Ինչո՞ւ չի կարելի շահագործել Ամուլսարը
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում առաջացող ռիսկերը նախ և առաջ կապված են երկրի ռազմավարական ջրային պաշարների հետ, քանի որ հանքավայրի բոլոր ենթակառուցվածքները տեղաբաշխված են Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաև Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սևանա լճի ավազանի մեջ (Սևանա լճի մասին ՀՀ օրենք, հոդված 3): Հանքավայրի շահագործման ընթացքում Որոտան-Արփա թունել կլցվեն նոր որակի թունավոր մետաղների միացություններով [1] հագեցած ջրեր, որոնք հետո կտեղափոխվեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից Արփա-Սևան թունելով կհոսեն Սևանա լիճ` հիմնովին փոխելով նրա ջրերի կազմն ու որակը: Իսկ համաձայն Սևանա լճի մասին ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածների՝ արգելված է ցանկացած գործունեության տեսակ, որը կունենա բացասական ազդեցություն Սևանա լճի էկոհամակարգի վրա: [2] Հայտնի չեն, և հնարավոր չէ կառավարել նաև այն խնդիրներն ու ռիսկերը, որոնք կառաջանան թունելում` հանքավայրի հորատապայթեցման աշխատանքների հետևանքով:
Եթե շահագործվի Ամուլսարը, կարող ենք խաչ քաշել Ջերմուկի վրա
Ամուլսարի նախագիծը կրում է էական վտանգներ Ջերմուկ առողջարանային քաղաքի համար, որը գտնվում է Ամուլսարից 8 կմ հեռավորության վրա: Ջերմուկի զարգացման պլանի համաձայն՝ զբոսաշրջության գոտու սահմանը մոտենում է Ամուլսարին 2-4 կմ տարածության վրա: Ջերմուկը, որն իր հանքային աղբյուրների շնորհիվ համարվում է բուժման բարձր վարկանիշ ունեցող կենտրոն, կկորցնի առողջարանային գոտի լինելու համարումը, իսկ նրա բնակչության մեծամասնությունը կմնա անգործ: Կառավարելի չեն նաև հանքավայրի շահագործման ժամանակ իրականացվելիք բազմահազար պայթյունների ազդեցությունը հանքային ջրի աղբյուրների վրա: Այնպես որ, եթե վերոնշյալ հանքավայրը շահագործվի, մենք պետք է խաչ քաշենք Ջերմուկի՝ որպես հանգստյան գոտու վրա:
Ամուլսարի նախագիծը վտանգում է Կարմիր գրքում գրանցված տեսակներ
2013 թ-ին WWF-Հայաստանի հրապարակած տվյալների համաձայն՝ Ամուլսարի նախագծի քարտեզի վրա նշված են 1 բուսատեսակի, 18 տեսակի թռչունների և 4 տեսակի կաթնասունների բնադրավայրեր: Բոլոր տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Մինչդեռ Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածն արգելում է հանքավայր բացել Կարմիր գրքում գրանցված տեսակների բնակավայրերում և կենդանիների միգրացիոն միջանցքներում:
Օգտագործվելու է խիստ թունավոր միացություն՝ ցիանիդի լուծույթ
Գեոթիմ ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ հանքավայրի շահագործման համար օգտագործելու է ցիանիդի լուծույթ, որի ներգործությունը խիստ վտանգավոր է մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար: [3] Երկրաբանական հետազոտությունների ընթացքում արված նմուշների անալիզներից հայտնի է, որ հանքավայրում մեկ տոննա հանքաքարը պարունակում է 0,8-0,9 գրամ ոսկի: Մնացած ուղեկցող տարրերը` կադմիումը, կապարը, մկնդեղը և այլն, շրջակա միջավայրի համար ագրեսիվ միացությունների տեսքով ցրված կմնան լցակույտերում, օդի ու արևի ազդեցության տակ, կսկսեն տարածվելով թունավորել ջուր, հողը, օդը: Ուստի, վտանգվում է նաև Ամուլսարի հանքավայրի հարակից տարածքները՝ այգիները, արոտավայրերը, խոտհարքերը, արտերի բուսականությունը, ինչի հետևանքով կաղտոտվի նաև այս տարածքներից ստացվող սնունդը՝ դառնալով իրական վտանգ մարդկանց առողջության համար:
Կարող է առաջանալ ռադիացիոն թունավորման վտանգ
Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործումը կարող է ազդել նաև ուրանի հանքավայրի վրա [4]՝ առաջացնելով տարածքի ռադիացիոն թունավորում՝ ներառյալ Ջերմուկը, և հարակից գյուղերը: Ռադիացիոն վտանգի մասին նշված է նաև Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ և ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահի նամակում:
Միջազգային չափանիշների, մարդու իրավունքների և պատասխանատու հանքարդյունաբերության մասին բարձրաձայնող բանկերն ու միջազգային կառույցները տեղյա՞կ են, թե օրենսդրական ինչ ակտեր են խախտվում Ամուլսարի հանքի շահագործումով և ինչ վտանգների են ենթարկվում մարդկանց առողջությունն ու շրջակա միջավայրը: Եթե այս տեղեկություններն ունենալով նրանք շարունակում են ֆինանսավորումը, ապա ստիպված կլինենք փաստել, որ նրանք կամ բիզնես շահի պատճառով աչք են փակում նշված կոպիտ խախտումների վրա կամ աշխատում են երկակի չափանիշներով:
Շահագործման ժամկետներն ավելի շատ թալան են հիշեցնում
Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքների ժամանակացույցը արդեն որոշված է: ՀՀ կառավարության թույլատվությամբ՝ 10,4 տարում նշված սարի ընդերքից արդյունահանվելու է տարեկան 10 մլն տոննա հանքաքար: Այնինչ նման հանքարդյունաբերությունը կամ չպետք է թույլատրվեր, կամ էլ պետք է (անգամ անհրաժեշտության դեպքում) շահագործվեր առնվազն 120-150 տարում:
Ի՞նչ է մնալու մեզ Ամուլսարի շահագործումից հետո:
Ամուլսարի շահագործումից հետո մնալու են ծանր մետաղներով և թունավոր տարրերով ավելի քան 122 մլն տոննա փշրված ու մանրացված հանքաքարեր, ինչպես նաև նույն տարրերով ավելի թույլ հանքայնացված առնվազն 342,7 մլն տոննա դատարկ ապարներ:
Ամուլսարն ունի ռազմավարական աշխարհագրական տեղադիրք
Ամուլսարը գտնվում է Հայաստանի համար խիստ ռազմավարական նշանակություն ունեցող վայրում՝ Սյունիքի մարզը Վայոց Ձորին և Արցախին կապող տարածքում: Ազգային անվտանգության տեսանկյունից մենք իրավունք չունենք որևէ տնտեսական գործունեության պատճառով թուլացնել այս ռազմավարական շրջանը, աղտոտել այս տարածքները, դեռ մի բան էլ ավելին՝ աղտոտման լուրջ վտանգի տակ դնել Վայոց Ձորն ու Սյունիքի մարզը սնող խմելու և ոռոգման ջրերը:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ մենք Ամուլսարի ծրագիրը գնահատում ենք որպես դավաճանություն Հայաստան պետության նկատմամբ:
[1] Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում խոստացված 2.5 միլիոն ունցիա ոսկու արդյունահանման դեպքում կգոյանա հսկայական լցակույտ:[2] Հենց այս պատճառով Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը դեռ 2012թ-ին տվեց բացասական եզրակացություն Ամուլսարի հանքավայրի բաց շահագործման նախագծին:
[3] Բացի դրանից, ոսկու կորզումից առաջանալու են կապարի էլեմենտներ, որոնք կնպաստեն հատկապես քաղցկեղային, սրտանոթային հիվանդությունների ու հետծննդյան արատների ավելացմանը: Ավելին, ցիանային արտադրամասն ընկերությունը ցանկանում է կառուցել Գնդեվազ գյուղի տարածքում՝ 280 տնտեսություններում առկա ծիրանի այգիներում, գյուղատնտեսական այլ հողերում:
[4] Գիտական հոդվածներում նշվում է նաև, որ Ամուլսարի հանքավայրը պարունակում է 75 տոննա ուրան և 100 տոննա թորիում (Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները գիտական հոդված, (Горный журнал ռուսական գիտական պարբերականի 2007թ. 6-րդ համար):
Աղբյուրներ
http://www.irates.am/hy/1412327421
http://ecolur.org/hy/news/mining/environmental-expertise-must-turn-down-amulsar-project/6620/