News

Անվճար պահպանակներ Ամուլսարի ոսկու ծրագիրը ֆինանսավորող ՎԶԵԲ-ին (տեսանյութ)

2017 թվականի մարտի 7-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական միության և Շվեդիայի կառավարության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կողմից հովանավորվող «Գործարար կանայք» ծրագիրը։ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամները միջամտեցին միջոցառման բնականոն ընթացքին և ներկայացրեցին ՎԶԵԲ-ի կողմից հսկայական աջակցություն ստացած Ամուլսարի ոսկու ծրագրի խնդիրները՝ հատկապես կապված տեղաբնակ կանանց ու աղջիկների հետ։

Եվրոպացի պաշտոնյաներին պահպանակների հետ միասին փոխանցվեց նաև տեղեկատվական թերթիկ, որի բովանդակությունը ցանկանում ենք ներկայացնել նաև հանրությանն ու լրագրողներին։

ՎԶԵԲ-ը խթանում է հանքային թալանը, հանքերը կանանց մղում են մարմնավաճառման․ Գործարար Կանա՞յք

ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ, ՄԻ՛ ԹԱՔՆՎԵՔ ԲԻԶՆԵՍԸ ԽԹԱՆՈՂ ԿԼԻՇԵՆԵՐԻ ԵՎ ՆԵՈԼԻԲԵՐԱԼ ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԵՋ, ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԹԵՄԱՅԻ ՇԱՀԱՐԿՈՒՄԸ, ԵՐԲ ԿԱՆԱՆՑ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՆԱՍԸ ՀԱՍՑՆՈՒՄ ԵՔ ԲԱՆԿԱՅԻՆ ՁԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ

ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ԱՄՈՒԼՍԱՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

«Լիդիան Ինթերնեշնլ» (Lydian International Limited) օֆշորային ընկերությունը, որը ՎԶԵԲ-ի (EBRD) և ՀԲ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC)   ֆինանսավորմամբ հետախուզել է Ջերմուկի հարևանությամբ Ամուլսարում ոսկու հանքի պաշարները և ցանկանում է բաց եղանակով արդյունահանել այն, սեփական պատվերով իրականացրած և 2016թ․ մայիսին պաշտոնապես հրապարակված՝ «Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում» (ԲՍԱԳ) փաստաթղթում (ESIA-Environmental and Social Impact Assessment, chapter 6.12, chapter 6.18) հստակորեն ընդունում է հետևյալը։

«Ամուլսարի ծրագիրը տեղի բնակչության դեմոգրաֆիական պատկերի վրա որոշակի ազդեցություն կթողնի: Հիմնական ազդեցությունը բնակչության թվաքանակի աճն է, քանի որ նոր աշխատուժ կժամանի այս շրջան և կխթանի կամայական ներգաղթողների ներհոսք, ինչն էլ փոփոխության կենթարկի տեղի առկա սոցիալական կառուցվածքը: […] Շինարարության ընթացքում առավել շատ աշխատուժի՝ մոտ 1300 աշխատողի կարիք կլինի: Շինարարության ժամանակ անհրաժեշտ հմտություններով աշխատակիցներ ներգրավելու համար նախատեսվում է աշխատողների մոտ 70 տոկոսը ներգրավել այլ մարզերից և այլ երկրներից: Մոտ 500-920 ոչ տեղացի աշխատակիցների համար կկառուցվի բնակելի կացարան, ինչպես նաև կօգտագործվի Ջերմուկի հյուրանոցային և բնակարանային կարողությունները: […] Իսկ հանքի գործունեության ընթացքում կաշխատի մոտ 657 մարդ, որոնցից մոտ 250-ը կբնակվեն Ջերմուկի հյուրանոցներում: Այս աշխատակիցները տեղացիներ չեն լինի և պարբերաբար կայցելեն հանքի աշխատանքներին: Լիդիանը նախատեսում է, որ տեղացի աշխատակիցների թիվը հանքի գործունեության ընթացքում կկազմի մոտ 30 տոկոս:

[…] Տնտեսական հնարավորությունները կառաջացնեն աշխատուժի ներհոսք, որի պոտենցիալը գնահատվում է մոտ 1000 մարդ, մեծ մասը ամուրի տղամարդ: Ջերմուկում հատկապես զգալի կլինի ներհոսքի ազդեցությունը՝ ելնելով ծրագրի տեղակայումից և քաղաքի հնարավորություններից: […] Աշխատուժի ներհոսքը կարող է բացասաբար ազդել կյանքի որակի վրա՝ քաղաքի ենթակառուցվածքների՝ դպրոցների, առողջապահական հաստատությունների, կոյուղիների, աղբավայրերի, ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության արդյունքում: […] Նման ծրագրեր իրականցնելիս Հայաստանի և աշխարհի այլ վայրերի օրինակը որոշակի ընդհանրություններ է առաջ քաշում, երբ մի վայրում մեծ քանակով աշխատողներ են բնակվում, հիմնականում արական սեռի, ամուրի, մի համայնքում տեղակայված, համայնքի հետ անծանոթ: […] Նման իրավիճակները առաջ են բերում ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց՝ վերջինս էլ սերտ առնչվում է սեռավարակների տարածման հետ, ինչպես նաև նկատվում է հանցագործությունների աճ: Նմանատիպ ազդեցությունները հատկապես անհավասարաչափ ուղղակի կամ անուղղակիորեն ազդում են տեղի համայնքների կանանց և աղջիկների վրա:

[…] Ծրագրի հետևանքով սեռավարակների թվի աճի ռիսկը մեծանում է, քանի որ առկա է 4m հասկացության տարածումը, այն է «men, money, mobility and mixing» (տղամարդիկ, փող, շարժականություն և միախառնում): Սա աքրոնիմ է, որը հաճախ օգտագործվում է նկարագրելու արդյունահանող ոլորտի զարգացման ազդեցությունը և այն գործոնները, որոնք կարող են նպաստել սեռավարակների տարածման ռիսկի աճին: […] Հիմնականում տղամարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով եկամուտներ ունեն ծրագրից, ունենում են ֆինանսական միջոցներ սեռական ծառայություններից օգտվելու համար: Հատկապես համայնքի աղքատ կամ խոցելի խմբերը կարող են ենթակա լինել նման իրավիճակի ռիսկերին: Սրան զուգահեռ կարող է նաև զարգանալ «sugar daddy» (հարուստ հովանավոր) երևույթը, երբ լրացուցիչ եկամուտով տղամարդիկ խոցելի տնտեսական կարգավիճակ ունեցող երիտասարդ աղջիկներին դրդում են գործարքային սեռական հարաբերությունների: […] Հատկապես ռիսկային վարքագիծ կարող է դրսևորել շինարարական աշխատանքներին մասնակցող աշխատուժը, ով կունենա եկամուտ, սակայն ժամանցի շատ քիչ հնարավորություններ: Թեև ժամանակավոր կացարանում բնակվող աշխատակիցները (500-920 հոգի) քիչ կառնչվեն համայնքների հետ, սակայն Ջերմուկի հյուրանոցներում մնացող 370 աշխատակիցները կնպաստեն վերոնշյալ սեռական վարքագծի դրսևորման տարածմանը: Ուստի Գնդեվազը և Ջերմուկը հատկապես ռիսկային գոտում են:

[…]Բոլոր համայնքները կարող են սոցիալական խնդիրների առաջ կանգնել, բայց հատկապես Ջերմուկն է, որ փոփոխություններ կզգա, քանի որ այնտեղ կտեղակայվեն մոտ 370 աշխատակիցներ կառուցման և մոտ 250 աշխատակիցներ հանքի գործունեության ընթացքում: Գնդեվազը ևս ազդեցություն կկրի, քանի որ մոտ է գտնվում աշխատողների ժամանակավոր կացարանին: […]Այսպիսով, Ջերմուկի բնութագիրը ընտանեկան զբոսաշրջության կենտրոնից կվերածվի հանքի աշխատակիցների բնակատեղիի: Այս աշխատակիցները կբնակվեն Ջերմուկում մի քանի տարի ուստի այս կերպ կբալանսավորեն տուրիզմից ստացվող եկամուտները հանքի շահագործման ընթացքում»:

Մարմնավաճառության, սեռավարակների տարածման և այս տիպի խնդիրները մեղմացնելուն ուղղված գործողությունների շարքում ընկերությունը նախատեսում է ինչպես կանանց աջակցման ու կրթման ծրագրեր իրականացնել, ինչը, ըստ ընկերության գնահատակնների, հետ կպահի կանանց մարմնավաճառությունից, այնպես էլ պահպանակների լայն հասանելիության ապահովումը հանքի աշխատավայրում և հյուրանոցներում, որպես սեռավարակների կանխարգելման միջոց:

Ամուլսարի ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի» ողջ ծավալին կարելի է ծանոթանալ անգլերենով այս հղումով, իսկ հայերեն ամփոփ նկարագրին այստեղ։

ՇՎԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ (Export Credit Fund) ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԸ

Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացեք նաև «Ամուլսարի հանքն ու Ջերմուկի մշուշոտ ապագան ըստ Լիդիանի» հոդվածը, ինչպես նաև «Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով» վերլուծությունը, ինչպես նաև դիտեք տեսանյութը․


Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com
In English

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , ,