News

Ինչո՞ւ են պետական մարմինները կրծքով պաշտպանում «ԱՏ-Մետալս» ընկերությանը

TashtunՀԲՃ-ն դեռ անցած տարվա ամռանն էր ահազանգել պետական և իրավապահ մարմիններին այն մասին, որ ԱՏ-Մետալս ընկերությունը, չունենալով ՀՀ օրենքներով պահանջվող համապատասխան թույլտվությունները, Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում սկսել է հանքաքարի վերամշակման գործարանի կառուցումը: Չնայած բնապահպանության և քաղաքաշինության նախարարությունները պաշտոնապես հաստատեցին այդ անօրինակնության փաստը՝ շինարարությունը շարունակվեց, իսկ իրավապահ մարմիններն էլ աչք փակեցին մեր հետագա դիմումների վրա (մանրամասները այստեղ):

Հիմա էլ այդ նույն օրինախախտ ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացրել Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրն ու ամեն կերպ փորձում է իրականություն դարձնել այն: Նրանց այդ մեծ ցանկությունը հասկանալի է. չէ՞ որ հերթական անգամ հնարավորություն է ստեղծվում մեր ընդերքի պաշարների թալանն իրագործելու և վնասակար թափոնները մեզ նվեր թողնելու համար:

Շատ զարմանալի է բնապահպանության նախարարության իրական պահվածքն այս ամբողջ գործընթացում՝ հատկապես նորանշանակ նախարարի դրական հայտարարությունների համատեքստում: Հերիք չէ բնապահպանության նախարարությունում աչք փակեցին նախորդ ակնհայտ խախտումների վրա, հիմա էլ փորձաքննության գործընթացն անցկացվում է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի խախտումով: Այդ օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների պահանջների համաձայն, մինչև մասնագիտական լսումներն իրականացնելը ազդակիր համայնքներում պետք է կազմակերպված և անցկացված լինեին թվով 2 հասարակական լսումներ։ Սակայն այս անգամ ևս, ինչպես նախկինում գրանցված բազմաթիվ այլ դեպքերում, անցկացվել էր այդ լսումներից ընդամենը մեկը, ինչը օրենքի կոպիտ խախտում է։ Չնայած նրան, որ մենք հստակ պահանջեցինք չխախտել օրենքն ու դադարացնել այս լսումները, բնապահպանության նախարարության փորձագետը որոշեց ամեն դեպքում անցկացնել դրանք։

Բացի այդ, այս անօրինական լսումների ընթացքում նախարարության ներկայացուցիչ Արամ Աղասյանը դիմում է մանիպուլացիաների՝ ասելով, թե Արևիկ ազգային պարկի սահմանները ճշտված չեն, և ինքը կուզենար, որ Մեղրասարի հանքավայրի տարածքը հետագայում չընդգրկվեր դրա մեջ։ Հիշեցնենք, որ դեռևս կառավարության 2009թ.-ի հոկտեմբերի 15-ի 1209-Ն որոշման 7-րդ կետի 3-րդ մասի պահանջների համաձայն (որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ), բնապահպանության Arevikնախարարության վրա պարտավորություն էր դրված 2010 թ.-ի ընթացքում ապահովել Արևիկ ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտևորման սխեմայի կազմումը, ազգային պարկի ու դրա պահպանման գոտու սահմանների ճշտումը, և դրանք պետք է հաստատեր ՀՀ կառավարությունը։ Եթե նախարարությունն ու կառավարությունը բարի չեն եղել կատարելու իրենց իսկ ընդունած որոշումները, ուրեմն առավել ևս Մեղրասարի հանքավայրի նախագծին ոչ ոք իրավունք չունի տալ դրական եզրակացություն։

Ամեն դեպքում, մեր ձեռքի տակ առկա կոորդինատների և Արևիկ ազգային պարկի կանոնադրության համաձայն՝ Մեղրասարի հանքավայրը գտնվում է ազգային պարկի և նրա պահպանման գոտու տարածքում։

Փաստացի, մի կողմից KFW գերմանական զարգացման բանկը 8.2 միլիոն եվրո է տրամադրել այդ տարածքում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման համար, մյուս կողմից այդ նույն տարածքներում փորձ է արվում շարունակել ընդերքի շահագործումը:

Մնում է միայն պարզել, թե ինչու են պետական մարմինները կրծքով պաշտպանում ռուսական ծագում ունեցող ԱՏ-Մետալս ընկերությանը, աչք փակում բոլոր օրինախախտումների վրա՝ վտանգի ենթարկելով Արևիկ ազգային պարկն ու Մեղրի գետի ավազանը:

Մանրամասները տեսանյութում՝

Share Button

Մեկնաբանություն

comments