Արդյո՞ք գնահատվել ու փորձաքննվել են Ամուլսարի թթվային դրենաժի էկոլոգիական հետևանքները․ հարցում բնապահպանության նախարարությանը
Հանքերի թթվային ապարների դրենաժը լրջագույն և անկառավարելի էկոլոգիական խնդիր է, որն անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում և կարող է շարունակվել հարյուրավոր տարիներ։ Այս խնդրի հետ կապված Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հարցում է ուղղել ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որի բովանդակությունը ցանկանում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը․
«“Lydian International” ընկերությունը 2014 և 2015 թվականներին պատվիրել է երկու հետազոտություն “Global Resource Engineering” ընկերությանը, որոնք մեր ունեցած տեղեկություններով հասանելի են միայն անգլերեն։ Դրանք են․ Amulsar Geochemical Characterization and Prediction Report – 31․08․2014 և Amulsar Acid Rock Drainage Management Plan (ARDMP) – 19․02․2015։ Քանի որ բնապահպանության նախարարության կողմից 2016 թվականի ապրլի 29-ին տրված թիվ ԲՓ 35 դրական փորձաքննական եզրակացության մեջ ոչ մի խոսք չկա այս փաստաթղթերում ներկայացված խնդիրների վերաբերյալ՝ խնդրում ենք պարզաբանել․
1․ Արդյո՞ք կան այս հետազոտությունների հայերեն տարբերակները, եթե այո, ապա որտե՞ղ է կարելի ծանոթանալ դրանց։
2․ Արդյո՞ք բնապահպանության նախարարության փորձագետները կամ այլ մասնագետներ, ինչպես նաև պետական այլ մարմինների ներկայացուցիչներ, պետական գնահատման և փորձաքննության գործընթացի ընթացքում գնահատել և փորձաքննել են վերոնշյալ երկու հետազոտությունները։ Եթե այո, ապա որտե՞ղ է կարելի ծանոթանալ այդ մասնագիտական գնահատականների և փորձաքննության եզրակացությունների արդյունքներին։
3․ Ինչպե՞ս է ստացվել, որ ԲՓ 35 դրական փորձաքննական եզրակացության մեջ չկա ոչ մի խոսք ոսկու և արծաթի հանքավայրերի շահագործման ընթացքում համաշխարհային մասշտաբով ամենալրջագույն էկոլոգիական խնդրի՝ հանքերի թթվային դրենաժի մասին»։
Հ․Գ․ Ամուլսարի ոսկու ծրագիրը հավերժական թթվային ռումբ է, որն էկոլոգիական աղետի պատճառ կդառնա Ջերմուկի, Որոտան-Արփա ջրատար թունելի, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարների ու Սևանա լճի, Արփա և Որոտան գետերի ավազանների համար։ Հանքի շահագործման դեպքում հարյուրավոր տարիների ընթացքում ծանր, վտանգավոր և ռադիոակտիվ մետաղներով շարունակական աղտոտման են ենթարկելու մեր Հայրենիքի և տարածաշրջանի քաղցրահամ ու հանքային ջրերի կարևորագույն պաշարները։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com