Գտեք բարեգործների կապը հանքակերների հետ
Լիդիան Արմենիան (նախկինում Գեոթիմ) այն ընկերությունն է, որն աչք է դրել Ջերմուկի հարևանությամբ գտնվող Ամուլսարի վրա՝ նպատակ ունենալով քիմիական խիստ թունավոր եղանակով՝ ցիանիդային տարրալվացմամբ կորզել այս լեռից ոսկի։ Ընկերությունը հիմնադրվել է 2005 թվականին, չունի հանքարդյունաբերական որևէ փորձ, բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Լիդիան Ինթերնեյշնլ ԲԲ ընկերությանը (Lydian International), որը գրանցված է Ջերսի օֆշորային գոտում (Նորմանդյան կղզիներ / Channel Islands)։ Ջերսին համարվում է ինքնավար գոտի՝ սեփական օրենսդրությամբ և կառավարմամբ, սակայն գտնվում է Մեծ Բրիտանիայի թագուհու հպատակության ներքո։ Մեծ Բրիտանիայի օրենսդրությունն այս գոտու վրա անմիջականորեն չի տարածվում, յուրաքանչյուր օրենսդրական ակտ քննվում և ընդունվում է Ջերսիի ինքնավար կառավարության կողմից:
Այդուհանդերձ Ջերսիի հարյուր հազարը չգերազանցող բնակիչներն ունեն բրիտանական անձնագրեր։ Ֆինանսական դրախտ (tax heaven) համարվող այս գոտին ապահովում է օրենսդրական հիանալի պայմաններ ընկերությունների համար, որոնք կարողանում են թաքցնել իրենց հիմնադիր և շահառու բաժնետերերին (beneficiary owners), փոխկապակցված շահառուներին (affiliated beneficiaries), այս գոտիները նաև ունեն շատ ցածր հարկային դաշտ և մատուցում են, ըստ իրենց, հարստության կառավարման լավագույն ծառայություններն աշխարհում (wealth management services)։ Լիդիան Ինթերնեյշընըլը 2008 թվականից գրանցված է նաև Տորոնտոյի արժեթղթերի շուկայում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում տեղեկանալ Լիդիան Ինթերնեյշնլի արժեթղթերի տերերի (բայց ոչ հիմնադիր և շահառու բաժնետերերի) մասին։
Ովքե՞ր են աջակցում Լիդիանին: Այստեղ չենք ներկայացնում տարբեր ներդրումային ընկերություններին ու ֆինանսական շուկայում խաղացող հեջ-ֆոնդերին (hedge fund, սահմանափակ պատասխանատվությամբ ներդրողներ, որոնք կիրառում են ռիսկային մեթոդներ, օրինակ ներդրում են պարտքով վերցված գումարներ՝ հույս ունենալով ապահովել կապիտալի խոշոր վերադարձ): Ավելի հետաքրքիր է Ամուլսարի օրինակով ցույց տալ «բարեգործ» հռչակված գործարարների և «զարգացման» կազմակերպությունների կապը հանքակերության հետ: Աչքի են ընկնում նկարում պատկերված գրեթե բոլոր գործարարների բարձր մակարդակի առնչությունները, հատկապես՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ, AGBU) և «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ, EBRD). Lydian International-ի ինստիտուցիոնալ բաժնետերեր, ինչպես նաև խոշոր վարկատու: Ստեղծվել է 1991թ․ Միացյալ Նահանգների և եվրոպական պետությունների կողմից հատուկ ետխորհրդային երկրներում մասնավորեցմանը խթանելու և բիզնեսին աջակցելու նպատակով։
Միջազգային ֆինանսական կորպորացիա, Համաշխարհային բանկի խումբ (ՄՖԿ, IFC, World Bank group). Lydian International-ի ինստիտուցիոնալ բաժնետերեր, ինչպես նաև խոշոր վարկատու: Ստեղծվել է 1956թ․ որպես Համաշխարհային բանկի մասնավոր բիզնեսի խթանման թև։ Արդեն շուրջ 70 տարի անմիջականորեն, ինչպես նաև միջնորդ բանկերի միջոցով վարկավորում է զարգացող երկրներում մասնավոր բիզնեսներ՝ աղքատության կրճատման և զարգացման նպատակով։ Հայաստանում նույնպես մասնավոր բիզնեսի խթանման միջոցով վերջին 20 տարիներին նպատակ է ունեցել նվազեցնել աղքատությունը և խթանել երկրի մասնավորեցումը։
Ամերիաբանկ. իր «սոցիալական և կանաչ» ծրագրերը գովազդող հայաստանյան բանկ, որը 24 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Լիդիան Արմենիա ընկերության հետ Ամուլսարի հանքի շահագործման համար: Ամերիաբանկի բաժնետերից է նաև ՎԶԵԲ-ը, որը փաստորեն բացի անմիջականորեն ֆինանսավորելուց Ամուլսարի ծրագիրը, նաև անուղղակիորեն է մասնակցում հավելյալ ֆինանսավորմանը։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը (IDeA) միտված է Հայաստանում սոցիալական ձեռներեցության գաղափարի զարգացմանը: Հիմնադրամն ունի 10 զարգացման մոդելներ, որոնք երբեմն իրարամերժ են, օրինակ՝ մի կողմից առողջապահություն, գյուղատնտեսություն-ֆերմերություն, մյուս կողմից հանքարդյունաբերություն: IDeA-ի նախաձեռնությունների մեկը Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն է: Հիմնադիրները նաև Ամերիաբանկի հիմնադիրներից են։ Ամուլսարի հանքի հետ կապված 5 «բարեգործ-գործարարներից» 4-ը IDeA հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձու կամ նվիրատու են:
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ, AGBU) աշխարհի ամենախոշոր հայկական հասարակական կազմակերպությունն է: Ամուլսարի հանքի հետ կապված 5 «բարեգործ-գործարարներից» 4-ը ՀԲԸՄ-ի տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ են:
-
Արմեն Սարգսյան. 1991-95թթ. և 2013թ. սեպտեմբերից մինչև օրս ՀՀ դեսպանն է Մեծ Բրիտանիայում: 1996-97թթ. մի քանի ամսով ՀՀ վարչապետն է եղել: 2013թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին եղել է Lydian International-ի տնօրենը: Այս շրջանում կարգավորել է ՀՀ կառավարության կողմից տարբեր թույլտվությունների ստացումը, ինչպես նաև կարևոր ֆինանսական կազմակերպությունների աջակցությունը Ամուլսարի հանքարդյունաբերության ծրագրին: Այս նույն շրջանում կազմակերպել է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի այցելությունը Հայաստան՝ “Երևան, իմ սեր” ծրագրի շրջանակում, որը հավելյալ հետաքննության կարիք ունի: 1993-2000թթ. Սարգսյանը հանդիսացել է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի և ՎԶԵԲ կառավարչի հատուկ խորհրդատու: IDeA հիմնադրամի Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է:
-
Ռուբեն Վարդանյան. Ռուսաստանցի խոշոր գործարար, որը ներկայանում է նաև որպես բարեգործ: Ռուսաստանի «Sberbank CIB» բիզնես-խմբի հիմնադիրներից է: Հիշեցնենք, որ այս խմբավորումը ստեղծվել է ռուսական «Sberbank»-ի և «Тройка Диалог» ընկերության համաձուլումից: Նրա անունը հայտնվել է նաև Պանամայի փաստաթղթերում: Հայաստանում վերջերս առավել հայտնի է դարձել իր բարեգործական գործունեությամբ: Նա IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր է: ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: Միաժամանակ, Ամուլսարի հանքի վարկատու Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անդամ է և հանքի բաժնետեր ու վարկատու Միջազգային ֆինանսական կորպորացիայի տնտեսական խորհրդի անդամ:
-
Նուբար Աֆեյան. Ամերիկացի ձեռնարկատեր է, 2000թ. հիմնադրել է Flagship Ventures-ը, որը ստեղծում և վաղ փուլերում ֆինանսավորում է սթարտափներ՝ առողջապահության և կենսակայունության ոլորտում եղած կարիքները հոգալու համար: Նա IDeA բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ է, Ռուբեն Վարդանյանի հետ միասին հանդիսանում է Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության հիմնադիրներից մեկը: 2012թ-ից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է: Միաժամանակ, ինչպես և Ռուբեն Վարդանյանը, Ամուլսարի հանքի վարկատու Ամերիաբանկի տնօրենների խորհրդի անդամ է:
-
Ժոզեֆ Ուղուրլյան. Lydian International-ի խոշորագույն բաժնետերերից մեկի՝ Amber Capital-ի հիմնադիրն ու տնօրենն է: Նույն ընկերությունը նաև Արցախ ՀԷԿ-ի բաժնետեր է: Նա նաև ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է 2010թ-ից:
-
Վահան Քոլոլյան. Lydian International-ի բաժնետոմսերի 10 խոշորագույն բաժնետերերից մեկն է: 2004-ին հիմնադրել է Terranova Partners ընկերությունը, նաև ներգրավված է հանքարդյունաբերության ոլրտում հետախուզություններ անող ընկերություններում: Ներառված է IDeA հիմնադրամի UWC Դիլիջանի քոլեջի նվիրատուների ցանկում: Թեև ՀԲԸՄ տնօրենների խորհրդի անդամ չէ, սակայն այս կազմակերպության հետ կապեր ունի, առնվազն՝ ծրագրերի համաֆինանսավորման ձևով:
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com