News

Անհրաժեշտ է վնասազերծել մետաղական հանքերի շահագործման հետևանքով աղտոտվող տարածքները․ առաջարկ ՀՀ կառավարությանը

Հայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով սկզբում լուծել Հայաստանի լեռնահանքային շրջանների աղտոտված և աղտոտվող տարածքների էկոլոգիական խնդիրները, ներկայացնել դրանց դրական արդյունքները ժողովրդին և հետո նոր միայն մտածել նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման թույլատրելիության մասին։

Դիմումում մասնավորպես նշված է․

«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը նմուշառել և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենտրոնական անալիտիկ փորձարկման լաբորատորիայում (հավատարմագրման վկայագիր № 027/T-027) տարրալուծման է հանձնել Հայաստանի երկու լքված հանքավայրերի (Կավարտ և Տանձուտ) տարածքից դուրս եկող ջրերը։ Ստացված արդյունքներն երկու դեպքում էլ շոկային էին: Այդ ջրերի աղտոտման մակարդակները տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցում են Հայաստանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։ Ձեր ուշադրության ենք ներկայացնում ենք այդ տվյալներն ամփոփող աղյուսակները․4
Աղյուսակ

Ապացուցելու կարիք չկա, թե ինչպիսի բացասական ազդեցություն ունեն բնական միջավայրի և մարդկանց առողջության վրա ծանր և վտանգավոր մետաղների ու այլ տարրերի այսպիսի սարսափելի քանակությունները։ Ակնհայտ է, որ այսպիսի թունավոր միջավայրն ուղղակի անհամատեղելի է կենսաբանական կյանքի գոյության հետ։ Միջոցների սղության պատճառով մենք կարողացել ենք ուսումնասիրել միայն որոշ տարրերի պարունակությունները։ Համոզված ենք, որ ավելի լայն սպեկտրով անալիզներ անելու դեպքում՝ նմանատիպ վիճակ կլինի նաև այլ տարրերի և ցուցանիշների համար։

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կարդալ հետևյալ երկու հոդվածները՝ «Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում» և «Ծանր մետաղների և ծծմբաթթվի մահաբեր պարունակություն Տանձուտի հանքի դարավոր թթվային դրենաժի ջրերում»։

Ցավոք բաց է մնում այն հարցը, թե պետական լիազոր մարմինները ե՞րբ են հասկանալու էկոլոգիական անվտանգության կարևորությունը և իրականացնելու նմանատիպ խնդիրների լրջագույն մասնագիտական գնահատում, վտանգների կանխարգելում, աղտոտման աղբյուրների և արդեն իսկ աղտոտված տարածքների վնասազերծում։ Ամիսներ առաջ ՀՀ վարչապետին մեր ուղղած հարցումներից մեկի պատասխանում բնապահպանության նախարարությունից նշել էին, որ նմանատիպ միջոցառումներ կարող են իրականացվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին։ Կարծում ենք վաղուց ժամանակն է խոսելուց բացի նաև իրականում կատարել այդ աշխատանքները և առաջարկում ենք ՀՀ կառավարությանը․

  1. Այդ դրամագլխի կամ այլ միջոցների հաշվին իրականացնել վերոնշյալ լքված հանքավայրերի առաջ բերած էկոլոգիական բացասական հետևանքների մանրակրկիտ գնահատում և ուսումնասիրություն, հոսքաջրերի մաքրման կայանների նախագծում, տեղադրում և հետագա սպասարկում, թթվային դրենաժի հետևանքով աղտոտվող ջրերի, աղտոտված հողերի լիարժեք մաքրում և վնասազերծում։
  2. Որպես վերջնական արդյունք իրականացնել այդ լքված հանքերի փակում և ամբողջական ռեկուլտիվացում։

Այս աշխատանքներն իրականացնելուց, ինչպես նաև լեռնահանքային շրջանների մնացած աղտոտված ու աղտոտվող տարածքների խնդիրները լուծելուց և այդ ամենի դրական արդյունքը հանրությանը ներկայացնելուց հետո միայն ՀՀ կառավարությունը կարող է իրեն իրավունք վերապահել խոսելու նորանոր հանքավայրերի ուսումնասիրման կամ շահագործման մասին։

Ավելորդ չենք համարում շեշտել, որ Կավարտի և Տանձուտի լքված հանքավայրերն այնքան էլ մեծ չեն և գրավում են ընդամենը մի քանի հեկտար տարածք։ Իսկ Հայաստանում շահագործվել և շահագործվում են մետաղական հանքավայրեր, որոնցից յուրաքանչյուրի հանքախորշերի, դատարկ ապարների լցակույտների և պոչամբարների մակերեսները կազմում են հարյուրավոր հեկտարներ։ Ակնհայտ է, որ դրանց առկայության հետևանքով առաջացող աղտոտման ծավալները տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ կլինեն, քան մեր ներկայացրած հանքերի աղտոտման ծավալներն են։

Թթվային դրենաժի չափազանց լուրջ վտանգ է իր մեջ պարունակում նաև շահագործման նախապատրաստվող Ամուլսարի բարձր սուլֆիդային ոսկու հանքավայրը, որի ապարներում կա թթվագոյացման մեծ ներուժ և հսկայական քանակության ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներ և այլ տարրեր (կապար, մկնդեղ (արսեն), քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր, սնդիկ): Ուղղակի մեկ անգամ ևս նայեք Կավարտի և Տանձուտի փոքրիկ հանքերիի ջրերի աղտոտման մակարդակը և մտովի պատկերացրեք, թե ինչպիսի աղետալի աղտոտում է սպասվում Ջերմուկի տարածաշրջանի հանքային և քաղցրահամ ջրերին ու Սևանա լճին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ամուլսարի դեպքում տարեկան նախատեսվում է արդյունահանել և վերամշակել 10 միլիոն տոննա հանքաքար, իսկ բացահանքը, դատարկ ապարների լցակույտն ու ցիանիդային կույտային տարրալվացման հարթակը զբաղեցնելու են մի քանի հարյուր հեկտար տարածք»։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ`
armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,