News

Ամուլսարի շահագործումը բերելու է շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը․ դոկտոր Արմեն Սաղաթելյան

Երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը հանքարդյունահանման ոլորտին վերաբերող շատ ուշագրավ դիտարկումներ է արել 1in.am կայքին տված իր հարցազրույցում։ Նա մասնավորապես ասել է, որ մեր կառավարությունը բոլոր օրենքները խախտելով թույլ է տվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, որն անմիջապես վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար։ Դրա շահագործումը բերելու է Որոտան-Արփա-Սևան թունելի քայքայմանը, իսկ հետո նաև այդ շատ վտանգավոր և ռեակտիվ ջրերի դեպի Սևանա լիճ թափանցմանը։

Նա նաև նշել է, որ այսօր մեր ապագան վտանգված է և մենք չունենք նորմալ ազգապահպան գործելակերպ, իսկ տարբեր նախարարությունների քննարկումները կանաչ տնտեսության մասին՝ ուղղակի բլեֆ են և դերասանություն։ «Ռուսական լավ խոսք կա “авось”: Մեր բոլոր որոշումներն ու գործելակերպը այսօր «ավօս»-ին է»՝ վերջում ավելացրել է Արմեն Սաղաթելյանը։

Այդ և մյուս խնդիրներին վերաբերող մանրամասները տեսանյութում․


Ուզում ենք նաև հիշեցնել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Արփա և Որոտան գետերի ջրավաք ավազանում, Ջերմուկից մոտ 7 կմ հեռավորության և ծովի մակարդակից 2800-3000 մետր բարձրության վրա։ Այն ցանկանում է շահագործել 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում ստեղծված, անհայտ ծագման “Lydian International” օֆշորային ընկերությունը։ Նախատեսվում է տարեկան վերամշակել 10 մլն տոննա հանքաքար, ինչն իրականացվելու է նատրիումի ցիանիդի կիրառմամբ՝ Արփա գետից և Գնդեվազ գյուղից մոտ 1000 մետր հեռավորության վրա։

Չնայած Հայաստանի գրեթե բոլոր անկախ մասնագետների, բնապահպանական կազմակերպությունների, Ջերմուկի և Գնդեվազի բնակչության մեծ մասի բացասական կարծիքի, Հայաստանի կառավարությունը թույլ է տվել այս աղետաբեր ծրագրի իրականացումը, որն անկառավարելի վտանգ է ոչ միայն Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրի, այլ նաև Սևանա լճի համար։

Հ․Գ․ Այստեղ կարող եք ծանոթանալ Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ հրապարակված փորձագիտական կարծիքների, վերլուծությունների, հոդվածների ու տեսանյութերի մի մասին։

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,