News

Ցավոք, վերջին 20 (2002-2021թթ.) տարիներին լիարժեք չօգտվեցինք բնության անգնահատելի մեծ պարգևից՝ զգալիորեն բարձրացնելու Սևանի մակարդակը

1970-ականների սկզբներին, երբ Սևանա լճի մակարդակն իջել էր մոտ 18 մ-ով, կորցնելով իր ջրի նախկին ծավալի մոտ 37%-ը, իսկ նրա էկոհամակարգը ենթարկվել էր չափազանց աղետալի և մեծ փոփոխությունների, երկրի կառավարությունը ստիպված էր վերանայել լճից բաց թողնվող ջրի բավականին մեծ ծավալները։

       Կառավարության միջոցառումներից  ամենաառաջնահերթ ու անհետաձգելի «օգնությունը» Սևանա լճին՝  հնարավորինս  սեղմ ժամկետում նրա մակարդակի բարձրացումն էր առնվազն 6 մ-ով, այն հասցնելով ծովի մակերևույթից 1903,5 մ բարձրության (հաշվարկային) նիշին։ Դա այն նվազագույն նիշն էր, որի դեպքում միայն կարելի էր հուսալ, որ լիճը կարող է գոյատևել՝ առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման։Այնպես, որ մակարդակի 6 մ-ով բարձրացումը դեռ երաշխիք չէր նրա էկոհամակարգի լրիվ ապաքինման անգամ դրանից հետո։

       Սևանա լճին, «առանձնահատուկ» մեծ օգնություն  «ցուցաբերեց»  ամենակարող բնությունը, որի կամոք 2002-ից  լճի  ավազանում սկսվեցին բնակլիմայական, ուղղակիորեն աներևակայելի բարենպաստ պայմաններ՝ հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով տարիներ, պայմանավորված մեր մոլորակի տաքացմամբ։ Կտրուկ ավելացան մթնոլորտային տեղումները Սևանի ավազանում, և բնության այդ «առատաձեռնությունը», բարեբախտաբար, շարունակվում  է մինչ օրս, և հուսանք, որ այն կշարունակվի հետագայում նույնպես։

       Եվ զարմանալի չէ, որ ընդամենը առաջին 10 տարում (2002-2011թթ.) գրանցվեց Սևանա լճի մակարդակի աննախադեպ  բարձրացում՝ 3,61 մետրով (տարեկան միջինը 36 սմ):Այդ 10 տարում եղել են այնպիսի տարիներ, երբ լճի մակարդակը տարեվերջին նույն տարվա սկզբի համեմատ (պաշտոնական ստույգ տվյալներով) բարձրացել է 44, 48, 41, 42, 56, 37, 47 սմ-ով։ Եվ այդ նույն 10 տարում լճի տարվա առավելագույն մակարդակը նույն տարվա սկզբի համեմատ բարձրացել է շատ ավելին, քան երազում էինք ՝ 73, 72, 73, 66, 54, 78, 49, 56, 81, 60 սմ-ով։ (տես՝ գծագրերը)։

       Բնության այս՝ աննախադեպ և բացառիկ պարգևից ոգևորված, շատերն էին մեծ հույսեր  տածում, որ ևս 12-15 տարի, և Սևանա լճի մակարդակը մինչև հաշվարկային 1903,5 մ նիշի բարձրացումն իրականություն կդառնա։ Առավել ևս, որ ընդամենը, այդ տասնամյակի վերջին (25.12.2011թ.) լճի մակարդակը արդեն իսկ կազմում էր՝ 1899,93 մ, ընդհուպ մոտենալով 1900 մ նիշին։ Ցավոք, դա իրականում դարձավ լճի մակարդակի ինքնաբուխ, բնականոն բարձրացումը  կասեցման սկիզբը, որից հետո՝ 2012-ից  սկսվեցին ամենամյա, թույլատրվածից շատ  ավելի մեծ ծավալներով ջրի ապօրինի բացթողումներ լճից։ Հաճախակի դարձան ոռոգման անվան տակ՝  լրացուցիչ 50-100 մլն խմ ջրի պարբերաբար բացթողումների «շարանը», որի պատճառով կտրուկ կրճատվեցին լճի մակարդակի հետագա բարձրացումը։ Եվ  այդ բոլորը  իրագործում էին երկրի օլիգարխ իշխանությունները, քանզի լճի ջրերը ընդհուպ մոտեցել էին նրանց «արքունիքների» և դղյակների, ինչպես նաև՝ նրանց պատկանող, լճի ափամերձ տարածքի մեծ մասը զբաղեցրած բազմաթիվ թանկարժեք հանգստյան, հյուրանոցային ու ռեստորանային համալիրների և այլ գերշահութաբեր օբյեկտների շեմին՝ սպառնալով նրանց հեղեղմամբ։ Հակառակ պարագայում նրանք կարող էին հաշված օրերի կամ ամիսների ընթացքում կորցնել, ընդամենը գրոշներով զավթած լճափի տարածքները՝ իրենց հարուստ շինություններով ու բիզնեսով։

      Նշենք, որ Սևանի մակարդակի բնականոն աճի լրիվ կասեցման ծրագիրը կազմվել է դեռևս 2006-ին, պետական բարձր մակարդակով։ Դրանով նախատեսվում էր լճի մակարդակի հետագա բարձրացումն իրականացնել 3մ + 3մ երկու փուլով՝ 15 և 17 տարի իրականացման ժամկետով, անժամկետ ընդմիջումով, և այդ «գործընթացը սկսել միայն լճի մակարդակի բարձրացման 1-ին փուլով նախատեսված 1900 մ նիշին հասնելուց հետո»։ Սա, փաստացի նշանակում էր Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացումը 1900 մ նիշի վրա, վերջնականորեն «սառեցում», որը  վերոհիշյալ ծրագրի բուն և գլխավոր նպատակն էր։

     Դա էր վկայում, որ ոռոգման նպատակով ջրառի ծավալը լճից 120մլն խմ-ից «աճեց» մինչև 170 մլն խմ-ի։ Հաճախակի դարձան անթույլատրելի ու ժամանակից ավելի շուտ  ջրառումները լճից։

      Մոռացվեցին նախկինում, խորհրդային  իշխանությունների ընդունած առաջնահերթ և խիստ անհրաժեշտ միջոցառումները, որոնք ամբողջովին միտված էին Սևանա լճի  մակարդակի արագ բարձրացմանը՝ 1994-ից անավարտ մնացած Եղվարդի՝ մեծ տարողությամբ ջրամբարի, Որոտան-Արփա ջրատար թունելի կիսավարտ շինությունների վերսկսումը, ինչպես նաև Արփա-Սևան ջրատար թունելի երկար տարիներ վերանորոգվող աշխատանքների ավարտը, որոնք լրջորեն կթեթևացներին Սևանան լճի «բեռը»։

      Հայտնի դարձավ, որ «Սևան-Հրազդան-Կասկադ» ՓԲԸ-ն 2003-ին, որպես սեփականություն փոխանցվել է «Միջազային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին, որը 2005-ին հրապարակել է տեղեկատվական գրքույկ ռուսերեն և անգլերեն, որի առաջին էջում բառացի գրված է. «…ՀՀ-ում կառուցված թունելներով Արփա և Որոտան գետերի հոսքերի մի մասի տեղափոխումը Սևանա լիճ, լրիվ թույլ է տալիս, առանց վնաս հասցնելու լճին, իրականացնել տարեկան նվազագույնը 350-440 մլն խմ ծավալի ջրի բացթողումներ լճից՝ ոռոգման և էներգետիկ նպատակներով»։

     Այդ տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանզի այդպես էլ Սպանդարյանի ջրամբարից «Որոտան-Արփա» թունելով իր (թատերականացված, կիսավարտ շինության) «շահագործման» օրվանից (26.04.2004-ից) անգամ մեկ խմ ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար, ինչն իր պատասխան նամակում (14.08.2014., N01/06/1524-14) հաստատել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Անդրեասյանը։ (տես՝ «2004-ին շահագորնման հանձնված Սպանդարյան-Կեչուտ ջրատար…):

       Թերևս, հենց այդ՝ ջրատար թունելը «շահագործման» հանձնված կեղծ փաստաթղթով էլ ՀՀ նախկին իշխանությունները «հիմնավորեցին» «Սևան-Հրազդան-Կասկադ» ՓԲԸ-ը, սեփականության իրավունքով փոխանցումը «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ին, ապահովելով նրան, ըստ պայմանագրի՝ տարեկան հաստատված ծավալի ջրի բացթողումը Սևանա լճից։

     Այս քայլով նույնպես հսկայական ծավալի ջրի պաշարներ կորցրինք Սևանա լճից, ինչը դժվար թե մեզ հաջողվի վերականգնել հետագայում։

     Այսօր՝ 25.12.2021-ին, ուղիղ 10 տարի անց առաջին տասնամյակից, Սևանա լճի մակարդակն է՝ 1900,24 մ, չհաշված անհիմն ավելացված 20-սմ-ը (ըստ՝ համաշխարհային գեոդեզիական նիշերի ճշգրտման արդյունքների), որով իրականում լճի մակարդակի բարձրացում տեղի չի ունեցել, քանզի նրա ջրի ծավալը մնացել է նույնը։ Այսինքն՝ երկրորդ 10 տարում լճի մակարդակը աճել է ընդամենը՝  31սմ-ով, երբ առաջին 10 տարում այն բարձացել է անհամադրելի մեծ չափով՝ 361սմ-ով, չնայած  այդ տասնամյակների մթնոլորտային տեղումների ծավալները լճի ավազանում, քիչ են տարբերվել միմյանցից։

  Դրա «արդյունքն» է՝ վերջին 10 տարիներին լճի մակարդակի բնականոն բարձրացման գրեթե կասեցումը, հենց  այդ՝ 1900 մ նիշի  «մոտակայքոււմ», ինչը վերոհիշյալ ծրագրի  իրականացումն է մինչ օրս։ Ավելին՝ վերջին 10 տարիներից  5-ում գրանցվել է Սևանի մակարդակի բացասական հաշվեկշիռ (-3, -3 -4, -3 և -8 սմ-ով), ընդ որում  դրանցից վերջին 2-ը գրանցվել է ներկայիս կառավարության օրոք։

11

12

      Այսպիսով, եթե հետայսու էլ չխնայվեն և չպաշարվեն Սևանա լիճ թափվող ջրի հսկայական մեծ ծավալները, չիրականացվեն վերը նշված բազմաթիվ միջոցառումները, որոնք կլրացնեին  լճի ներկայիս սուղ պաշարները, այլ նույն տեմպերով շարունակվի լճի մակարդակի կասեցումը,  ապա անկասկած անդառնալիորեն և վերջնականապես կկորցնենք Սևանա լիճը։

      Հետևապես, Սևանա լճի, նրա էկոհամակարգի միակ փրկությունը, նրա հետագա «առողջ» գոյատևման երաշխիքը եղել և մնում է նրա մակարդակի նպատակադրված, արագ, և անշեղ բարձրացումը։ Սա է մեր ողջ ժողովրդի հրամայական պահանջը երկրի նոր կառավարությունից։

     Լճի, այս աղետալի վիճակը դրդեց մեզ՝ 07.05.2019թ. ՀՀ վարչապետին ուղղված մեր նամակում  առաջարկել՝ «Սևանա լճի ապօրինի կասեցված մակարդակի բնականոն աճի վերականգնման   համալիր ծրագիրը», որը, ցավոք, այդպես էլ մնաց անարձագանք:

                                                                                       Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ 

           Լևոն Գալստյան, աշխարհագետ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)                                                                                                                        

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: