News

Նոր սանիտարական աղբավայրի ծրագիրը Հայաստանի աղբի խնդրին կարճաժամկետ լուծում է խոստանում

Այս հոդվածն ի սկզբանե հրապարակվել է անգլերեն TheArmenianWeekly-ում:

Հայաստանում աղբի հետ կապված խնդիրները լուծելու համար վերջին տարիներին պետությունը սկսել է քայլեր իրականացնել միջազգային չափանիշնենրին համապատասխանող աղբավայրեր կառուցելու ուղղությամբ: Այս նպատակով այն այժմ նախատեսում է կառուցել հինգ սանիտարական աղբավայր ողջ Հայաստանով մեկ: Ամենամեծը կլինի Երևանում՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ: Մոտ 25 միլիոն եվրո կծախսվի այս սանիտարական աղբավայրը կառուցելու համար:

Նուբարաշենի ներկայիս աղբավայրը, որն ընդամենը 10կմ-ի վրա է Երևանի կենտրոնից, 9.5 միլիոն տոննա աղբ է պարունակում, որը կուտակվել է 50-ականներից: Ամեն տարի այստեղ կուտակվում է 300.000 տոննա աղբ: Այս աղբավայրը որևէ միջազգային չափանիշների չի համապատասխանում, ուստի փտող աղբից մշտապես թունավոր արտահոսքեր և մեթան գազի արտանետումներ են տեղի ունենում:

Իսկ ահա նոր սանիտարական աղբավայրը կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան, ուր հողը աղբի շերտերից կմեկուսացվի, աղբավայրը կցանկապատվի և մեթան գազը կհավաքվի, ինչն էլ կկրճատի մեթանի արտանետումները մթնոլորտ: Ինչպես ծրագրի նկարագրության մեջ է նշված՝ ծրագրի նպատակն է «տեխնիկական և բնապահպանական անթույլատրելի չափանիշներով աղբավայրը ԵՄ չափանիշներին համապատասխանող սանիտարական աղբավայրի վերածել»: Նոր աղբավայրը կարևոր բնապահպանական նշանակություն կունենա, քանի որ «կկրճատվի 3000 տոննա մեթան գազի արտանետումը, ինչը համարժեք է 60.000 տոննա ածխաթթու գազին»:

Սակայն այս ծրագիրն ունի մտահոգիչ կետեր: Օրինակ այն, որ այս ծրագրի իրականացման համար նախատեսված գումարների մեծ մասը վարկ է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և Ներդրումների եվրոպական բանկի (EIB) կողմից: Յուրաքանչյուրը տրամադրում են 8-ական միլիոն եվրո: Լրացուցիչ 8 միլիոն եվրո դրամաշնորհ էլ տրամադրում է ԵՄ Հարևանության ներդրումային գործիքը (NIF): Մեկ այլ խնդիր այն է, որ այս աղբավայրը, որ կառուցվելու է 29 հեկտարի վրա, շահագործվելու է 28 տարի: Այսինքն 28 տարի անց քաղաքապետարանը ստիպված է լինելու մտածել նոր աղբավայր կառուցելու մասին, որն էլ հավանաբար նոր վարկային միջոցներով կկառուցվի:

Սակայն գերխնդիրն այս ծրագրում թերևս այն է, որ աղբավայրերի ԵՄ պահանջներից աղբի տեսակավորման և վերամշակման կարևոր բաղադրիչն այս ծրագրի մեջ չի ներառվել «ֆինանսական սահմանափակումների պատճառով»:  Նոր աղբավայրի՝ 2015թ-ին կազմված Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականում նույնպես նշվում է, որ «թեև թափոնների տեսակավորման օբյեկտի հնարավորությունը դիտարկվել է, սակայն ֆինանսական ռեսուրսների սղությամբ պայմանավորված այն հնարավոր չեղավ ներառել նախագծում»:

Չնայած սրան, կա հանրային պահանջ՝ ներառել աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչն այս ծրագրում: 2017թ.-ի դեկտեմբերի 4-ին հրապարակվեց բաց նամակը, որով տարբեր տեղական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և անհատներ ծրագիրը ֆինանսավորողներին և իրականացնողներին կոչ են անում առավել կանաչ քաղաքականություն վարել և այս ծրագրում ներառել աղբի սորտավորման և վերամշակման բաղադրիչը:

MHM1835925-1320x541

նկարն՝ ampop.am

Ծրագիրն իրականացնողների և ֆինանսավորողների արձագանքներն այնքան էլ խոստումնալից չեն  

ՎԶԵԲ-ի (EBRD) հետ նամակագրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Ներդրումների եվրոպական բանկի վարկի շնորհիվ աղբի նվազեցմանն ուղղված քայլեր են ներառվել այս ծրագիր (աղբ հավաքելու տարաներ և մեքենաներ՝ վերամշակվող նյութերի և կենսաբանական աղբի հավաքման համար, վերամշակման կենտրոն(ներ), իրերի վերականգնման և կոմպոստավորման կայաններ), սակայն այս բաղադրիչը դեռ Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է գտնվում:

Նմանատիպ պատասխան է տվել նաև Ներդրումների եվրոպական բանկը. «Ծրագիրն ունի աղբի նվազեցման բաղադրիչ, որը կարող է ներառել առանձին հավաքող մեքենաներ, վերամշակման կենտրոններ, իրերի վերականգման և կոմպոստավորման կենտրոններ: Այս բաղադրիչն այժմ Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման փուլում է:»

Երկու պատասխաններում էլ լրացուցիչ նշվել է, որ հին և նոր աղբավայրից արտանետվող գազերը կհավաքվեն և հնարավորության դեպքում այն կօգտագործվի էներգիա արտադրելու համար:

Երևանի քաղաքապետարանի պատասխանն էլ պարզապես հաստատեց, որ աղբի տեսակավորման և վերամշակման հարցերը քննարկման փուլում են:

Իսկ ահա կառավարությանն ուղղված նամակից, որին պատասխանել են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, հասկանալի է դառնում, որ այժմ քննարկվում է ոչ թե աղբի տեսակավորման և վերամշակման բաղադրիչը, այլ աղբի այրման կայանի կառուցումը (հիմնված կենսաքիմիական գործընթացի վրա), որից հնարավոր կլինի նաև էներգիա ստանալ: Պետք է նշել, որ աղբից էներգիա ստանալու տարբերակներից մեկն աղբն այրելու միջոցով էներգիա ստանալն է, մյուսն էլ աղբից արտանետվող գազերի հավաքման միջոցով էներգիա ստանալու տարբերակն է:

Ծրագրի ՇՄԱԳ-ում, սակայն, հստակ նշված է, որ աղբի այրման գործարան կառուցելը չափազանց թանկ կլինի, ուստի այս տարբերակը չի ներառվել ծրագրում: Իսկ մյուս տարբերակն էլ փտող աղբից առաջացած գազերից էներգիա ստանալու տարբերակն է: Տեղական մարմինների պատասխաններից դատելով՝ հենց այս տարբերակն է քննարկվում: Սակայն նման պարագայում անհասկանալի է, թե աղբի ի՞նչ տեսակավորման և վերամշակման մասին են կողմերը բանակցում, եթե վերջիվերջո աղբը փտելու է և ծառայի որպես էներգիայի աղբյուր:

Աղբի նման կառավարումը ոչ միայն չի լուծում հիմնական խնդիրը՝ այսինքն քիչ աղբ ստեղծել վերամշակման շնորհիվ, այլև ռեսուրսների վատնում է: Հայաստանում արտադրվում են ապակի, պլաստիկ, թուղթ և ուրեմն այս նյութերը կարելի էր պատրաստել արդեն առկա վերամշակված նյութերից: Բացի այդ վերամշակված աղբը խնայում է էներգիա. օրինակ թուղթ վերամշակելը խնայում է ծառերը և 60% էներգիա այն էներգիայից, որն անհրաժեշտ է հումքից նոր թուղթ պատրաստելու համար, պլաստիկի վերամշակումը խնայում է 88%, իսկ ապակու վերամշակումը 70% էներգիա:

Ավելին. մինչ պնդելը, թե աղբի տեսակավորման և վերամշակման կայանների կառուցումը թանկ հաճույք է, նախ պետք է ուսումնասիրել Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի աղբի կառավարման ծրագրերը, որոնք նմանատիպ ծրագրեր են: Օրինակ Կիշինյովի կոշտ թափոնների ծրագիրը Մոլդովայում արժի մոտ 26 միլիոն եվրո, որից 10.5 միլիոն եվրո վարկը տրամադրում է ՎԶԵԲ-ը: Այստեղ էլ նախատեսվում են նման քայլեր, ինչ որ Երևանի կոշտ թափոնների ծրագրի դեպքում՝ ավելացրած աղբի սորտավորման բաղադրիչը, որն էլ կավելացնի աղբի վերամշակման ծավալները: Աջարայի կոշտ թափոնների ծրագրով, որը նախատեսված է Քոբուլետի և Բաթումի քաղաքների համար և արժի 8 միլիոն եվրո (3 միլիոն եվրոն ՎԶԵԲ-ի վարկն է), նույնպես նախատեսվում է վերամշակում: Պուհովիչի կոշտ թափոնների ծրագիրն էլ Բելառուսում արժի 7 միլիոն եվրո, որից 5 միլիոնը ՎԶԵԲ-ի վարկն է: Այս ծրագրով ևս նախատեսվում է կառուցել աղբի տեսակավորման նոր կայան, որով կվերականգնվի նաև աղբի վերամշակման ծառայությունը:

Նշենք, որ Հայաստանում արդեն իսկ կան բազմաթիվ փոքր ընկերություններ, որոնք վերամշակում են պլաստիկ, թուղթ, ռետին, մետաղ և այլն, ուստի ծրագրում միայն աղբի տեսակավորման բաղադրիչ ավելացնելու դեպքում էլ կարելի էր քչացնել աղբի քանակը՝ տեսակավորված իրերն այս ընկերություններին տրամադրելով և այդպես վերամշակման նոր կայան կառուցելու ծախսերից խուսափելով (վերամշակող ընկերությունների ցանկը 2014թ-ի դրությամբ, էջ 20-22):

Իհարկե էներգիա ստանալու համար աղբավայրից գազեր հավաքելը մթնոլորտը կփրկի մեթանի լրացուցիչ մեծ քանակությունից, սակայն սա չի լուծի գլխավոր խնդիրը՝ ստեղծել գիտակից քաղաքացիներ, ովքեր ի վերջո ավելի քիչ աղբ կստեղծեն: Աղբի քանակը չի կրճատվի, եթե պարզապես աղբը թաղվի հողի տակ և գազերը հավաքվեն: Միայն տեսակավորումն ու վերամշակումը կքչացնեն աղբը: Իսկ ի՞նչ են պատրաստվում տեղական իշխանություններն անել 30 տարի անց, երբ նոր աղբավայրի օգտագործման ժամկետը կլրանա: Պատրաստվում են նոր աղբավայր կառուցել նոր վարկերո՞վ (Հայաստանի վարկային բեռն առանց այդ էլ վեց միլիարդից անցել է՝ կազմելով ՀՆԱ-ի 55%-ը): Իսկ աղբի տեսակավորումն ու վերամշակումը կարող է նպաստել աղբի կրճատմանը, խնայել էներգիա և ռեսուրսներ: Սա այն կայուն ճանապարհն է, որը պետք է ՀՀ կառավարության և եվրոպական ներդրողների օրակարգում լինի: Սա թելադրված է բնության և հանրության կողմից և այն պետք է հաշվի առնվի:

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,