Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն Արարատյան դաշտում
Սա Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է, որը գտնվում է Արարատյան դաշտում՝ Արմաշի և Արարատի ձկնալճակային տնտեսությունների հարևանությամբ։ Պոչամբարի մակերեսը նախագծի համաձայն 135 հեկտար է, սակայն իրականում այն 196 հեկտար է և լցված է մոտ 15 միլիոն խորանարդ մետր պոչանքներով, որոնք հարուստ են ցիանիդով, ինչպես նաև բազմաթիվ ծանր ու վտանգավոր մետաղներով։
Պոչամբարը նախագծվել և կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, գործարկվել է 1976թ-ին։ Այն շահագործում է «Արարատի ոսկու կորզման» ֆաբրիկան, որտեղ վերամշակվում է Սոթքի ոսկու հանքավայրից բերված հանքաքարը։ Պատկանում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությանը։
Սոթքի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ արևելյան մասում, Սևանի լեռնաշղթայի ջրբաժան տեղամասում, Սևանա լճից մոտ 30 կմ դեպի արևելք: Հանքավայրի բացարձակ նիշերը տատանվում են 2150-2530մ: Արտադրական հարթակը (երկաթուղային կայարան, ջարդված հանքաքարի բաց պահեստ) գտնվում է բացահանքից 7 կմ հեռավորության վրա, իսկ Վարդենիս քաղաքից 20կմ հեռավորության վրա: Մոտակա բնակավայրը՝ Սոթք գյուղը, գտնվում է բացահանքից 13 կմ հեռավորության վրա, իսկ արտադրական հարթակից՝ 6կմ: Մոտակա ջրահոսքը Սևանա լիճ լցվող Մասրիկ գետի Սոթք վտակն է:
Սոթքի հանքավայրի տարածքում ոսկի փնտրել են դեռ մեր թվարկությունից առաջ, ինչի մասին են վկայում հին լեռնամշակման աշխատանքների հետքերը բաց և ստորգետնյա հանքում: Սոթքի ոսկու հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռևս 1955թ-ին՝ ուղեկցվելով օբյեկտի շահագործման հետ: Մինչև 2001թ․ հանքաքարի արդյունահանումը իրականացվել է բաց և փակ եղանակով: 2001թ-ից առ այսօր ստորգետնյա հանքում լեռնային աշխատանքները դադարեցված են և շահագործվում է իրականացվում է միայն բաց եղանակով:
Մինչև 1976թ. հանքաքարի հարստացումը իրականցվում էր Սոթքի փորձնական հարստացուցիչ ֆաբրիկայում, իսկ արդեն 1976թ-ից՝ Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայում, որը գտնվում է Արարատի մարզում, Արարատ քաղաքից 3,5 կմ և ֆաբրիկայի բնակելի բանավանից 2,4 կմ հեռավորությունների վրա: Արարատ գյուղը գտնվում է ոսկու ֆաբրիկայից 3,5-4 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք, իսկ պոչամբարը գտնվում է ֆաբրիկայից 5 կմ հեռավորության վրա։
Ոչ մեկն ըստ էության չգիտի և չի ուսումնասիրել, թե ինչ բացասական հետևանքներ են իրականում թողնում այս հանքավայրը, ֆաբրիկան և պոչամբարը բնական միջավայրի ու մարդկանց առողջության վրա։ Առկա է հիմնականում միայն շահագործող ընկերության տվյալներն իրենց գործունեության արդյունքում մթնոլորտ և ջրային համակարգեր արտանետվող տարրերի, դրանց ծավալներն ու բացասական ազդեցությունը նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ։ Բոլոր փաստաթղթերում նշվում է, որ այդ արտանետումների արդյունքում էկոլոգիական խնդիրներ չեն առաջանա։
Սոթքի հանքավայրի տարածքից դուրս եկող աղտոտված ջրերը խառնվում են տարբեր առվակների և լցվում Մասրիկ գետի Սոթք վտակի մեջ։ Պետական մարմինները չունեն սեփական տվյալներ, թե ինչ որակական և քանակական ցուցանիշներ ունեն այդ ջրերը, որոնք Մասրիկ գետով ի վերջո հասնում են նաև Սևանա լիճ։ Կան միայն «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Մասրիկ գետի ջրի որակը գետաբերանում՝ Սևանա լիճ թափվելուց առաջ, 4-րդ (անբավարար) և 5-րդ (վատ) դասի են։
Բնական միջավայրին զգալի վնաս է հասցնում նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը՝ մթնոլորտ արտանետելով 0,083 տոննա տարեկան ծծմբային անհիդրիդ, 80 տոննա տարեկան ցիանաջրածին, 17,5 տոննա տարեկան ածխածնի օքսիդ, 1,28 տոննա տարեկան անօրգանական փոշի, 8,04 տոննա տարեկան հանքաքարի փոշի։ Շահագործման ընթացքում պոչամբարում վթարային իրավիճակ դեռևս չի արձանագրվել, սակայն դեպի գործարան ձգվող կոլեկտորում արձանագրվել են մի քանի վթարներ, որի հետևանքով այդ հողատարածքները դուրս են մնացել հետագա գյուղատնտեսական մշակությունից։ Պոչամբարի կառուցվածքի վիճակը կայուն պահպանելու համար օգտագործվում են վերահսկելու համար նախատեսված ստուգիչ և չափիչ սարքեր, կատարվում է տեսչական հսկողություն և ներկայացվում է հաշվետվություն (տվյալների աղբյուրը – 2010թ․, էջ 170)։
Նույն փաստաթղթի 173-րդ էջում գրված է, որ ըստ նորմատիվային փաստաթղթերի՝ սանիտարա-պաշտպանական գոտին սահմանված է 300մ պոչամբարի սահմանագծից։ Սակայն շահագործման ընթացքում պոչամբարի կից տարածքը ներկայումս սեփականության իրավունքով հանձնվել է անհատ ձեռներեցներին, որոնք այդ տարածքում ձկան աճեցման համար կառուցել են լճակներ, որն անթույլատրելի է։ Մնացած ձկնարդյունաբերական լճակները պոչամբարից գտնվում են 1000մ-ից ավել հեռավորության վրա և չեն մտնում հնարավոր վթարից ջրածածկվող տարածքների մեջ։ Պոչամբարի տարածքը բնութագրվում է մեծ քանակի ներգետնյա ջրերի առկայությամբ, որոնց մակարդակը տատանվում է 0-ից մինչև 3 մ։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը 2015թ-ին ներկայացրել է, որ աշխատելու է ջրի շրջանառու համակարգով և որևէ արտահոսք ջրային ավազաններ չի իրականացնելու։ Իսկ ֆաբրիկայից մթնոլորտ սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագծում ներկայացված են մի շարք տվյալներ 1 մլն.տ/տարի մշակվող հանքաքարի արտադրական հզորության պարագայում:
ՍԹԱ նախագծում իմի են բերվել նաև ընկերության՝ մթնոլորտն աղտոտող աղբյուրների արտանետումների որակական և քանակական բնութագրերը։ Արտանետումները պարունակում են աղտոտող նյութերի 12 անվանում` հանքաքարի, ածխի, կրի փոշիներ, կախյալ մասնիկներ, ածխածնի, ազոտի օքսիդներ, աղաթթվի, ազոտական և ծծմբական թթվի գոլորշիներ, քսանթագենատի գոլորշիներ, ցիանաջրածին: Գումարային էֆեկտով օժտված են 3 վնասակար նյութեր՝ բոլոր թթուները: Մթնոլորտ վնասակար արտանետումների տարեկան քանակները և միանգամյա առավելագույն սահմանային թույլատրելի խտությունների արժեքները բերված են աղյուսակ 1-ում: Մթնոլորտ արտանետվող նյութերի տարեկան քանակը կազմում է 47,9 տոննա:
Վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումների հետևանքով բնական միջավայրին հասցված տնտեսական վնասը նախագծով գնահատվել է տարեկան 175,2 միլիոն դրամ: Ընկերությունը կատարել է նաև մթնոլորտն աղտոտող արտանետումների ցրման հաշվարկ համակարգչային «Ռադուգա» (1984թ) ծրագրով: Հաշվարկի արդյունքում հաստատված է, որ մթնոլորտն աղտոտող նյութերի մերձգետնյա կոնցենտրացիաները գտնվում են բնակելի գոտու համար սահմանված նորմերում:
Հատկանշանական է, որ սահմանային թույլատրելի արտանետումների նորմավորման աշխատանքների կատարման համար՝ ընկերությունը բացի վերոնշյալ «Ռադուգա» ծրագրից և ՀՀ կառավարության մի շարք որոշումներից, օգտագործել է միայն անցած դարի 70-80 ական թվականների խորհրդայի ստանդարտներն ու մեթոդիկաները և հետագա տարիների բացառապես ռուսալեզու աղբյուրները։ Սակայն դա ամենևին չի խանգարել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դրանք համարի ժամանակակից և արժանահավատ։
Թե ինչպիսի իրական աղտոտում և այլ բացասական էկոլոգիական հետևանքներ են առաջանում այս ֆաբրիկայի և պոչամբարի շահագործման հետևանքով՝ ըստ էության չգիտի ոչ մի պետական կառույց։ Բոլոր փաստերը հիմվում են գերազանցապես միայն շահագործող ընկերության ներկայացրած տվյալների վրա, որը չի կարող ընդունելի տարբերակ համարվել։
Որպես այլընտրանքային համեմատության աղբյուր ունենք Արարատ քաղաքի դպրոցների և մանկապարտեզների խաղահրապարկների և արտաքին ընդհանուր օգտագործման հողածածկ մակերեսներ հողի հետազոտման արդյունքները, որոնք արել է Հայաստանի Ամերիկյան համալսարանն ու հրապարակել 2016թ-ին։ Ընդհանուր առմամբ վերցվել է հողի 52 նմուշ, որոնց մեջ որոշվել են արսենի (մկնդեղ), պղնձի, կադմիումի, սնդիկի և կապարի կոնցենտրանցիաները։ Դրանք լիարժեք և բավարար համարվել իհարկե չեն կարող, բայց գոնե տալիս է իրավիճակի մոտավոր պատկերը։
- Արսենի կոնցենտրացիաները վերցված հողի նմուշներում տատանվել են 7,35-ից 23,94 մգ/կգ արժեքների տիրույթում։ Դրա բոլոր նմուշների միջին երկրաչափական արժեքը գերազանցել է ՀՀ հողի ստանդարտը 6,5 անգամ։
- Կադմիումի կոնցենտրացիաները տատանվել են 0,10-0,82 մգ/կգ արժեքների տիրույթում։ ՀՀ հողի ստանդարտներ այս մետաղի համար չկան համեմատություն անելու համար, բայց հողի մի շարք նմուշներում կադմիումի կոնցենտրացիան մի քանի անգամ գերազանցել է այնպիսի երկրների միջազգային ստանդարտները, ինչպիսիք են Չինաստանը և Շվեդիան, որոնք ունեն ամենախիստ ստանդարտները (0,3-0,4 մգ/կգ)։
- Պղնձի կոնցենտրացիաները հողի նմուշներում տատանվել են 11,15-103,40 մգ/կգ արժեքների տիրույթում։ Պղնձի համար ՀՀ հողի ստանդարտը 3 մգ/կգ է, այսպիսով, հողի բոլոր նմուշներում այն գերազանցվել է միջինում 14,7 անգամ։
- Կապարի արժեքները հողի նմուշներում տատանվել են 25,3-96,57 մգ/կգ տիրույթում։ Կապարի համար ՀՀ հողի ստանդարտը 32 մգ/կգ է, այսինքն կրկին կան գերազանցումներ։
- Սնդիկի կոնցենտրացիաներն Արարատի հողի նմուշներում տատանվել են 0,37-2,37 մգ/կգ տիրույթում։ Այս թվերը սնդիկի ՀՀ հողի ստանդարտից բարձր չեն, բայց գերազանցում են Չինաստանի, Նորվեգիայի և Շվեդիայի ընդունած ստանդարտները։
Այս դրվագային հետազոտությունները ցույց են տալիս, որ Արարատում կա հողի ծանր մետաղներով աղտոտվածության խնդիրներ և հետազոտողներն անհրաժեշտ են համարում այլ տարածքների ուսումնասիրություններ՝ անպայման ավելացնելով ուսումնասիրվող մետաղների ցանկը․ քրոմ, ցինկ, նիկել, մագնեզիում, մանգան, կոբալտ, սելեն, թելուր, բիսմութ և այլն։ Նաև առաջարկվում է իրականացնել շարունակական մշտադիտարկում՝ հետազոտելու հանքարդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեության պատճառով ծանր մետաղներով հողի աղտոտվածությունը։
Մեր ունեցած տվյալներով Արարատի պոչամբարի ազդեցությունը ստորեկրյա ջրերի և հարակից ձկնաբուծական տնտեսությունների վրա ընդհանրապես ուսումնասիրված չէ ու հայտնի չէ, թե կա՞ն արդյոք վտանգներ ջրային այդ ավազանների համար։ Պետք է անպայման իրականացնել ջրերի նմուշառում և դրանց մեջ ցիանիդի, այլ քիմիական միացությունների և ծանր մետաղների կոնցենտրացիաների հետազոտություններ։
Վերջում խորհուրդ ենք տալիս դիտել նաև լրագրող Թեհմինե Ենոքյանի նկարահանած «Պոչամբարները՝ «նվեր»» տեսաֆիլմը․
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ armecofront@gmail.com