Սեպտեմբերի 20-ին բնապահպանական մոբիլիզացիայի օր, միջոցառումների շարք և երթ
Եթե Ամուլսարի պահպանությունը և բնապահպանական հիմնախնդիրների լուծումը շատ կարևոր և հրատապ եք համարում, ապա սեպտեմբերի 20-ը այն կարևորագույն օրն է, որին ամեն մեկիս հավաքական, ինչպես նաև ապակենտրոն մասնակցությունն իրավիճակ է փոխելու: Կոչ ենք անում միանալ մոբիլիզացիայի օրվա հետ կապված տարբեր միջոցառումներին, որոնց մասին այս էջում կլինեն պարբերական թարմացումներ ու իրազեկումներ։
Ապակենտրոն միջոցառումների ավարտը լինելու է վերջում մեկ տեղ հավաքվելը և երթ անցկացնելը։
ԵՐԵՎԱՆՈՒՄ Հայկական բնապահպանական ճակատը բնապահպանական մոբիլիզացիայի օրվա մեկնարկը տալու է ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻՑ, ժամը 13։00։ Պուրակի միջոցառումների ցանկը կթարմացնենք շուտով։ Հիմնականում ներկայացնելու ենք մետաղական հանքարդյունահանման խնդիրներն ու մեր առաջարկները։
ԺԱՄԸ 18։30-ին Երևանում միջոցառումներ անցկացնող բոլոր խմբերը ԿՄԻԱՆԱՆ Օպերայի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի շրջակայքում, որտեղից կսկսվի երթը։ Երթուղին հետևյալն է․
Արամ Խաչատրյանի արձան – Սայաթ Նովա փողոց – Աբովյան փողոց – Հանրապետության հրապարակ։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ՄԱՐԴԻԿ
- Ստեղծարար ու հրատապության ջիղով ինքնակազմակերպվել, նախաձեռնել ապակենտրոն միջոցառումներ և դարձնել սեպտեմբերի 20-ը իսկական բնապահպանական ահազանգ։ Հնարավոր են նաև կարճատև դասադուլներ և գործադուլներ։ ՁԵՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԿԻՍՎԵՔ ԱՅՍ ԷՋՈՒՄ, ՈՐ ԼԱՎ ՏԱՐԱԾՎԵՆ։
- Բնապահպանական մոբիլիզացիան ցույց տալ Հայաստանի բոլոր շրջաններում՝ հատկապես բնապահպանական խնդիրներից տուժող համայնքներում։
- Տները միացնել պայքարի տարածքներին՝ պատրաստելով դրոշներ՝ Ամուլսար, ԱմուՐսար, #SaveAmulsar կամ նման գրություններով և կախելով դրանք պատուհաններից։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս այստեղ:
- Հեծանվորդների երթի մասին տեղեկություններն այստեղ են։
- Մոտոերթի մասին տեղեկություններն այստեղ են։
- Կլիմայական փոփոխությունների մասին միջոցառումն այստեղ է։
- «Էկո աղբի» գործողությունների մասին տե՛ս այստեղ։
- Նախատեսվում է նաև մանկասայլակներով երթ և այլ ինքնաբուխ միջոցառումներ։
Բազմաթիվ քաղաքացիների այլևս վստահություն չեն ներշնչում Ամուլսարի հարցում կառավարության որոշումը հետաձգելու պատճառաբանությունները, որոնք, կարծես, ամեն ինչ տանում են դեպի ընթացակարգային փակուղի և փորձում են մաշեցնել շարժումը:
Սեպտեմբերի 20-ին մենք հայտարարում ենք Բնապահպանական մեծ մոբիլիզացիա և ձգտում ենք, որպեսզի այն դառնա բազմամարդ ապակենտրոն բնապահպանական հավաք Հայաստանում: Ինքնակազմակերպված խմբերին, կազմակերպություններին և քաղաքացիներին կոչ ենք անում հանդես գալ սեփական միջոցառումներով և հավաքներով ու բարձրաձայնել Հայաստանի խիստ աղետալի վիճակում գտնվող բնապահպանական խնդիրները և պահանջել հրատապ և արմատական փոփոխություններ, որպես առաջին քայլ՝ դադարեցնելով Ամուլսարում հանքային ծրագիրը, ինչի համար գիտական ու իրավական հիմքերն ավելի քան աղաղակող են:
Սեպտեմբերի 20-ից 27-ը նաև ամբողջ աշխարհում հարյուրավոր անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու հանուն բնապահպանական արդարության՝ մարդածին Կլիմայական ճգնաժամի և բնապահպանական աղետների շուրջ համաշխարհային մոբիլիզացիայի շրջանակներում:
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝ armecofront@gmail.com