12 տարում Սևանա լճից «անհետ» կորել է 2 մլրդ խմ ջուր
Իր նախորդ՝ «Սևանա լիճը շարունակում է մնալ «հոգեվարքի» վիճակում» հոդվածում ինժեներ-մեխանիկ Սերգեյ Հաջինյանը պնդում էր, որ լճից մոտ 2 անգամ ավելի մեծ քանակությամբ է ջուր բաց թողնվում, քան իրականում ներկայացնում են պաշտոնական մարմինները։ Ներկայացնում ենք պարոն Հաջինյանի նոր վերլուծական հոդվածը, որտեղ նա սեփական հաշվարկների միջոցով ցույց է տալիս, թե ինչ քանակությամբ ջուր է անհետ կորչում Սևանա լճից։
2002-2013 թվականներին Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում
2002-ից սկսվեց Սևանա լճի «ոսկի դարաշրջանը», նրա փրկության սկիզբը: Ջրի «մեծ ծարավից» տասնամյակներ «թոշնած», լրջորեն խաթարված իր գուցե և անբուժելի էկոհամակարգով արդեն իսկ մահվան եզրին հասած, երկար տարիներ փրկության սպասած Սևանա լճին ձեռք մեկնեց ոչ թե մեր երկրի «փրկիչներից» որևէ մեկը, այլ նա` նորին մեծություն բնությունը, պարգևելով նրան բնակլիմայական հիրավի աներևակայելի բարենպաստ պայմաններ` հորդառատ ու երկարատև մթնոլորտային տեղումներով` կապված մոլորակի համընդհանուր տաքացման հետ։ Կտրուկ ավելացան մթնոլորտային տեղումները լճի ավազանում, և բնության այդ վեհ «առատաձեռնությունը» շարունակվում է մինչ օրս, և հուսանք, որ կշարունակվի հետագայում ևս:
Եվ ահա կատարվեց մեր ողջ ժողովրդի երկար տարիներ երազած, բաղձալի հրաշքը: Ընդամենը 6 տարում (2002-2007 թթ.) լճի մակարդակը բարձրացավ մոտ 2,5 մետրով:
Սակայն, ցավոք, մեր հանրությանն արդեն լավ հայտնի պատճառներով, օլիգարխ-իշխանավորների կողմից, 2008-ից (վերը նշված 12 տարիների երկրորդ կեսից), տարբեր պատրվակներով և պատճառաբանություններով սկսվեց Սևանա լճի մակարդակի հետագա բարձրացումը կասեցնող ապաշնորհ, երկրի ազգային անվտանգությանը խիստ սպառնացող, չափազանց վտանգավոր և կործանարար գործընթացը, ինչն իր բազմաբնույթ բացասական հետևանքներով այսօր էլ շարունակվում է է՛լ ավելի մեծ չափերով, է՛լ ավելի բացահայտ, նպատակադրված և «հետևողական»: Այսպես, եթե այդ 12 տարիների առաջին 6 տարում լճի մակարդակը բարձրացավ վերը նշված 2,5 մ-ով, ապա երկրորդ 6 տարում (2008-2013 թթ.) այն բարձրացավ 2,1 անգամ պակաս` ընդամենը 1,17 մ-ով, չնայած այն բանին, որ այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումների ծավալները քիչ են տարբերվել միմյանցից (մոտ 12 %-ով): Կասեցման փաստն ավելի ակնառու է վերջին 2 տարում` 2012-2013 թթ., երբ լճի մակարդակը բարձրացավ ընդամենը 3 սմ-ով, 30 անգամ պակաս, քան առաջին 2 տարում` 2002-2003 թթ.: Եվ զարմանալի չէ, որ 2012-ը ավարտվեց լճի մակարդակի բացասական հաշվեկշռով:
Հենց այս ամենը դրդեց ծանոթանալու և հաշվարկելու (զուտ պաշտոնական տվյալների հիման վրա) լճի մակարդակի փոփոխությունների 12 տարիների դինամիկան` հայտնաբերելու համար, թե ինչ է կատարվել Սևանա լճի հետ տարիներ առաջ, ինչ է կատարվում այսօր, և ինչ է սպասում նրան վաղը: Հաշվարկը պարզեցնելու նպատակով` լճի հայելու մակերեսից ջրի գոլորշացման առանցքային հարցին կանդրադառնանք առանձին:
1. Պարզվում է, որ այդ 12 տարիների առաջին 6 տարում (2002-2007 թթ.).
ա) Սևանա լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը, ըստ այդ ծավալին համապատասխան լճի մակարդակի բարձրացման ընդհանուր աճի (լճի 1 սմ մակարդակին համապատասխանում է մոտ 12,5 մլն խմ ջուր), կազմել է (գծ.1) 73+72+73+66+54+78=416 սմ(x12,5)=5,20 մլրդ խմ ջուր, որի 1,411 մլրդ խմ-ը լիճ է տեղափոխվել «Արփա-Սևան» թունելով:
բ) Ջրի անկման (ելքի և գոլորշացման) ընդհանուր ծավալը լճից, իր առավելագույն մակարդակին հասնելուց հետո (ինչպես երևում է գծ.1-ում) այդ տարիների վերջին կազմել է 29+24+32+25+36+22=168 սմ (x12,5)=2,10 մլրդ խմ:
գ) Լճում կուտակված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 3,10 (5,20-2,10) մլրդ խմ:
2. Երկրորդ 6 տարում (2008-2013 թթ.).
ա) Լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը կազմել է 49+56+81+60+35+49=330(x12,5)=4,125 մլրդ խմ, որի 0,892 մլրդ խմ-ը լիճ է տեղափոխվել «Արփա-Սևան» թունելով:
բ) Ջրի անկման ընդհանուր ծավալը լճից կազմել է` 43+18+34+37+38+43=213սմ(x12,5)=2,66 մլրդ խմ, որը 0,56 (2,66-2,10) մլրդ խմ-ով ավելի է, քան առաջին 6 տարում:
գ) Լճում կուտակված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 1,465 (4,125-2,66) մլրդ խմ, այսինքն` մոտ 2,1 (3,10:1,465) անգամ պակաս, քան առաջին 6 տարում:
Այսպիսով` 12 տարում.
– Նախնական հաշվարկով Սևանա լիճ է մուտք գործել ընդհանուր առմամբ 9,325 (5,20+4,125) մլրդ խմ ջուր (746 սմ ջրի մակարդակ), որից 2,303 մլրդ խմ-ը` «Արփա-Սևան» թունելով:
– Ոռոգման և այլ նպատակներով լճից բաց է թողվել ընդամենը 2,067 մլրդ խմ ջուր (Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով):
– Լճում փաստացի կուտակվել է 4,565 (3,10+1,465) մլրդ խմ ջուր (365 սմ ջրի մակարդակ), որը ընդամենը 2 անգամ է ավել «Արփա-Սևան» թունելով լիճ մուտք գործած ջրի ծավալից:
– Առաջին 6 տարում լճի մակարդակի միջին տարեկան բարձրացման առավելագույն չափը կազմել է 69 սմ, իսկ երկրորդում` 55 սմ:
– Երկրորդ 6 տարում` առաջինի համեմատ 1,075 (5,20-4,125) մլրդ խմ պակաս ջուր է մուտք գործել լիճ, որից 0,519 (1,411-0,892) մլրդ խմ-ը` 20011-13 թթ. «Արփա-Սևան» թունելով:
Իհարկե, շատ կասկածելի է, որ Սևանա լճի ջրերը «խնայողաբար» օգտագործող իշխանական կառույցները այդ 12 տարում լճից բաց են թողել իրապես զարմանալի փոքր քանակի` ընդամենը 2,067 մլրդ խմ ջուր, որը համարժեք է ընդամենը` մեկ տարում «Սևան-Հրազդան» ջրանցքով ջրի առավելագույն թողունակության (65-70 խմ/վրկ) քանակին:
Ստացվում է, որ այս 12 տարում լճից տարեկան միջին հաշվով բաց է թողվել մոտ 172 մլն խմ ջուր, այսինքն` ճիշտ այնքան, որքան թույլատրված է եղել օրենսդրորեն: Սա նշանակում է, որ փաստորեն լրիվ բացառվում են այդ տարիներին շարունակ թույլատրված չափից շատ ավելի մեծ ծավալների ջրի ապօրինի բացթողումների բացահայտ և անհերքելի փաստերը:
Գուցե դրանով է բացատրվում, որ ոռոգման սեզոնին լճից ջրի բացթողմանը հատկացված ժամանակահատվածը (138 օր) պաշտոնական գրանցումներում որոշ չափով «սեղմված» է (մոտ 20 %-ով) և չի համապատասխանում իրողությանը: Իրականում այդ ժամանակը շատ կարճ ընդհատումներով լիարժեք օգտագործվել է, չհաշված հաճախակի, ժամկետից շուտ ջրի բացթողումների օրերն ու ամիսները (12 տարում` 116 օր, կամ մոտ 4 ամիս), ինչպես նաև այն ամիսները, երբ պահանջվել են ջրի լրացուցիչ բացթողումներ` ատոմակայանի աշխատանքի դադարեցման ժամանակ (եթե այն չի համընկել ոռոգման սեզոնին) «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երն աշխատեցնելու նպատակով:
Կասկած է հարուցում նաև, որ 12 տարում ոռոգման սեզոններին լճից բաց թողված ջրի միջին օրական ծավալը կազմել է ընդամենը 1,4 մլն խմ, ինչը գրեթե հավասար է ջրանցքով ջրի առավելագույն թողունակության քառորդ մասին միայն: Այնինչ այդ տարիներին, որպես կանոն, ջրանցքով շարունակ հոսել է նրա առավելագույն թողունակության առնվազն կես կամ կեսից ավելի ծավալով ջուր, իսկ երբեմն էլ` լրիվ թողունակությամբ: Չէ՞ որ այս ամենին մշտապես տեղյակ և ականատես է եղել մեր հանրությունը և տարիներ շարունակ ահազանգել ու բողոքել է լճից թույլատրված չափից ավելի ջրի բացթողումների առիթներով:
Այժմ անդրադառնանք Սևանա լճի հայելու մակերեսից ջրի տարեկան գոլորշացման ծավալների հնարավոր աճին` կապված լճի մակարդակի բարձրացման գործոնի հետ:
Տարրական հաշվարկը հաստատում է, որ իրոք Սևանա լճի ավազանում մթնոլորտային տեղումների անգամ կտրուկ ավելացումից գրեթե չի աճում ջրի գոլորշացման ծավալը, կախված լճի հայելու մակերեսի մեծացումից` այն շատ չնչին լինելու պատճառով (լճի մակարդակի 50 սմ բարձրացումը բերում է Սևանի հայելու ներկայիս մոտ 1270 քկմ մակերեսի ավելացում ընդամենը 5 քկմ-ով կամ մոտ 0,4 %-ով): Այսպես, 0,4 %-ով լճի հայելու մակերեսի մեծացումը բերում է ջրի գոլորշացման լրացուցիչ, սակայն շատ չնչին ծավալի աճին` մոտ 5 մլն խմ-ի չափով կամ ընդամենը 0,4 սմ ջրի մակարդակ, ինչը թույլ է տալիս մեզ հաշվարկներում անտեսել և հաշվի չառնել ջրի գոլորշացման ծավալների չնչին աճը` կախված լճի մակերեսի մեծացումից:
Ինչ վերաբերում է լճի հայելու մակերեսից ջրի գոլորշացման պրոցեսին, ապա այն մնում է շատ բարդ և դժվարըմբռնելի երևույթ, քանզի այն գոլորշացման իր շատ մեծ ծավալներով (մոտ 1,1 մլրդ խմ) հանդերձ, այնուամենայնիվ, իրականում ոչ մեծ ազդեցություն է ունենում լճի մակարդակի տարեկան անկման չափի վրա տարվա վերջին: Դա բացատրվում է ողջ տարվա ընթացքում լիճ մուտք գործող ջրի անընդմեջ շարունակականությամբ, որը զգալիորեն հավասարակշռում է գոլորշացող ջրի մեծ ծավալների կորուստը լճից, դրանով իսկ բավականաչափ կրճատելով լճի մակարդակի անհամեմատ ավելի մեծ տարեկան անկման չափը ջրի գոլորշացումից։ Հաշվարկի համաձայն` 2003, 2005, 2007, 2009 և 2012 թվականների տարվա վերջին լճի մակարդակի անկման միջին տարեկան չափը ջրի գոլորշացումից (առանց այդ նույն տարիներին լճից բաց թողված ջրի ողջ ծավալին համապատասխան նրա մակարդակի անկման չափի) կազմել է մոտ 12 սմ (12 տարում` 144 սմ կամ 1,8 մլրդ խմ ջուր):
Իհարկե, լճի մակարդակի միջին տարեկան անկման իրական չափը ջրի գոլորշացումից ավելի է, քան վերը նշված 12 սմ-ը, քանզի լճի մակարդակի անկումը մասնակիորեն զսպվել է «Արփա-Սևան» թունելով, մինչև տարվա վերջ շարունակվող ջրհոսքի «օգնությամբ», կրճատելով լճի մակարդակի տարեկան անկման չափը 6-7 սմ-ով:
Այժմ փորձենք բացահայտել ջրի այն քանակը, որը, մուտք գործելով լիճ, այնուամենայնիվ, ամբողջությամբ չի ապահովում իր ծավալին համապատասխան չափի աճ` լճի մակարդակին:
Անհերքելի փաստ է, որ լիճը գրեթե երբեք իր բնական, բացարձակ առավելագույն մակարդակին չի հասնում, քանզի առնվազն հունիսի 15-ին ոռոգման նպատակով սկսված ջրառն ինքնին զսպում, մասնակիորեն կասեցնում է ջրի մակարդակի հետագա բնականոն բարձրացումը: Չլինի այդ «ինքնազսպումը», ջրի առավելագույն մակարդակը կլինի առնվազն 5-6 սմ-ով բարձր գրանցվածից: Գործոն, որը բնորոշ է բոլոր տարիներին` ոռոգման սեզոնի ջրառի դեպքում:
Դա նշանակում է, որ այդ 12 տարում լճի մակարդակի բարձրացման վերը նշված 746 սմ ընդհանուր չափը կավելանա 66 (5,5×12) սմ-ով, լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը հասցնելով` 10,150 մլրդ խմ-ի` 9,325 մլրդ խմ-ի փոխարեն:
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, երբ ջրառը հաճախակի սկսվել է ժամկետից 2-8 օր, իսկ երբեմն էլ ամիսուկես կամ ավելի շուտ (ընդհանուր առմամբ` 116 օր), ապա լճի մակարդակի բնականոն բարձրացումը «լրացուցիչ» զսպող չափը 12 տարում կկազմի առնվազն 24 սմ: Եվ եթե հաշվի առնենք նաև այս «լրացուցիչ» զսպման չափը, ապա կարող ենք հաստատել, որ 12 տարում լիճ է մուտք գործել ընդհանուր առմամբ 10,450 մլրդ խմ ջուր:
Այժմ այս ամենը փորձենք վերլուծել լճի մակարդակի բարձրացման 2010-ի օրինակով, երբ ջրի առավելագույն մակարդակը տարվա սկզբի համեմատ բարձրացավ 81 սմ-ով, հասնելով 1900,04 մ-ի, իհարկե, ոչ առանց Արփա-Սևանի օգնության: Ստորև (գծ. 2) բերված է 2010-ին լիճ մուտք գործած և բաց թողված ջրի կամ նրա մակարդակի աճի և հետագայում անկման դիագրամը:
Նույն այդ դիագրամի վրա զուգահեռաբար փորձել ենք պատկերել այն ենթադրյալ, սակայն իրականությանը շատ մոտ` ջրի մակարդակի փոփոխության կորը, եթե այդ տարում ջրառը սկսվեր ոչ թե հունիսի 15-ից, այլ ապրիլի 23-ից (ինչպես դա եղավ 2008 և 2014-ին), 53 օր ժամկետից շուտ, և բնականաբար կստանանք բոլորովին այլ պատկեր։
Անշուշտ, նրանք, ովքեր արդեն իսկ տեղյակ են «Սևան-Հրազդան» ջրանցքով բաց թողված ջրի մեծ ծավալների ակնհայտ փաստին, կարող են կռահել, որ ջրի` 53 օր շուտ բացթողմամբ լճի իրականում բարձրանալիք մակարդակի առավելագույն չափը 1900,04 մ-ից կիջներ 1899,92 մ-ի (մակարդակի տարեկան աճը` 81 սմ-ից իջնելով 69 սմ-ի), ջրի մակարդակին համապատասխան իր 12 սմ-ով և 150 մլն խմ ծավալով, որը չի արձանագրվում որևէ մեկի կողմից, կամ որևէ տեղ և, բնականաբար, այդ «խոհանոցին» անծանոթ մարդը այդպես էլ անտեղյակ կմնա, որ «անհետացել» է կամ, թերևս, ընդհանրապես «չի եղել» 150 մլն խմ ջուրը, իր ծավալներին համապատասխան` արտադրած էլէներգիայով, ոռոգած տարածքներով և այլն: Նա չի էլ կարող կռահել, որ բաց է թողվել, սակայն ոչ մի տեղ չի գրանցվել 34 սմ ջրի մակարդակի անկմանը համարժեք 425 մլն խմ ջուր: Նրան հայտնի կլինի միայն պաշտոնական տեղեկատվությամբ ներկայացված 22 սմ-ը, իրեն համարժեք 275 մլն խմ-ով (ըստ դիագրամի), որը մոտ 1,6 անգամ պակաս է, քան իրականում բաց թողվածը:
Այնպես որ ժամկետից շուտ ջրի բացթողման գուցե և հիմնական նպատակներից է նաև «օգտագործել» բաց թողվող ջրի իրականում, փաստորեն, «աչքից լրիվ թաքնված» լինելու և դրանով իսկ պայմանավորված, հետագայում այն անվերապահորեն չբացահայտվելու հանգամանքը, որպես լճից բաց թողված ջրի մեծ ծավալների իրական չափերը «փոքր թվերի» հետևում թաքցնելու և կոծկելու միջոց:
Վերջում արձանագրենք Սևանա լճում 12 տարում (2002-2013 թթ.) տեղի ունեցած ջրի ծավալների փոփոխման հաշվարկի ամփոփ արդյունքները 01.01.2014-ի դրությամբ.
-լիճ է մուտք գործել մոտ ……………………….. 10,450 մլրդ խմ ջուր (836 սմ)
-լճից բաց է թողվել ………………………………. 2,067 մլրդ խմ ջուր (165 սմ)
-լճում կուտակվել է ……………………………… մոտ 4,565 մլրդ խմ ջուր (365 սմ)
-լճի մակարդակի անկումը գոլորշացումից ….. մոտ 144 սմ կամ1,8 մլրդ խմ ջուր:
Մնում է պարզել այդ տարիներին լճում տեսականորեն (հաշվարկով) կուտակված, սակայն իրականում գոյություն չունեցող մոտ 2,018 մլրդ խմ (161 սմ) ջրի հսկայական ծավալների «անբացատրելի» կորստի պատճառները, որն իր ծավալով գրեթե հավասար է այդ նույն 12 տարում լճից ոռոգման և այլ նպատակներով բաց թողված ջրի ողջ քանակին (2,067 մլրդ խմ):
Եթե այդ կորստին ավելացնենք նաև այն, որ 2014-ին լճի մակարդակը կարող էր բարձրանալ ևս 36 սմ-ով (2002-2011 թթ. լճի մակարդակի միջին տարեկան աճը), որը, ցավոք, նույնպես, ինչպես 2012-ին, ավարտվեց բացասական հաշվեկշռով, ապա լճի մակարդակն այսօր մոտ 2 մետրով բարձր կլիներ ներկայիս մակարդակից, իսկ ջրի պաշարները Սևանա լճում` մոտ 2,5 մլրդ խմ-ով ավելի:
Վերջում նշենք, որ 2012-2014 թթ. լճի մակարդակի աճը բացասական հաշվեկշռով ավարտվեց, և դա այն դեպքում, երբ առաջին երեք տարում (2002-2004 թթ.) այն բարձրացել է 133 սմ-ով։
Գուցե և, այսպիսի մեծ ծավալների ջրի «չբացահայտված» կամ «չհաշվառված» կորստի փաստը կօգնի իշխանություններին այսուհետ փոքր-ինչ քաղաքակիրթ, սրտացավ և առանձնահատուկ մեծ ուշադրությամբ և խնամքով վերաբերվելու մեզ և մեր սերունդներին պատկանող անգնահատելի մեծ հարստությանը, ինչպիսին է Սևանա լիճը:
Ս. ՀԱՋԻՆՅԱՆ
Հ. Գ. Ծանոթանանք Հայպետհիդրոմետի, Սևանա լճի խնդիրների հետ կապված մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտների և այլ ծառայությունների կողմից (ոչ առանց ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերով հատուկ հանձնաժողովի անմիջական մասնակցության) համատեղ ծրագրված` Սևանա լճի մակարդակի 01.01.2009-ից բարձրացման հեռանկարային ժամանակացույցին. «Սևանա լիճ մուտք գործող ջրի ծավալը 23 տարիների (մինչև 2031-ը) ընթացքում կկազմի 10,043 մլրդ խմ, ոռոգման նպատակով բաց կթողվի 3,803 մլրդ խմ և մակարդակի նիշը կհասնի 1903,5 մ, որ կկուտակի 6,240 մլրդ խմ լրացուցիչ ջուր»:
Սա նշանակում է, որ լճի մակարդակի միջին տարեկան բարձրացումը սահմանափակվում է 20 սմ-ով, երբ 2002-ից սկսած այն «ի վիճակի» է տարեկան բարձրանալու 35-40 սմ-ով և ավելի: