News

Անհրաժեշտ է խստացնել բնապահպանական խախտումների համար կիրառվող պատժամիջոցները

2

Մեգաէներջի ՍՊԸ-ն Խաչաղբյուր-2 փոքր ՀԷԿ-ի նախագծման և կառուցման ընթացքում, 2012 թվականից առ այսօր, մեկ անգամ չէ որ խախտել է ՀՀ օրենքները։ Դրանց մասին եղել են բազմաթիվ ահազանգեր, հրապարակումներ և հանցագործության մասին հաղորդումներ, սակայն պետական լիազոր և իրավապահ մարմինները ցուցաբերել են հանցավոր անտարբերություն։

Սույն թվականի նոյեմբերի 13-ին Տավուշի մարզում էինք և կրկին այցելեցինք Խաչաղբյուր (Պաղջուր) գետի հովիտ: Ցավոք վիճակը նույն էր ինչպես և մեր նախորդ` օգոստոսի 14-ին կատարած այցելության ժամանակ: Տեղեկացնենք, որ այն ժամանակվա ահազանգի արդյունքում Խաչաղբյուր-1 և Գետիկ-4 ՓՀԷԿ-երը շահագործող ընկերությունները բնապահպանության նախարարության կողմից տուգանվեցին 100 000-ական դրամով, իսկ Խաչաղբյուր-2 ՓՀԷԿ-ը հերթական անգամ խուսափեց որևէ պատժամիջոց կրելուց` չնայած մեր կողմից ներկայացրած փաստերն լիովին բավական էին համապատասխան պատժամիջոցներ կիրառելու համար:

Այս անգամ էլ ահազանգեցինք բնապահպանության նախարարության թեժ գծին և ներկայացրեցինք հակաէկոլոգիական վիճակը: Կրկին Խաչաղբյուր-1 և Խաչաղբյուր-2 ՓՀԷԿ-երի ձկնուղիներն ամբողջովին չոր էին, իսկ Խաչաղբյուր-2 ՓՀԷԿ-ը շահագործող Մեգաէներջի ՍՊԸ-ն հերթական անգամ ամբողջովին ջրազրկել էր Պաղջուր գետը: Սակայն մեր ահազանգից մոտ 1,5 ժամ անց, տարածք եկան ինչ-որ մարդիկ, որոնք բացեցին Խաչաղբյուր-2 ՓՀԷԿ-ի ջրառի հանգույցի փականներն, ու գետի ջուրն արդեն սկսեց հոսել իր բնական հունով: Ակնհայտ է, որ եթե այդ գործողությունից հետո բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն այցելեն վերոնշյալ փոքր ՀԷԿ-երի ջրառի հանգույցների տարածք, ապա ականատես կլինեն բոլորովին այլ պատկերի: Բացի այդ, եթե նույնիսկ նշանակվի 100 000 դրամ տուգանք, ապա դա այնքան փոքր գումար է, որ ոչ մի կերպ չի կարող զսպել որոշ տնտեսվարողների չափազանց մեծ ախորժակը:

Մանրամասները տեսանյութում՝

Այդ իսկ պատճառով դիմում ենք ՀՀ բնապահպանության նախարարին՝ առաջարկելով.

1. Այսպիսի դեպքերում առաջնորդվել նաև հանրության կողմից ներկայացված ակնհայտ փաստերով և դրանց հիման վրա կայացնել համապատասխան որոշումներ, քանի որ նմանատիպ խախտումները հնարավոր է բացահայտել միայն անակնկալ այցերի միջոցով, այլ ոչ թե բոլորին նախապես հայտնի ստուգումների: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նախարարությանը ներկայացնել նաև մեր արված տեսագրությունները:

2. Լրջորեն բարձրացնել բոլոր տեսակի բնապանպանական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափերը և խստացնել պատժամիջոցները հատկապես այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնց մոտ այդ խախտումները կրում են պարբերական բնույթ: Հստակ սահմանել նաև այն դեպքերը, որոնց արդյունքում համապատասխան պետական մարմիններն իրավունք կունենան զրկել տնտեսվարողներին այս կամ այն գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

3. Հանրային իրազեկվածության և վերահսկողության մակարդակը բարձրացնելու նպատակով, բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրել ավելի մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր տնտեսվարողի մոտ անցկացված ստուգումների վերաբերյալ` անպայման նշելով ընկերության անունը, հայտնաբերված խախտման մանրամասները, կիրառված պատժամիջոցները կամ տուգանքի չափը:

4. Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրել նաև տնտեսվարողներին տրամադրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բոլոր եզրակացությունները: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ սահմանում է, որ փորձաքննական եզրակացությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է տեղադրվի լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

3

1

Share Button

Մեկնաբանություն

comments