Հարցում տեսչական մարմնին Ողջի գետը պոչանքներով աղտոտելու դեպքի վերաբերյալ
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՀՀ բնապաhպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին։ Հարցման նպատակն է ստանալ մի շարք տեղեկություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի և Ողջի գետի աղտոտման վերաբերյալ։
Ձեր ուշադրության ենք ներկայացնում մեր այդ հարցման բովանդակութունը․
1․ Ե՞րբ է տեսչական մարմնի Սյունիքի բաժինն իմացել վթարի մասին և ե՞րբ են ձեր աշխատակիցները եղել դեպքի վայրում։
2․ Ե՞րբ են Սյունիքի բաժնից զեկուցել տեսչական մարմնի ղեկավարությանը վթարի մասին։
3․ Ինչո՞ւ կոմբինատն ու տեսչական մարմինը չեն տեղեկացրել ԱԻՆ-ին վթարի մասին։
4․ Վթարի վերացման աշխատանքների ընթացքում և դրանց ավարտման պահին ձեր աշխատակիցներն եղե՞լ են վթարի վայրում, թե ոչ։
5․ Քանի՞ անգամ է իրականացվել ջրերի նմուշառում, ո՞ւմ կողմից, ո՞ր հատվածներից և օրվա ո՞ր ժամերին։ Ո՞ր լաբորատորիայում են իրականացվելու այդ նմուշների հետազոտությունները, ի՞նչ ֆիզիկաքիմիական ցուցանիշներ և ո՞ր քիմիական տարրերի կոնցենտրացիաներն են որոշվելու։
6․ Քանի՞ ժամ է տևել ԶՊՄԿ-ի պոչանքների հոսքը Ողջի գետում և ո՞ր ժամին է այն դադարել։
7․ Քանի՞ միլիոն լիտր պոչանք է լցվել Ողջի գետ։
8․ Ձեր հաղորդագրության մեջ գրել եք․ «Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ»։ Ի՞նչ ի նկատի ունեք կոնկրետ սա ասելով, խնդրում ենք պարզաբանել։ Կա՞ գրավոր հանձարարական, թե ինչն ու ինչպես պիտի վերացնեն։ Եթե՞ կա, ապա խնդրում ենք տրամադրել այդ հանձնարարականի պատճենը։
9․ Խնդրում ենք ջրի նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներն ամբողջական տարբերակով հասանելի դարձնել հանրությանը կամ տրամադրել մեզ։
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ armecofront@gmail.com
20․10․2019
Դիտեք նաև հոկտեմբերի 17-ի վթարից հետո Ողջի գետի վիճակն արձանագրած տեսանյութերից մեկը․