Հանրագիր
ՀՀ Կառավարությանը՝ հանձին վարչապետ
Նիկոլ Փաշինյանի
Վայոց Ձորի մարզի բոլոր համայնքների՝
հանձին համայնքների ավագանիների
Հանրագիր
Հարգելի պրն. վարչապետ, ՀՀ կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ,
Վայոց Ձորի մարզը՝ լինելով տարածքով և բնակչությամբ ամենափոքրը, Հայաստանի այն յուրահատուկ տարածքներից է, որտեղ միաժամանակ հանդիպում են տափաստանային, անտառային և ալպիական էկոհամակարգերը, որոնց մի մասն արդեն իսկ ունի հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ: Այս մարզը մեր երկրի հիմնական ջրային հարստությունը՝ Սևանա լիճը սնող ու վերականգնող աղբյուրն է և Հայաստանի ողջ տարածքի համար ունի ջրային ռազմավարական նշանակություն և՛ որպես ջրհավաք ավազան, և՛ ջրային կարևորագույն ենթակառուցվածքներ ունեցող մարզ՝ Որոտան֊Արփա-Սևան ջրատար թունել, Կեչուտի, Հերհերի ջրամբարներ և այլն։
Վայոց Ձորի տնտեսության հիմքում հողն ու բնությունն են՝ գյուղանտեսություն, անասնապահություն, գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություններ, խաղողագործություն, գինեգործություն, հանքային և խմելու ջրերի արտադրություն, (էկո)տուրիզմ, էկոլոգիապես մաքուր վայրի դեղաբույսերի հավաքում, առողջարաններ և այլն: Խորհրդային շրջանից պահպանվել են քիչ թե շատ գործող տեխնոլոգիական հիմնարկներ, որոնք կարող են հիմք դառնալ նորարությունների հենքով արտադրությունների զարգացման համար:
Միաժամանակ, մեր մարզում ստեղծվել են տնտեսական այնպիսի ապրանքանիշեր՝ բրենդեր, որոնք ներկայացնում են ողջ Հայաստանը՝ Ջերմուկ հանքային ջուրը, Ջերմուկ առողջարանային քաղաքը և Արենին՝ որպես գինու արտադրության, խաղողի մշակման ու հնագիտական տուրիզմի կենտրոն:
Մարզի ներկայիս տնտեսական հենքը կարող է վերանալ, եթե մեր մարզում զարկ տրվի մետաղական հանքարդյունաբերությանը: Այս պահին մարզում ընթանում են 2 մետաղական հանքերի ստեղծման գործընթացներ. առաջինը Գլաձորի բազմամետաղային հանքն է, որը Գլաձոր համայնքի դիմադրության և ավագանու որոշման շնորհիվ կասեցված է, և ընթանում են դատական գործընթացներ, իսկ մյուսը չափսերով և բացասական ազդեցությամբ Գլաձորին հարյուրավոր անգամներ գերազանցող՝ Ջերմուկի մոտ գտնվող Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործումն է:
Մետաղական հանքարդյունաբերությունը ոչ մի կերպ չի կարող զարգացնել մեր մարզի տնտեսությունը. եթե նույնիսկ այն կարճաժամկետ կտրվածքով ապահովի որոշակի հարկային եկամուտներ, ապա այդ նույն կարճ ժամկետում կազմաքանդելու է արդեն իսկ բնականորեն կազմավորված տնտեսական համակարգը, իսկ հետագայում հանգեցնելու ահռելի ծախսերի՝ կապված սոցիալական ու բնապահպանական ավերիչ ազդեցության հետ։ Իրականում հանքարդյունաբերության ծախսերի և օգուտների հարաբերակցությունը հաշվարկված չէ, մենք զրկված ենք դրա թողած ծախսերի մասին վերլուծություններից, սակայն մեր աչքի առջև ունենք Հայաստանի այլ վայրերում հանքարդյունաբերության դառը փորձը։ Մենք չենք ցանկանում դառնալ Լոռվա Թեղուտը, Ախթալան, Ալավերդին, Սյունիքում՝ արդեն իսկ դատարկված Դաստակերտը, հիվանդացությամբ Հայաստանում առաջինը համարվող Ալավերդին, Քաջարանը կամ Կապանը։
Նախատեսվող մետաղական հանքարդյունաբերությունը ներառում է Ջերմուկ քաղաքը և ամբողջ Արփա գետի հովիտը, Եղեգնաձոր և Վայք քաղաքները և դրանց հարակից գյուղերը: Այս ծրագրերի գնահատման ժամանակ չի ներառվել նրանց ազդեցությունը ողջ մարզի կտրվածքով, ոտնահարվել է մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը:
Մեր այս դիմումով մենք առաջարկում և պահանջում ենք.
-
Կառավարության մակարդակով ընդունել ՀՀ Կառավարության որոշում, իսկ համայնքների մակարդակով՝ ավագանիների որոշումներ, որոնցով կամբողջացվեն նախկինում ընդունված ռազմավարությունները՝ կապված Վայոց Ձորի մարզի տնտեսական զարգացման հետ՝ բացառելով մետաղական հանքարդյունաբերության հեռանկարը, և մարզը կճանաչվի կանաչ և էկո տնտեսական տարածք, որտեղ պետք է զարգանան էկոլոգիապես մաքուր և բնական գյուղատնտեսությունը, գյուղմթերքի վերամշակումը, տուրիզմը և նորարական տեխնոլոգիաներով հագեցած ու բնությունը չվնասող արտադրությունները:
-
Այս որոշումն ի կատար ածելու համար դադարեցնել բոլոր տեսակի մետաղական հանքերի հնարավոր գործարկումները, այդ թվում՝ դադարեցնել նոր երկրաբանական հետախուզությունների գործընթացները և վերանայել արդեն իսկ տրամադրված լիցենզիաններն ու դրական եզրակացությունները՝ հաշվի առնելով դրանց տրամադրման ընթացքում Վայոց Ձորի բնակիչների կարծիքը հաշվի չառնելն ու բացասական ազդեցության թերհաշվարկները։ Խոսքը, մասնավորապես, Ամուլսարի և Գլաձորի հանքարդյունաբերական ծրագրերին է վերաբերում։
-
Մշակել Վայոց Ձորի էկո և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականցման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ կենտրոնական ու տեղական կառավարման մարմիններին:
-
Վերանորոգել միջպետական ճանապարհը՝ որպես ռազմավարական ճանապարհ, ինչպես նաև միջհամայնքային ճանապարհները, որպես տնտեսության խթանման համար անհրաժեշտ միջոց։
ՀՀ կառավարությանը, Վայոց Ձորի մարզի համայնքների ավագանիներին՝
ՀՀ Վայոց Ձորի մարզը կանաչ և էկո տնտեսական տարածք դարձնելու և մարզում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու հանրագրի մասնակիցներ
Հանրագիրը տպելու համար անցեք այս հղումով (Word) և Վայոց Ձորի ձեր բնակավայրում նախաձեռնեք ու իրականացրեք ստորագրահավաք։