News

Պոլիէթիլենային տոպրակներ և պլաստիկ շշեր՝ հարմարավետություն էկոլոգիայի հաշվին (առաջարկություններ)

2

Պոլիէթիլենային տոպրակները սովորաբար միջինում օգտագործվում են 1-20 անգամ, սակայն քայքայվում են 100-400 տարի: Աշխարհում աղբի 75 տոկոսը պոլիէթիլենային տորպակներն են: Տարեկան 8 միլիարդ տոննա պլաստիկ թափվում է օվկիանոսները: Արդյունքում համաշխարհային օվկիանոսն այսօր 150 միլլիոն տոննա պլաստիկով է ծանրաբեռնված (ըստ բրիտանական բնապահպանական “Ellen MacArthur Foundation”-ի): Արդեն հաշվարկվում է, որ 2025 թվականին օվկիանոսներում պլաստիկ և ձուկ հարաբերակցությունը կլինի 1:3, իսկ 2050 թվականին օվկիանոսներում պլաստիկը կգերազանցի ձկնապաշարներին: Պլաստիկե աղբի պատճառով տարեկան միլիոնավոր թռչուններ և տասնյակ հազար ծովային կենդանիներ են սատկում:

Պոլիէթիլենից արդեն իսկ հրաժարվել են ԱՄՆ-ի Լոս Անջելես, Սան Խոսե և Սան-Ֆրանցիսկո քաղաքներում: Ավստրալիայում 2008 թվականից հանրախանութներում արգելվում է անվճար պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը: Իռլանդիայում յուրաքանչյուր պոլիէթիլենային տոպրակի գնման համար լրացուցիչ 15 տոկոս վճարելը դրանց օգտագործումը կրճատել է 75-90 տոկոսով: Իտալիան արգելել է օգտագործել մեկ անգամ կիրառվող պոլիէթիլենային տոպրակները 2012 թվականին՝ մասամբ բնապահպանական, մասամբ էլ տնտեսական նկատառումներով, որպեսզի զարկ տա կենսաբանորեն քայքայվող պոլիէթիլենային տոպրակների արտադրմանը, իսկ Եվրոպական միությունը վերջերս օրենք է ընդունել այդ նույն պոլիէթիլենային տոպրակները գալիք 15 տարիների ընթացքում 80 տոկոսով կրճատելու մասին:

Վերջին նախաձեռնությունն էլ եղավ Ֆրանսիայում, որտեղ օրեր առաջ օրենք ընդունվեց, որով արգելվեց պոլիէթիլենային տոպրակների կիրառումը հանրախանութների դրամարկղներում, իսկ 2020 թվականից կարգելվի նաև պլաստիկ ամանեղենի կիրառումը:

Այժմ անրադառնանք մեր երկրին։ Համաձայն ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները, հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։

3

Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների Հայաստանի Հանրապետության տարածք տարեկան ներմուծվում է ավելի քան 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ` 373 ներկրող կազմակերպությունների կողմից, իսկ արտադրվում է ավելի քան 201 տոննա` 5 կազմակերպությունների կողմից: Այսինքն տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ կամ մեկ բնակչի հաշվով մոտ 0.25 կգ:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, և այն կարևոր փաստը, որ մեր երկրում բացակայում կամ աննշան են պլաստիկ աղբի վերամշակման ծավալները, ինչպես նաև ելնելով պետության միջազգային պարտավորություններից բնական միջավայրի և մարդու առողջության համար նպաստավոր պայմանների պահպանման ասպարեզում, այս հարցով մտահոգ քաղաքացիներս առաջարկում ենք Հայաստանում ձեռնարկել հետևյալ առաջնահերթ միջոցառումները՝

ա. սահմանափակել պոլիէթիլենային տոպրակների արտադրությունն ու վաճառքը (պոլիէթիլենային տոպրակների արտադրության, օգտագործման և վաճառքի դիմաց կիրառել հարկեր, պոլիէթիլենային տոպրակները խանութներում դարձնել վճարովի և իրականացնել այլ տնտեսական քայլեր),

բ. խթանել պոլիէթիլենին այլընտրանքների արտադրությունը (որը բնության մեջ կենթարկվի կենսաբանական քայքայման) և կիրառել բազմակի օգտագործման փաթեթավորման նյութերի արտադրության, վաճառքի ու օգտագործման ծավալների աճին նպատակաուղղված տնտեսական մեխանիզմներ,

գ. գործուն քայլեր ձեռնարկել աղբի տեսակավորման և վերամշակման պետական քաղաքականություն մշակելու և վարելու ուղղությամբ։ Ամենուր սկսել տեղադրել առանձնացված աղբարկղեր՝ աղբի տարբեր տեսակների համար, ինչպես նաև կատարել բնակչության իրազեկում այս ասպարեզում (սոցիալական տեսահոլովակներ, տեղեկատվական վահանակներ, թռուցիկներ, չտեսակավորման համար տուգանքներ և այլն),

դ. լուրջ աջակցություն ցուցաբերել աղբի վերամշակումով (պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր, թուղթ, ստվարաթուղթ և այլն) արդեն զբաղվող և ցանակություն ունեցող ընկերություններին՝ ընդհուպ մինչև հարկերից ազատելն ու միջազգային դրամաշնորհների հայթհայթելը,

ե. աղբավայրերում առանձնացնել տարածքներ, որտեղ կհավաքվի միայն պոլիէթիլենային աղբը, ինչն էապես կհեշտացնի վերամշակող ընկերությունների գործը,

զ. պլաստիկե տարաներով տարբեր հեղուկներ վաճառող խոշոր ընկերություններին կառավարության որոշումով պարտավորեցնել ապահովել այդ տարաների հետ ընդունման գործուն մեխանիզմներ,

է․ բոլոր տեսակի կրթական և նախակրթական համալիրներում տեղադրել պլաստիկի ու թղթի համար առանձնացված աղբամաններ և անցկացնել բացատրական դասընթացներ այս թեմայի շուրջ։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Ֆեյսբուքյան էջ`           https://www.facebook.com/armecofront

Յութուբյան ալիք`       http://www.youtube.com/user/armecofront

Էլ. փոստ`                    armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,