիս իրենց, եւ կյանք խլում:

«Ալավերդու բազմաթիվ խնդիրների ի հայտ գալը մեծամասամբ կապված է կոմբինատի անվերահսկելի արտանետումների եւ դրա հետեւանքով առաջ եկած աղտոտված շրջակա միջավայրի հետ»,- ասում է Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը,-«Ծխի ազդեցության ու հետեւանքների մասին բոլորն էլ գիտեն»:

Սանահինում բնակվող Էվոյանների ընտանիքը ասում է, որ իրենց մաշկի վրա են զգացել այդ ազդեցությունը: Էվոյանների հարսը` 23 ամյա Սիրամարգը, 2005թ.-ի հոկտեմբեր ամսին ստիպված էր ընդհատել 7 ամսական հղիությունը, քանի որ բժիշկները գերձայնային ստուգմամբ հայտնաբերեցին, որ պտուղը կյանքին անհամատեղելի արատ ունի՝ անենցոֆալիա (Anencephalia), այսինքն` բացակայում է ուղեղի հատվածը: Էվոյանները համոզված են, որ տեղի ունեցածը կոմբինատի անվերահսկելի արտանետումների արդյունք է:

«Հղիության ընթացքում ես ինձ շատ վատ էի զգում, շնչահեղձ էի, լինում, չէի կարողանում շնչել, օդ չկար»,-հիշում է Սիրամարգը՝ նշելով, որ 2000 թվականին, երբ հղի էր առաջին երեխայով, նման զգացողություններ չուներ: Իսկ 2000 թվականին կոմբինատը գործում էր շատ փոքր հզորությամբ:

Կառլեն Էվոյանն ասում է, որ տեղի ունեցածը ողբերգություն էր իր ընտանիքի համար:

«Քաղաքի օդում մկնդեղի պարունակությունն ու խիստ վնասակար տարրերը լիքն են»,-ասում Էվոյանը,-«Մի քանի տարվա ընթացքում խնձորի այգիս, որը տարեկան մինչեւ 4 տոննա բերք էր տալիս, լիովին չորացավ: Սանահինը ծխի քթի տակ է, ու ազդեցությունն անմիջական է թե բնության եւ թե մարդկանց վրա: Այստեղ շատերը մեղվաբուծությամբ են զբաղվում, սակայն մեղուները տարիների հետ կոտորվել են»:

Ալավերդու եւ շրջակա բնակավայրերի բնակիչները իրենց «սերունդին» վնասելու մեջ միաձայն մեղադրում են կոմբինատին: Մինչդեռ կոմբինատի ներկայացուցիչներն իրավիճակի այլ պատկեր են տալիս:

«Ամեն ինչ վերահսկվում է: Ներկայումս գործարանն աշխատում է նախկինի համեմատ մեկ քառորդի հզորությամբ, 2000 թվականի հունվարից սկսած արտադրում ենք սեւ պղինձ»,-ասում է ԷՅ-Սի-ՓԻ» «Հայկական պղինձ ծրագիր» ՓԲԸ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ընդհանուր հարցերի բաժնի վարիչ Անդրանիկ Ղամբարյանը:

Սակայն, ի տարբերություն կոմբինատի ղեկավարության պնդումներին, Առողջապահության նախարարության տրամադրած վիճակագրությունը պարզ արտացոլում է, թե ինչպիսի խնդիրներ են սկսում 2000 թվականից հետո: Եթե 1992 թվականին, երբ գործարանը չէր աշխատում, չի արձանագրվել ոչ մի արատավոր ծնունդի դեպք, ապա 2001 թվականին Ալավերդիում գրանցվել է բնածին շեղումով (զարգացման արատներ) 28 դեպք, իսկ 2004 թվականին այդ թիվն աճել է մոտավորապես 5 անգամ` հասնելով 107:

«Ինչ խոսք, արատների ի հայտ գալը մեծապես կապված է աղտոտված բնապահպանության հետ, քանի որ, արտանետվող գրեթե բոլոր նյութերն էլ ի վիճակի են օրգանիզմում խեղաթյուրումների եւ արատների պատճառ հանդիսանալ»,-ասում է առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության, մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը:

Հակառակն է պնդում կոմբինատի ներկայացուցիչ անդրանիկ Ղամբարյանը

«Դրանք սուտ տեղեկություններ են»,-ասում է Ղամբարյանը,-«Ոչ մեկը չի կարող բացառել, որ արտանետումները կան, բայց դա վնաս չի տալիս: Մարդիկ նախանձից են նման լուրեր տարածում, քանի որ ներկայումս գործարանը, ի տարբերություն անցյալի, 10 անգամ քիչ աշխատողներ ունի եւ մարդիկ գործազուրկ են»:

Ալավերդու ծննդատան գլխավոր բժիշկ Ամալյա Ազատյանը գիտի, որ գործազրկությունը Ալավերդու համար խնդիր է, սակայն իր փորձն ու ամեն ամիս ի հայտ եկող խնդիրները նույնիսկ զարմացնում են փորձառու բժշկին: Ըստ նրա` երբ ինքը ամեն անգամ հաշվետվության համար գնում է Առողջապահության նախարարություն, մասնագետները հանկարծակիի են գալիս` տեսնելով արատների եւ առողջական խնդիրների վիճակագրության երկար ցուցակը:

«Վերջին մի տարվա ընթացքում հայտանբերել ենք հիդրոցեֆալիա hidrocefalia (Երբ ուղեղի փոխարեն պտղի մոտ ջուր է` ուղեղի գերջրություն), անենցաֆալիա` գլխի դիմային մասը կա, իսկ ուղեղը չկա, ողնաշարի ճողվածք, «երկու գլխանի» պտուղ (գլխանման պարկ լցված ջրով) եւ այլ արատներ»,-ասում է Ամալյա Ազատյանը,-«Դրանք հիմնականում կյանքին անհամատեղելի արատներ են, եւ մինչեւ ծննդաբերությունը արհեստական վիժում է կատարվում»:

Ազատյանն ասում է, որ նման արատների առկայության դեպքում արդեն սովորական են դիտվում, օրինակ, գայլի երախով ու նապաստակի շրթունքով, առանց ուս կամ մարմնից միանգամից ներաճած ոտքի թաթով արատավոր երեխաների ծնունդները, որոնք կյանքի հետ համատեղելի են:

«Ես պատասխան չունեմ այն հարցին, թե ինչն է նման արատների պատճառը, քանի որ ամբողջական վերլուծություն գոյություն չունի: Սակայն վստահ եմ, որ աղտոտված շրջակա միջավայրն իր տեղն ունի այս ամենի մեջ: Դա ազդում է մարդու վրա, իսկ հղիներն ավելի զգայուն են, էլ չեմ ասում պտղի մասին,-ասում է Ամալյա Ազատյանը,-Այս տարի վիճակն արդեն սարսափելի է, ունեցել ենք այն բոլոր ցայտուն արատներով դեպքեր, որոնք նախկինում չկային»:

Գլխավոր բժիշկն ասում է, որ մինչեւ անցյալ տարվա մայիս ամիսը հիվանդանոցը սարքավորումներ չի ունեցել, սակայն հաշվի առնելով տիրող իրավիճակը` առողջապահության նախարարությունը հիվանդանոցին ժամանակակից գերձայնային սարքավորումներ է տեղադրել: Արդյունքում, արատներն ավելի վաղ շրջանում են հայտանբերվում:

«Հղիների խնդիրներն ու անոմալ ծնունդներն այնքան հաճախակի են դարձել, որ կանայք, երբ առաջին անգամ գալիս են գերձայնային հետազոտության, առաջին հերթին հետաքրքրվում են, իրենց երեխան նորմալ է՞, թե՞ արատավոր»,-ասում է Ալավերդու ծննդատան կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանը:

Մասնագետները հավաստում են, որ առողջության խնդիրը շատ լուրջ է Ալավերդիում ոչ միայն այս ոլորտում: Ըստ վիճակագրության, բացի պերինատալ շրջանում առաջացած արատներից ու հիվանդություններից, վերջին մի քանի տարում ավելացել են նաեւ չարորակ գոյացություններ ունեցող մարդկանց թիվը:

Ալավերդու պոլիկլինիկայի տվյալների համաձայն` եթե 2002թ-ին գրանցվել է 360 դեպք, ապա 2003-ին արդեն 392 եւ 2004-ին` 411:

Գրեթե նույն պատկերն է շնչառական հիվանդությունների պարագայում. Եթե 2001-ին գրանցվել է շնչառական հիվանդություններով մինչեւ 14 տարեկան 697 երեխա, ապա 2003-ին այդ թիվը կրկնապատկվել է` հասնելով 1389:

Պոլիկլինիկայի տնօրեն Սվետլանա Քառյանը ուղղակի կապ չի տեսնում էկոմիջավայրի եւ հիվանդությունների միջեւ, բայց փաստում է, որ արտանետումները թուլացնում են մարդկանց իմունիտետն ու հիվանդությունների ընկալման նպաստավոր օջախ ստեղծում:

«Շրջակա միջավայրի իրավական պաշտպանություն» հկ-ի նախագահ Աիդա Իսկոյանը հիշում է, որ 1997թ. Ալավերդու բժիշկները, լրագրողները դիմել են իրենց կազմակերպություն` կոմբինատի արտանետումները կանխող քայլեր ձեռնարկելու համար:

«Մարդիկ պատմում էին, որ Ալավերդիում հիվանդությունները, մահացությունները շատացել են: Մենք էլ դիմեցինք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, որ ուսումնասիրենք հիվանդությունների եւ արտանետվող գազերի պատճառական կապը:,-պատմում է Ա. Իսկոյանը,-Սակայն ծրագիրը կասեցվեց, քանի որ մարդիկ մտավախություն ունեին, որ ուսումնասիրությունների արդյունքում կոմբինատը կփակվի: Իսկ ազգաբնակչությունը համաձայն չէր դրա հետ, քանի որ սոցիալական խնդիր կար: Իսկ մաքրող սարքավորումներ տեղադրելու մասին խոսք չկար. կոմբինատը նշում էր, թե հնարավորություններ չունի»:

Ըստ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի` եթե կոմբինատը վերահսկի արտանետումները, եւ շրջակա բնությունն ու բնակչությունը չզգա արտանետումների անմիջական ազդեցությունը, ամեն ինչ նկատելիորեն նորմալ կլինի: «Ոչ մեկն էլ չի ուզում, որ կոմբինատը փակվի, ոչ մեկ չի պատկերացնում Ալավերդին առանց կոմբինատի»,-ասում է Արթուր Նալբանդյանը` ակնարկելով որ հարյուրավոր ընտանիքների աշխատանքով ապահովելուց զատ, կոմբինատը քաղաքի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի:

Ալավերդի քաղաքի ստեղծման պատմությունը անմիջականորեն կապվում է պղնձի հանքերի հետ: Անցյալի էջերը տեղեկացնում են, որ ավելի քան 200 տարի առաջ հայտնաբերված հանքերի շուրջ հարակից գյուղերից հավաքված աշխատուժն էլ ձեւավորել է Ալավերդու նախնական բնակչությանը: Տարիներ շարունակ գոյություն ունեցող ավանը 1963 թվականին վերածվել է քաղաքի: Արդեն կայացած եւ հստակ արտադրանք ունեցող կոմբինատը ԽՍՀՄ-ի տարիներին իր ձեւի մեջ խոշորագույններից էր միութենական մասշտաբով: Կոմբինատի պատմությունը հավաստում է, որ միայն 1970-80 ականներին տարեկան արտադրվում էր 55 հազար տոննա կատոդային զտված պղինձը, ինչը աննախադեպ ցուցանիշ է:

«80-ականների վերջին արտադրության ծավալների մեծացման հետ զգալիորեն մեծացան եւ կոմբինատի արտանետումները. ծծմբային անհիդրիդի չափը տասնյակ անգամներ գերազանցեցին սահմանված թույլատրելի արժեքը,-պատմում է «Դեբեդ» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, Ալավերդի քաղաքի ԶԱԳՍ-ի պետ, 1988թ. Էկոլոգիական շարժման ղեկավար Ռաֆիկ Ղազինյանը:

Ղազինյանը հիշում է, որ այդ տարիներին ջրախառն արտանետումները լցվում էին նաեւ Դեբեդ գետը, որի ջրով ոռոգվում էին այգիները: Դրա պատճառով մրգերի մեջ թունավոր նյութերի պարունակությունը, պաշտոնական տվյալների համաձայն, գերազանցում էր թույլատրելի սահմանը 40-50 անգամ: «Այդ տարիներին Դեբեդը դարձավ մեռյալ գետ. կենդանական աշխարհը վերացավ»,-ասում է նա:

1988թ. ստեղծված էկոլոգիական ճգնաժամի, ինչպես նաեւ ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում կոմբինատը փակվեց: Կոմբինատի անգործության շրջանում գործարանն ամբողջությամբ թալանվեց, արտանետումները սինթեզող թանկարժեք ֆիլտրերը վաճառվեցին չնչին գումարներով: Իսկ 1989-ին սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ բնապահպանական նկրտումներից ելնելով` կառավարությունը կոմբինատը լուծարելու մասին որոշում ընդունեց:

Հետագա 8 տարիների ընթացքում, ավելի քան 5000 ալավերդցիները կորցրին իրենց աշխատանքը: Սակայն քաղաքի բնակիչները հաճելիորեն զարմացան, որ խոտը Ալավերդիում նույնպես կարող է կանաչ գույն լինել, իսկ շնչելն՝ ավելի հեշտ: Բայց Ալավերդու «կանաչ խոտը եւ վերածնվող բնությունը» երկար չապրեց:

1997 թվականին կոմբինատը կրկին վերագործարկվեց գործարար ռուսաստանաբնակՎալերի Մեժլումյանի կողմից: (Ի դեպ Մեժլումյանը ապրում է Մոսկվայում, իսկ կոմբինատի բարձրաստիճան ղեկավարների մեծ մասի ընտանիքները բնակվում են կամ Երեւանում, կամ Վանաձորում):

«Երբ կոմբինատը դադարեցրեց գործունեությունը, սարուձորերը մի քանի տարում կանաչեցին»,-ասում է Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Սակայն 1997-ին, երբ կոմբինատը վերագործարկվեց, խնդիրները մի քանի անգամ ավելացան: Ալավերդին դարձավ գազախցիկ, ուր մարդկանց խեղդում են»:

1997-ին կոմբինատը վերագործարկվեց առանց ֆիլտրի, եւ արտանետումներն ուղղակիորեն սկսեցին լցվել մարդկանց օրգանիզմները: «Մեր քաղաքը ձորի մեջ է, եւ կոմբինատի արտանետումները լցվում են մթնոլորտ եւ մնում քաղաքի վրա. Այդ երեւույթը կոչվում է սմոգ»,-բացատրում է Ռաֆիկ Ղազինյանը: Հարյուր մետր բարձրությամբ սպիտակ խողովակով օրը 24 ժամ ծծմբային անհիդրիդ է արտանետվում, որի արդյունքում Ալավերդիում եւ շրջակայքում բնություն գրեթե չկա. չորանում են ծառերը, թփերը, նույնիսկ խոտը, պարսերով սատկում են մեղուները:

«Կոտորվում ենք»,-ասում էն ալավերդցիները՝ ակնարկելով կոմբինատի արտանետումներն ու իրենց ինքնազգացողությունը: Սպանդարյան թաղամասում տների ու շենքերի դուռ ու լուսամուտները գրեթե միշտ ամուր փակված են: «Մարդիկ միամտորեն կարծում են, թե դուռ ու պատուհան փակելով ապահովագրում են իրենց հարեւանությամբ անդադար օդ բարձրացող արտանետումների սպիտակ ամպերից, բայց ոչ մի բան էլ չի փրկում»,-ասում է Ալավերդու բնակիչ բժիշկ Հովիկ Ավետիսյանը, որը սեփական փորձից գիտի, թե ինչ ազդեցություն են ունենում «թանձր ու ծանր» մառախուղները թե մեծահասակների եւ թե հատկապես երեխաների վրա:

Ալավերդու գլխավոր մանկաբույժ Արմեն Խաչատրյանը հավաստում է, որ բացի արյունահոսությունից, մանուկների մոտ առկա են նաեւ այլ խնդիրներ: Նա երբեմն չի հասցնում լսել բոլոր գանգատները, քանի որ շատ դեպքերում իր դռան մետ հերթեր են գոյանում: «Երեխաների դիմադրողականությունն ընկած է եւ նրանք ընկալունակ են տարբեր հիվանդությունների հանդեպ»,-ասում է Արմեն Խաչատրյանը,-»Հատկապես լայն տարածում ունեն շնչառական, ինֆեկցիոն, հիվանդությունները, կանայք դժվարությամբ են տանում հղիությունը»:

Բնապահպանները, առողջապահության մասնագետները եւ քաղաքի ղեկավարները միաձայն փաստում են, որ կոմբինատի վերաբացվելը կարող է կործանարար լինել շրջակա միջավայրի եւ մարդկանց կենսունակության տեսանկյունից: Նրանք նկատում են, որ կոմբինատի արտանետումները ավելի ցայտուն են դարձել հատկապես վերջին տարիներին:

«Կոմբինատի վերագործարկումից հետո սկսվեցին խնդիրները»,-ասում է 1989-91 թթ-ին Ալավերդու քաղաքապետի պաշտոնակատար, «Կանանց աջակցության կենտրոնի» նախագահ Լարիսա Փարեմուզյանը,-«Թեեւ սկզբից եւեթ կանխատեսելի էր, թե ինչի է հանգեցնելու առանց ֆիլտրերի արտադրանք տալը, սակայն իրականությունը գերազանցեց մեր մտավախությունը>:

1996թ. Ալավերդու Պղնձաձուլական կոմբինատը վերագործարկվեց «Մանես-Վալեքս»` ներկայիս «ԷյՍիՓի»(Հայկական Պղինձ ծրագիր) ընկերության կողմից սեփականաշնորհում կատարելուց հետո: Չնայած կոմբինատը վերագործարկվեց 96-ին՝ փորձարկումային արտադրանքով, սակայն պղնձի իրական արտադրությունը սկսեց 2000թ.-ին՝ փակումից 11 տարի անց: Կոմբինատի գործարկումը, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, անմիջական ազդեցություն ունեցան թե Ալավերդու էկոմիջավայրի, եւ թե մարդկանց առողջության վրա:

Ըստ Բնապահպանության նախարարության տրամադրած տվյալների, եթե 1990-97 թթ.-ին Ալավերդու օդային ավազանում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել թույլատրելի սահմանը, ապա փորձարկումային արտադրանք թողարկելուց մեկ տարի անց՝ 1998թ.-ին, ծծմբի երկօքսիդի պարունակությունը արդեն գերազանցել է թույլատրելի սահմանը 4,2 անգամ: Իսկ 2005թ.-ին, ինչպես հավաստում է ԲՆ Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի տրամադրած վերլուծությունը, գերազանցումը հասել է 10,6-ի:
7

«2005թ.-ին ծծմբի երկօքսիդի միջին կիսամյակային կոնցենտրացիան դիտվել է բարձր աղտոտվածության սահմաններում. թույլատրելի նորման գերազանցել է 10,6 անգամ». նշված է Բնապահպանության նախարարության տրամադրած գրությունում: Մինչդեռ 1988-ին, երբ ստեղծված էկոլոգիական ճգնաժամի արդյունքում փակվեց կոմբինատը, ծծմբային անհիդրիդը օդային ավազանում գերազանցում էր սահմանված թույլատրելի կոնցենտրացիան 7,2 անգամ, այսինքն` ավելի քիչ, քան 2004(9,6 անգամ) եւ 2005(10,6 անգամ)թթ.-ին:

Այս փաստը եւս մեկ անգամ հաստատում է նախարարության Հաշվառման եւ վերլուծության բաժինը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2004թ. Ալավերդում ծծմբային անհիդրիտի ծավալը թույլատրելի չափաքանակից ավել է եղել 17732,24 տոննայով, անօրգանական փոշին` 122,06 տոննայով, 2005-ի առաջին ինը ամիսների ընթացքում ծծմբային անհիդրիտի ծավալը գերազանցել է 13802,06 տոննայով, փոշին` 63,02 տոննայով: Ըստ բնապահպանության նախարարության տվյալների` Ալավերդում վնասակար նյութերի արտանետումները գերազանցումները չեն սահամանփակվում միայն ծծմբի երկօքսիդով: Թույլատրելի սահմանից ավելի արտանետվում է նաեւ փոշի, կապար, ցինկ, արսեն:

«Արսենը խիստ վտանգավոր տարր է, եւ դարեր ի վեր հայտնի է որպես սպանությունների եւ ինքնասպանությունների միջոց»,-բացատրում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի համաճարակաբան Էմմա Անախասյանը: Ըստ մասնագետի` նշված բոլոր տարրերը ի վիճակի են առաջ բերելու լորձաթաղանքի բորբոքումներ, շնչառական խնդիրներ առաջացնել, ինչպես նաեւ մտավոր ունակությունների եւ իմունային համակարգի վրա ազդել:

«Արտադրության ընթացքում անջատվում է անագ, կապար, կադմիում, երկաթ, մոլիբդեն, արսեն՝ մկնդեղ: Արսենի եւ ծծմբային անհիդրիդիի միացությունը, ինչպես նաեւ կադմիմումը համարվում է քաղցկեղածին:Վերջինս ազդում է նաեւ երիկամների վրա: Իսկ կապարը դասվում է չափազանց թունավոր նյութերի շարքին եւ ազդում է մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա. հետեւաբար, կարող են առաջ բերել այլանդակածնություն, անոմալիաներ»,- բացատրում է Ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի արդյունաբերական թունաբանության լաբորատորիայի ղեկավար Էմիլ Բաբայանը:

Ըստ Էմիլ Բաբայանի`վերոնշյալ տարրերի ազդեցությունը մեծ է նաեւ նյարդային համակարգի եւ երեխաների մտավոր զարգացման վրա։ Ինստիտուտի կատարած հետազոտությունները պարզել են, որ Ալավերդու մանկապարտեզներում երեխաները մտավոր ունակություններով 7-10 բալով նորմայից հետ են մնում:

Առողջապահական ու բնապահպանական աղետալի իրավիճակի պատճառը հանդիսացող պղնձաձուլական կոմբինատի ղեկավարությունը հավաստիացնում է, որ մոտ ապագայում տեղադրվելու են ֆիլտրեր, որոնք կանխելու են օդային ավազանի աղտոտումը: «2007-2008 թթ-ի վերջերին երկու փուլով կգործարկվեն ֆիլտրերը, որոնք կլուծեն էկոլոգիայի խնդիրը, Տեխնիկան բերում են Սլովակիայից: Մի մասը նոր է, մի մասը օգտագործված»-ասում է Էյ Սի Փի ընկերության լրատվական բաժնի ղեկավար Թագուհի Կարապետյանը:

Մինչդեռ Ալավերդու քաղաքային իշխանության որոշ օղակներ (ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները) փաստում են, որ ներկրվող սարքավորումներն արտադրությունից դեմոնտաժված են եւ, ըստ էության, խոտան :

«Դա կարող էին անգամ անվճար տալ, քանի որ անպիտան են այլեւս: Իսկ իրականում այդ սարքավորումների արժեքը 40-50 մլն դոլար է: Ու կոմբինատը, հաստատ, նման գումար չի վճարի բնապահպանության եւ մարդկանց առողջության խնդիրները թեթեւացնելու համար»,-միանգամայն համոզված նշում են նրանք»:

Արփի Հարությունյան
Մարիաննա Գրիգորյան
04․28․2006

Հ․Գ․ Ալավերդիում և Հայաստանի մնացած հանքարդյունաբերական գոտիներում կատարված այլ հետազոտություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Share Button
Tagged: , ,