News

Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում

Հանքերի թթվային ապարների դրենաժը լրջագույն և անկառավարելի էկոլոգիական խնդիր է, որն անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում և կարող է շարունակվել հարյուրավոր տարիներ։ Այս խնդրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն արդեն ներկայացրել էր մի ընդհանրական վերլուծություն։ Որպես այդ թեմայի շարունակություն ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել Կավարտի լքված հանքավայրի թթվային դրենաժի պատկերը։

Դեռ 2015 թվականին ՀԲՃ-ն ահազանգել էր, որ Կավարտի լքված հանքավայրը դանդաղ գործողության ռումբի նման աղտոտում է բնական միջավայրը՝ վտանգելով նաև Կապան քաղաքի և հարակից այլ բնակավայրերի մարդկանց առողջությունը։

Չնայած մեր հորդորներին, պետական լիազոր մարմիններն այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեցին և նույնիսկ չցանկացան պարզել Կավարտ վտակով դեպի Ողջի գետ հոսող դեղնակարմրավուն ջրերի ջրաքիմիական կազմը։ Իսկ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ պնդեց, որ իրենց ոչինչ հայտնի չէ Կավարտի նշված տարածքի վնասակար լինելու մասին, և ինքը ոչ մի խնդիր չի տեսնում:

Ինչևիցե, իրական պատկերը հասկանալու ու որոշ հարցերի պատասխանները ստանալու նպատակով, մենք 2017 թվականի մայիսի 21-ին ջրի նմուշառում կատարեցինք Կավարտ գետից՝ լքված բացահանքից 970 մետր ներքև ընկած հատվածում։ Ջրի նմուշը տեղափոխվեց Երևան և հանձնվեց տարրալուծման ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենտրոնական անալիտիկ փորձարկման լաբորատորիայում (հավատարմագրման վկայագիր № 027/T-027)։

Ջրի փորձանմուշի անալիզի արդյունքներն ուղղակի շոկային եղան և հաստատեցին մեր ամենավատ կանխատեսումները։ Դրանց համաձայն ջրի թթվայնությունը՝ pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել է խիստ թթվային միջավայր ու կազմել 3,22։ Դա էլ իր հերթին առաջ է բերել ջրում ծանր և վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։

Այսպես․ տարրալուծված 10 ծանր մետաղներից 6-ի կոնցենտրացիաները տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Ողջի գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։
1

Նկար 1-ում պատկերված թվերը ցույց են տալիս, որ կադմիումի պարունակությունը 220 անգամ, նիկելինը՝ 11 անգամ, կոբալտինը՝ մոտ 2000 անգամ, իսկ մանգանինը՝ 62 անգամ գերազանցել են վերոնշյալ էկոլոգիական նորմերը։
2

Նկար 2-ում ներկայացված տվյալներից նույնպես համոզվում ենք, որ վիճակն իսկապես աղետալի է․ պղնձի կոնցենտրացիան գերազանցված է 1897 անգամ, իսկ ցինկինը՝ 233 անգամ։ Մնացած չորս մետաղների (մկնդեղ, սելեն, կապար և քրոմ) պարունակությունները չեն գերազանցել համապատասխան էկոլոգիական նորմերի սահմանները։

Իսկ նկար 3-ում արդեն պատկերված են իոնների պարունակությունները, որոնք նույնպես զգալի գերազանցում են մեր կողմից որպես սահմանային կոնցենտրանցիա ընտրած 2-րդ որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։ Տարրալուծված երկու իոնների դեպքում էլ (սուլֆատ – SO4 և քլորիդ – Cl) սահմանային չափը գերազանցված է 37 անգամ։
3

Որոշվել է նաև ջրի կոշտությունը (Ca+Mg աղեր), որը կազմել է 56,48 մգէկվ/լ՝ ինչը 5,6 անգամ բարձր է նորմայից։ Ավելացնենք նաև, որ նկարներում ներկայացված բոլոր ցուցանիշները մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր անգամ գերազանցում են նաև ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումով սահմանված 5-րդ որակի «վատ» դասի էկոլոգիական նորմերը։ Իսկ 5-րդ՝ «վատ» դասը, ջրերի աղտոտվածության ամենաբարձր դասն է, և նման որակի ջուրն արգելվում է օգտագործել ոռոգման նպատակներով։
4

Կարծում ենք ապացուցելու կարիք չկա, թե ինչպիսի բացասական ազդեցություն ունեն բնական միջավայրի և մարդկանց առողջության վրա ծանր և վտանգավոր մետաղների ու այլ տարրերի այսպիսի սարսափելի քանակությունները։ Ակնհայտ է, որ այսպիսի թունավոր միջավայրն ուղղակի անհամատեղելի է կենսաբանական կյանքի գոյության հետ։ Բաց է մնում միայն այն հարցը, թե պետական լիազոր մարմինները ե՞րբ են հասկանալու էկոլոգիական անվտանգության կարևորությունը և իրականացնելու նմանատիպ խնդիրների լրջագույն մասնագիտական գնահատում, վտանգների կանխարգելում, աղտոտման աղբյուրների և արդեն իսկ աղտոտված տարածքների վնասազերծում։ Իսկ այս բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն հատուկ այդ նպատակների համար ստեղծված դրամագլխին մետաղական հանքեր շահագործող ընկերությունների կողմից կատարած վճարումների հաշվին։

Ավելորդ չենք համարում նաև շեշտել, որ Կավարտի հանքավայրն այնքան էլ մեծ չէ և գրավում է մոտ 10 հեկտար տարածք։ Իսկ Հայաստանում շահագործվում են մետաղական հանքավայրեր, որոնցից յուրաքանչյուրի հանքախորշերի, դատարկ ապարների լցակույտների և պոչամբարների մակերեսները կազմում են հարյուրավոր հեկտարներ։ Ակնհայտ է, որ դրանց առկայության հետևանքով առաջացող աղտոտման ծավալները տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ կլինեն, քան Կավարտի հանքի աղտոտման ծավալներն են։

Թթվային դրենաժի չափազանց լուրջ վտանգ է իր մեջ պարունակում նաև շահագործման նախապատրաստվող Ամուլսարի բարձր սուլֆիդային ոսկու հանքավայրը, որի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ և հսկայական քանակության ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներ (կապար, մկնդեղ (արսեն), քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր, սնդիկ): Ուղղակի մեկ անգամ ևս նայեք փոքրիկ Կավարտի հանքի ջրերի աղտոտման մակարդակը և մտովի պատկերացրեք, թե ինչպիսի աղետալի աղտոտում է սպասվում Ջերմուկի տարածաշրջանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ամուլսարի դեպքում տարեկան նախատեսվում է արդյունահանել և վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար, իսկ բացահանքը, դատարկ ապարների լցակույտն ու ցիանիդային կույտային տարրալվացման հարթակը զբաղեցնելու են մի քանի հարյուր հեկտար տարածք։

Սակայն ՀՀ կառավարությունը, չգիտես ինչու, առանց լրջագույն մասնագիտական անկախ գնահատում և վտանգների մոդելավորում իրականացնելու, թույլատրել է այս ծրագրի իրագործումը։ Եթե մենք չկասեցնենք Ամուլսարի ոսկու ծրագիրը, ապա կունենանք դանդաղ գործունեության հավերժական թթվային ռումբ՝ կախված Ջերմուկի, Որոտան-Արփա ջրատար թունելի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների ու Սևանա լճի, Արփա և Որոտան գետերի ավազանների գլխին, որը ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներով շարունակական աղտոտման կենթարկի մեր Հայրենիքի և տարածաշրջանի քաղցրահամ ջրերի կարևորագույն պաշարները։

Հ․Գ․ ՀԲՃ-ի թիմը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ում բնակվող մեր այն հայրենակիցներին, որոնց ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել այս հետազոտությունը։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Էլ. փոստ`                    armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,