News

Քաջարանի հանքավայրը շահագործող ընկերությունը տարիներ շարունակ անպատիժ խախտել է ՀՀ օրենքները

Քաջարան հանք

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2016 թվականի դեկտեմբերի 16-ին դրական եզրակացություն է տվել «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության (հետագայում ԶՊՄԿ) կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություններին։ Հաստատված փոփոխությունների էկոլոգիական բացասական հետևանքներն ակնհայտ են։ Սակայն այսօր ուզում ենք ձեր ուշադրությունը բևեռել մի այլ դրվագի վրա, որը լիովին բացահայտում է այս ոլորտում պետական լիազոր մարմինների տրված եզրակացությունների և թույլտվությունների ձևական բնույթն ու վերահսկողության իսպառ բացակայությունը։

Նախարարության կողմից տրված այս դրական եզրակացության համաձայն Քաջարանի հանքավայրից տարեկան կթույլատրվի արդյունահանել մինչև 22 միլիոն տոննա հանքաքար՝ մինչև այժմ թույլատրված 12,5 միլիոնի փոխարեն։ Տարեկան մինչև 12,5 միլիոն տոննա հանքաքար արդյունահանելու իրավունքն ու փորձաքննական դրական եզրակացությունը ԶՊՄԿ-ին տրվել էր դեռ 2007 թվականին, ինչը վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ հանքը շահագործող ընկերությունն իրավունք չունի արդյունահանել պետական լիազոր մարմինների կողմից թույլատրված ծավալներից ավել հանքաքար։

Սակայն Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը պետական մարմիններին ուղղված հարցումների արդյունքում ստացված տեղեկություններից պարզել է, որ ԶՊՄԿ-ն դեռ 2010 թվականից սկսել է ապօրինաբար ավելացնել իր արդյունահանման ծավալները, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում դրանք հասցրել է արդեն տարեկան մինչև 17-19 միլիոն տոննայի (տես ինֆոգրաֆիկան)։

lala

Ստացվում է, որ վերջին յոթ տարների ընթացքում ԶՊՄԿ-ն թույլատրվածից 29,7 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանել ու վերամշակել, ինչի արդյունքում նույն չափով լրացուցիչ հանքահարստացման թափոններ են տեղադրվել Արծվանիկի պոչամբարում՝ մեծացնելով տարբեր ճանապարհներով բնական միջավայրի աղտոտման ծավալները։ Բնականաբար համապատասխան չափով մեծացել են նաև դատարկ ապարների լցակույտների, ֆլոտացիայի ժամանակ կիրառվող տարբեր քիմիական ռեագենտների, մթնոլորտային օդի և ջրերի մեջ տարաբնույթ արտանետումների ծավալները։

Այս ամենը մինչև 2014 թվականի օգոստոսի 9-ը գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի բացահայտ և կոպիտ խախտում է։ Այդ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետում հստակ գրված է հետևյալը․ «Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչև փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը»: Չի գործել նաև դրանից հետո ուժի մեջ մտած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի հետևյալ պահանջը․ «Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով»։

Բացի այդ ԶՊՄԿ-ն խախտել է նաև 2012 թվականի հոնվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» 59-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հետևյալ պահանջը․ «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան»։

Այս խախտումներն այնքան բացահայտ են եղել, որ ՀՀ բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններն ուղղակի չէին կարող դրանք չտեսնել։ Իսկ այսպիսի պարզ խախտումը տեսնելն ու ընդհանրապես ոչ մի քայլ չձեռնարկելը նշանակում է, որ անիմաստ է խոսել ավելի լուրջ վտանգների ու խախտումների մասին, որոնք կատարվում են Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում։ Ամբողջովին անիմաստ է դառնում պետական բնապահպանական փորձաքննության ողջ գործընթացը։ Հերիք չէ, որ գրեթե չի իրականացվում էկոլոգիական և առողջապահական վտանգների մասնագիտական գնահատում, մի բան էլ հետագայում չեն վերահսկվում նույնիսկ տնտեսվարողին տրված դրական եզրակացության մեջ նշված պարզագույն պայմանները։ Եվ, ի վերջո, ի՞նչ նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվություններ տալու մասին կարող է լինել խոսքը նման անհեթեթ կառավարման պայմաններում։

Ամեն դեպքում ցանկալի կլիներ լսել պետական լիազոր մարմինների պարզաբանումները, ինչպես նաև Քաջարանի հանքավայրը շահագործող ԶՊՄԿ-ի և նրա 60 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» (CRONIMET Mining) ընկերության ղեկավարության կարծիքը։ Բնական հարց է առաջանում, թե արդյո՞ք գերմանական ընկերությունն իրեն թույլ կտար նույն կերպ վարվել օրենքների և բնության հետ Գերմանիայում՝ ինչպես դա անում է Հայաստանում։

Հ․Գ․ Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ ահազանգեր են եղել այն մասին, որ ԶՊՄԿ-ն խախտում է ընդերքօգտագործման պայմանագրով ու փորձաքննական եզրակացությամբ սահմանված պայմանները։ Դեռ 2014 թվականին ՀԲՃ-ն պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարությանը, որտեղ ի թիվս այլ խնդիրների ահազանգել էր նաև Քաջարանի հանքավայրից թույլատրված ծավալից ավել հանքաքար արդյունահանելու փաստերի մասին։ Սակայն նախարարությունն այն ժամանակ օրենքի պահանջները կիրառելու փոխարեն ընդամենը մեզ պատասխանեց, թե ԶՊՄԿ-ն ավելացված՝ տարեկան 22մլն․տ․ հանքաքարի արդյունահանման համար մշակում է համապատասխան փաստաթղթերի փաթեթ, ինչը կներկայացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։ Բազմաթիվ ահազանգեր են եղել նաև բնական միջավայրն աղտոտելու վերաբերյալ (տես այստեղ և այստեղ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com
In English

Սա էլ պաշտոնական փաստաթուղթը
3

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,