News

2004-ին շահագործման հանձնված Սպանդարյան-Կեչուտ ջրատար թունելն այդպես էլ մեկ լիտր ջուր անգամ չի տեղափոխել Սևանա լիճ

Ձեզ ենք ներկայացնում Սևանա լճին վերաբերող վերլուծական հերթական հոդվածը՝ թե ինչու այդպես էլ չիրականացան «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 12 տարում մոտ 2 մլրդ խմ լրացուցիչ ծավալի ջուր տեղափոխելու իշխանության սին խոստումները։

Ավելին՝ վերջին 6 տարում (2011-2016 թթ.) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բնականոն բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 59 սմ-ով, և դա այն դեպքում, երբ 2002-2007 թթ. (նույնպես 6 տարում) այն բարձրացել էր 2,46 մետրով։ Այսինքն` վերջին 6 տարում լիճը կորցրել է 1,87 մետր ջրի մակարդակ կամ շուրջ 2,33 մլրդ խմ ջուր։ Ընդ որում` այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալների տարբերությունը այդ աստիճանի մեծ չի եղել։

Sevan sxemaԿասեցման հիմնական գործիքներից է վերջին 6 տարում «Արփա-Սևան» ջրատար թունելով մոտ 600 մլն խմ ծավալի ջուր պակաս տեղափոխումը լիճ՝ առաջին 6 տարվա համեմատ։

Տեղեկացնենք, որ Սևանա լճի մակարդակի չափերին վերաբերող տվյալներում հաշվի չեն առնված 01.01.2011-ից գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում, Սևանա լճի իրական մակարդակի արհեստականորեն 20 սմ-ով ավելացրած չափը, հաշվարկելով այն, որպես լճի մակարդակի բնական աճ։ Դա նշանակում է ճիշտ 250 մլն խմ ծավալի ջրի ավելացում Սևանա լճի պաշարներին, որն իրականում գոյություն չունի։

Եթե մեր հանրության զգալի հատվածն այսօր բավականին տեղյակ է տասնամյակներ շարունակ լրջորեն խաթարված վիճակում հայտնված Սևանա լճի էկոհամակարգի, դրան անմիջականորեն առնչվող լճի ջրի սուղ պաշարների վերականգնման դժվարին խնդիրներին, հետաքրքրվում է լճից ոռոգման նպատակով թույլատրված չափից ավելի ծավալների ջրի բացթողումների, դրանց օրինական և ապօրինի լինելու մասին, և հաճախակի ընդվզում է իշխանությունների անօրեն, կամային որոշումների դեմ, ապա, ցավոք, դրան հակառակ, հանրության ճնշող մեծամասնությունը գրեթե լրիվ անտեղյակ է Սևանա լճի ավազանից հարավ, Վարդենիսի լեռնաշղթայի տակով և դրա մյուս կողմում տեղի ունեցող իրադարձություններին, կապված Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներից «Որոտան-Արփա» և «Արփա-Սևան» թունելներով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ծավալների, դրա իրականացման պայմանների, աշխատանքային ռեժիմի և այլ ցուցանիշների մասին, որոնք կհուշեն հանրությանը, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում այսօր նրա «աչքից հեռու» այդ տարածքում։

Իհարկե, մեր ակտիվ բնապահպանները նկարահանում, ցուցադրում և հրապարակում են դրա մասին, սակայն, այնուամենայնիվ, հանրության լայն զանգվածների համար այսօր այն գրեթե մնում է «անտեսանելի», «անհասանելի» և առեղծվածային:

Տասնամյակներ շարունակ Սևանա լճի ջրի հսկայական ծավալների պարտադրված (հայտնի պատճառներով), սրընթաց բացթողումները փոխհատուցելու, դրանով իսկ լճի մակարդակի իջեցումը կասեցնելու նպատակով՝ 1981-ին շահագործման հանձնվեց 48,3 կմ երկարությամբ «Արփա-Սևան» ջրատար թունելը 25 խմ/վրկ (տարեկան 788 մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։ Ջրատարը բաղկացած է երկու թունելից՝ N1 և N2։ Դրանցից N1-ով Կեչուտի ջրամբարից ջուրը տեղափոխվում է մինչև Եղեգիս գետի կիրճ, որտեղ թունելը դուրս է գալիս երկրի մակերես այն նպատակով, որպեսզի Եղեգիս գետի ջրի մի մասը ջրընդունիչ կառույցով միանա Կեչուտի ջրամբարից տեղափոխվող ջրին և ավելի մեծ ծավալով հոսի Սևանա լիճ՝ N2 թունելով։

Սակայն, թունելի շահագործման սկզբից մինչ օրս (36 տարի), Սևանա լիճ է տեղափոխվել տարեկան միջին հաշվով ընդամենը 180 մլն խմ ջուր։ Ջրի նման փոքր քանակի տեղափոխումը Սևանա լիճ «արդարացվել» է Կեչուտի ջրամբարի սակավաջրությամբ, ինչպես նաև հանրությանը ներկայացվող ներթունելային «մեծ» փլուզումներով, ինչը մեծ կասկած է հարուցում հանրության մեջ՝ իր ոչ արժանահավատ և իրարամերժ փաստարկներով։

Կեչուտի ջրամբարը մշտապես ջրով լրացնելու նպատակով 2004-ին շահագործման հանձնվեց նաև 21,6 կմ երկարությամբ «Որոտան-Արփա» ջրատար թունելը, որով Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարից ջուր էր տեղափոխվելու Կեչուտի ջրամբար 15 խմ/վրկ (տարեկան 473 մլն խմ) առավելագույն թողունակությամբ։

Ողջ ցավն այն է, որ այդպես էլ Սպանդարյանի ջրամբարից «Որոտան-Արփա» թունելով, իր շահագործման օրվանից (26.04.2004-ից) մինչ օրս, անգամ մեկ խմ ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար, ինչն իր պատասխան նամակում (14.08.2014 թ., N01/06/1524-14) հաստատել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Անդրեասյանը։ Դեռ ավելին, վերջին տարիներին ոչ միայն չի իրականացվում Եղեգիս գետից «Արփա-Սևան» N2 թունելով ջրի ոչ փոքր քանակության տեղափոխումը, այլև կատարվում է տրամագծորեն հակառակ գործընթացը։ Կեչուտի ջրամբարից N1 թունելով տեղափոխվող ջրի առյուծի բաժինը Եղեգիս գետի կիրճ հասնելուց հետո, Սևանա լիճ հոսելու փոխարեն բաց է թողնվում Եղեգիս գետը՝ նրա վրա կառուցված բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի «անխափան» աշխատանքն ապահովելու համար։
Դիտեք նաև այս մասին պատմող տեսանյութը․

Իհարկե դա իրականացվում է ոչ առանց իշխանությունների թույլտվության՝ «Արփա-Սևան» թունելի 10 տարի շարունակվող իմիտացիոն վերականգնողական աշխատանքների անվան տակ։ Այսինքն, այդ տարիներին չնչին քանակությամբ ջուր է տեղափոխվել Սևանա լիճ, ինչը կասկածի տակ է դնում պաշտոնական տվյալները։

Ունենալ նման հսկայական ծավալների ջրի պաշար և հնարավորության սահմաններում չօգտագործել այն ի բարօրություն ջրի «մեծ ծարավ» Սևանա լճի, առնվազն ապազգային մոտեցում է իշխանությունների կողմից, ավելի շուտ, հանցագործություն՝ թույլատրել Սևանա լճի համար նախատեսված ջուրն օգտագործել այլ նպատակներով, հատկապես մասնավոր հատվածի համար:

ArpaSevan qartez
Հարց է ծագում՝ ինչո՞ւ 12 տարի շարունակ լիարժեք և առավելագույն հզորությամբ չեն օգտագործվել Սևանա լճի էկոհամակարգի վերակենդանացման, նրա պաշարների հնարավոր արագ վերականգնման՝ լճի հետագա գոյատևման համար այդքան կարևոր և խիստ անհրաժեշտ այս ջրատեխնիկական եզակի և ինքնատիպ կառույցների հնարավորությունները։ Արդյո՞ք սա միտումնավոր, շահադիտական նպատակներով չի կատարվում։ Չէ՞ որ դրանով ի չիք են դառնում «Որոտան-Արփա», «Արփա-Սևան» ջրատար թունելների վրա տասնամյակներ շարունակ իրականացված աներևակայելի մեծ ծավալի, տեխնիկապես շատ բարդ ու դժվարին, ֆինանսական աստղաբաշխական ծախսեր և մարդկային բազմաթիվ զոհեր պահանջած աշխատանքները։

Անկասկած, «Որոտան-Արփա» ջրատարի կառուցումը մեր երկրի ազգային անվտանգությունը երաշխավորող կարևոր ծրագրերից էր, և եթե մեր իշխանավորներն իրոք պետական ու ազգային շահերից ելնելով մտահոգված և շահագրգռված լինեին վերականգնելու Սևանա լճի ջրի պաշարները, դրանով իսկ նաև լճի էկոհամակարգը, ապա 2004-ից կիրագործեին այդ նախագիծը՝ «Որոտան-Արփա» ջրատար թունելի շահագործումը, որը հնարավորություն կընձեռեր Սևանա լիճ տեղափոխել Որոտան, Արփա և Եղեգիս գետերի ջրերի մի մասը՝ տարեկան գումարային 415 մլն խմ ծավալով, ինչը հաստատված էր հենց պետական ծրագրով։ Այնիչ մեր իշխանությունները 2004-ից առայսօր «Որոտան-Արփա-Սևան» թունելի միջոցով Սևանա լիճ են տեղափոխել տարեկան միջին հաշվով մոտ 160 մլն խմ ջուր, այսինքն` հնարավորություններից մոտ 2,5 անգամ պակաս։

Սա նշանակում է, որ վերջին 12 տարում Սևանա լիճ իրականում տեղափոխված 1920 մլն խմ ջրի փոխարեն կարելի էր տեղափոխել 4980 մլն խմ ջուր, այսինքն` 3060 մլն խմ ավելի ջուր, քան իրականում տեղափոխվել է։

Պաշտոնական տվյալների հիման վրա կատարված այս տեսական հաշվարկը դնելով մի կողմ, ընդունենք, որ կորցրել ենք ոչ թե 3060, այլ առնվազն՝ 2000 մլն խմ ջուր, որը համարժեք է լճի 1,6 մ մակարդակի։

Եթե հաշվի առնենք նաև 2002-2013 թթ. Սևանա լճից մոտ 1,6 մլրդ խմ ջրի «անբացատրելի» կորուստը (տե՛ս «2002-2013 թվականներին Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատումը» հոդվածը), ապա կստացվի, որ այսօրվա դրությամբ Սևանա լիճը կորցրել է մոտ 3,2 մլրդ խմ ջուր կամ մոտ 2,56 մետր լճի մակարդակ։ Այսինքն` մենք այսօր արդեն կունենայինք՝ «հաշվարկային նիշին» (1903,5 մ) շատ մոտ մի մակարդակ, որին մեր օլիգարխ-իշխանավորների «հեռատես» ծրագրով պետք է հասնենք հեռավոր՝ 2031 թվին։

Այս ամենը մեկ անգամ ևս հաստատում է, որ Սևանի մակարդակի կասեցումն իրագործվում է հենց մեր բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական որոշմամբ և նախաձեռնությամբ։

Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ

Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Հ.Գ.- Գուցե, իրոք «Արփա-Սևան» թունելում չկան ջրի նորմալ տեղափոխմանը խոչընդոտող լուրջ փլուզումներ, այլ դա ջրային տնտեսության մտացածին պատճառաբանությունն է։ Չէ՞ որ միայն այդ կառույցի մասնագետների քմահաճույքից և որոշումներից է կախված, թե երբ պատրաստ կլինեն և երբ լիարժեք կգործարկվեն այդ թունելները։ Այնպես որ, մեր հանրությունը դատապարտված է «հավատալու» և «մերվելու» այդ իշխանահաճո վարկածին, քանի դեռ չի բացահայտել այդ ակնհայտ դավադրությունը Սևանա լճի դեմ։

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,