Կապուտան գյուղում դեմ են երկաթի հանքավայրի շահագործմանը | Տեսանյութ
Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչները միանշանակ դեմ են իրենց գյուղից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Աբովյանի երկաթի հանքավայրի շահագործմանը: Հանքավայրի շահագործման հայտ ներկայացրած «ՍՓԱՅՍ ՍԹԻԼ» ՍՊ ընկերության հիմնադիրներն են ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի որդին, ՀՀԿ անդամ Տիգրան Արզաքանցյանը և «ՀԵԴԼԱՅՆ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն: Սրանցից վերջինի մասին մենք համացանցում չգտանք և ոչ մի տեղեկատվություն:
Հունիսի 11-ին բնապահպանների հետ հանդիպման ժամանակ Կապուտանցիները ներկայացրեցին իրենց կարծիքն ու լսեցին մասնագետների մեկնաբանությունները: Նրանք համոզված են, որ հանքի շահագործման դեպքում երկրի երեսից կվերանա ոչ միայն իրենց գյուղն ու հարակից մի շարք բնակավայրեր, արոտավայրերն ու այլ գյուղատնտեսական հողահանդակները, այլ նաև լուրջ էկոլոգիական խնդիրներ կառաջանան Աբովյան և Երևան քաղաքների համար, քանի որ քամիների միջոցով հանքային փոշին կտեղափոխվի տասնյակ կիլոմետրեր: Կաղտոտվեն Երևան քաղաքին խմելու և կենցաղային ջրի 20-25 տոկոսը մատակարարող ջրաղբյուրները:
Գյուղում սկսվել է ստորագրահավաք ընդդեմ այս հանքավայրի շահագործման, որին արդեն միացել են մոտ 300 բնակիչ:
Մանրամասները` տեսանյութում