Բնապահպանությունը Հայաստանապահպանություն է։ Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև:

Մենք` Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, փաստում ենք, որ Հայաստանում մեծ թափով ընթանում է Հայաստանի էկոգաղութացում օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական պաշարների լայնածավալ ու անխնա շահագործման արդյունքում: Մենք ահազանգում ենք մեր երկրի բնության ամայացման ու թունավորման մասին, որն էլ Հայաստանին սպառնում է էկոարտագաղթով ու էկոգաղութացմամբ: Մենք գիտակցում ենք, որ իրավիճակը հնարավոր է շտկել մեր բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ: Այդ իսկ նպատակով էլ ստեղծվել է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը:

ՀԲՃ-ի նպատակն է մեր բնության պահպանությունը, ինչպես նաև սոցիալական արդարության ապահովումը բնության հետ ներդաշնակ զարգացման միջոցով: Այս նպատակներին հասնելու համար, ՀԲՃ-ն հետամուտ է, որպեսզի համապատասխան պետական մարմինները իրենց գործառույթները լիարժեք իրականացնեն մասնավորապես բնության պահպանման և վերականգնման ասպարեզում: ՀԲՃ-ն նաև հետամուտ է բնական պաշարների ողջամիտ օգտագործման և վերարտադրության, բնական միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխման և վերացման, ինչպես նաև սոցիալական արդարության սկզբունքով բնական պաշարների օգտագործման արդյունքների բաշխման ուղղությամբ:

Այդ նպատակների իրականացման համար ՀԲՃ-ն իրականացնում է բնապահպանական մշտադիտարկման և գործողությունների կազմակերպման ու համակարգման գործողություններ, որոնք կարվեն օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության և բանականության սկզբունքներով:

Քանի որ ՀԲՃ-ն կամավորական նախաձեռնություն է՝ գործողությունների շարունակական ու մշտական համակարգմամբ տարիների ընթացքում զբաղվել են տարբեր կամավորներից բաղկացած մի խումբ, որի անդամները պարբերաբար փոխվել են: Նրանցից յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով մասնակցել է այդ գործընթացին։ Մեր նախաձեռնությունն ունի շատ մեծ թվով աջակիցներ ու համակիրներ, որոնք նույնպես այս կամ այն կերպ մասնակցում են մեր նպատակների իրականացման համար ձեռնարկվող գործողություններին: Ներկայումս համակարգմանը մասնակցում են՝ Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արփինե Գալֆայանը, Լևոն Գալստյանը, Մարիամ Սուխուդյանը։

ՀԲՃ-ն ներկայումս ունի գործող չորս աշխատանքային խումբ, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Խմբերին միանալու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան առցանց հարցաթերթիկը: Խմբերի նկարագրությունները և առցանց հարցաթերթիկները կարող եք գտնել՝ հետևելով այս հղմանը:
16.01.2013

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնություն / Armenian Environmental Front (AEF) civil initiative

Ֆեսյբուքում` f/armecofront

Յութուբում՝ https://www.youtube.com/user/armecofront/

Թվիթերում` t/environment_Arm

Մեր հասցեն` Երևան, Սպենդիարյան փողոց 5 շենք, բնակարան 24

Հեռ.` +374 99 530 588 (WhatsApp), +374 93 816 714

Էլ. փոստ` armecofront@gmail.com
Skype: armecofront

Share Button