Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին
Ձեզ ենք ներկայացնում Սևանա լճին վերաբերող վերլուծական հերթական հոդվածն այն մասին, թե ինչպես այդպես էլ չիրականացան «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 10 տարում մոտ 2մլրդ խմ-ով ավել ջուր տեղափոխելու իշխանավորների խոստումները։
Վերջին 4 տարում (2011-2014թթ․) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 23սմ-ով, և դա այն դեպքում, երբ 2002-2005թթ․ (նույնպես 4 տարում) այն բարձրացել էր 1,74մետրով։ Այսինքն վերջին 4 տարիներին լիճը կորցրել է մի ամբողջ՝ 1,5մետր ջրի մակարդակ կամ 1,875մլրդ խմ ջուր։ Ընդորում, այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումները քիչ են տարբերվել միմյանցից (մոտ 14%)։
Կասեցման հիմնական գործիքներից է վերջին 4 տարում «Արփա-Սևան» ջրատար թունելով մոտ 600մլն խմ ծավալի ջուր պակաս տեղափոխումը լիճ՝ առաջին 4 տարվա համեմատ։
Փաստենք նաև, որ 2015թ․-ի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 11սմ-ով պակաս է եղել 5 տարի առաջ՝ 2010թ․-ի ամռանը գրանցված ջրի առավելագույն մակարդակից։
Տեղեկացնենք, որ լճի մակարդակի չափերին վերաբերող տվյալներում հաշվի չեն առնված 01․01․2011-ից գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սևանի մակարդակի արհեստականորեն 20սմ-ով ավելացված չափը։
Եթե մեր հանրության զգալի հատվածը այսօր բավականին տեղյակ է տասնամյակներ շարունակ լրջորեն խաթարված վիճակում հայտնված Սևանա լճի էկոհամակարգի, դրան անմիջականորեն առնչվող լճի ջրի սուղ պաշարների վերականգնման դժվարին խնդիրների մասին, հետաքրքրվում է լճից ոռոգման նպատակով թույլատրված չափից մեծ ծավալների ջրի բացթողումների, դրանց օրինական և ապօրինի լինելու մասին, և հաճախակի ընդվզում է իշխանավորների անօրեն, կամային որոշումների դեմ, ցավոք, դրան հակառակ, հանրության ճնշող մեծամասնությունը գրեթե լրիվ անտեղյակ է Սևանա լճի ավազանից հարավ, Վարդենիսի լեռնաշղթայի տակով և դրա մյուս կողմում տեղի ունեցող իրադարձություններին, կապված՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներից «Որոտան-Արփա» և «Արփա—Սևան» թունելներով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ծավալների, դրա իրականացման պայմանների, աշխատանքային ռեժիմի և այլ ցուցանիշների մասին, որոնք կհուշեն հանրությանը թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում այսօր նրա «աչքից հեռու» այդ տարածքում։
Իհարկե, մեր ակտիվ բնապահպանները նկարահանում, ցուցադրում և հրապարակում են դրա մասին, սակայն, այնուամենայնիվ, հանրության համար այսօր այն գրեթե մնում է «անտեսանելի», «անհասանելի» և առեղծվածային։
Ինչպես հայտնի է, Սևանա լճի մակարդակի տասնամյակներ շարունակ արհեստական սրընթաց իջեցումը կասեցնելու նպատակով` 1981-ին շահագործման հանձնվեց 48,3կմ երկարությամբ «Արփա-Սևան» ջրատար թունելը 25խմ/վրկ (տարեկան 788մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։ Թունելի կառուցման նախագծի համաձայն այն բաղկացած է երկու առանձին մասից` №1 և №2 թունելներ: Դրանցից առաջինով Կեչուտի ջրամբարից ջուրը տեղախոփվում է մինչև Եղեգիս գետի կիրճ, որտեղ թունելը դուրս է գալիս երկրի մակերես այն նպատակով, որպեսզի Եղեգիս գետի ջրի մի մասը ջրընդունիչ կառույցով միանա Կեչուտի ջրամբարից տեղափոխվող ջրին և ավելի մեծ ծավալով հոսի Սևանա լիճ՝ №2 թունելով:
Սակայն թունելի շահագործման սկզբից մինչև օրս (34 տարի), Սևանա լիճ է տեղափոխվել տարեկան միջին հաշվով ընդամենը 190մլն խմ ջուր։ Ջրի նման փոքր քանակի տեղափոխումը Սևանա լիճ թերևս պայմանավորված էր Կեչուտի ջրամբարի սակավաջրությամբ, ինչպես նաև հանրությանը մշտապես ներկայացվող ներթունելային «մեծ» փլուզումներով, որն իհարկե, շատ մեծ կասկած է հարուցում հանրության մոտ՝ իր ոչ արժանահավատ և իրարամերժ փաստարկներով։
Այնուամենայնիվ, Կեչուտի ջրամբարը մշտապես ջրով լրացնելու նպատակով 2004թ․-ին շահագործման հանձնվեց նաև 21,6կմ երկարությամբ «Որոտան-Արփա» ջրատար թունելը, որով Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարից ջուր էր տեղափոխվելու Կեչուտի ջրամբար՝ 15խմ/վրկ (տարեկան 473մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։
Ողջ ցավը նրանում է, որ այդպես էլ Սպանդարյանի ջրամբարից «Որոտան-Արփա» թունելով, իր շահագործման օրվանից (2004-ից) մինչև օրս, անգամ մեկ խմ ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար, ինչն իր պատասխան նամակում (14.08.2014թ․, №01/06/1524-14) հաստատել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա․ Անդրեասյանը։ Դեռ ավելին, վերջին տարիներին ոչ միայն չի իրականացվում Եղեգիս գետից «Արփա-Սևան» №2 թունելով ջրի ոչ փոքր քանակության տեղափոխումը, այլ կատարվում է տրամագծորեն հակառակ գործընթացը: Կեչուտի ջրամաբարից №1 թունելով տեղափոխվող ջրի առյուծի բաժինը Եղեգիս գետի կիրճ հասնելուց հետո, Սևանա լիճ հոսելու փոխարեն բաց է թողնվում Եղեգիս գետը` նրա վրա կառուցված բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի անխափան աշխատանքն ապահովելու համար (տես «Գողանում են Սևանի ջուրը» տեսանյութը): Իհարկե դա իրականացվում է ոչ առանց իշխանավորների թույլտվության` «Արփա-Սևան» թունելի 7 տարի շարունակվող իմիտացիոն վերականգնողական աշխատանքների անվան տակ:
Ունենալով այդպիսի հսկայական ծավալների ջրի պաշարներ, և հնարավորության սահմաններում չօգտագործել այն ի բարօրություն ջրի «մեծ ծարավ» Սևանա լճի, առնվազն ապազգային մոտեցում է իշխանավորների կողմից, առավել ևս հանցագործություն՝ թույլատրել Սևանա լճի համար նախատեսված ջրի պաշարներն օգտագործել այլ նպատակներով՝ հատկապես մասնավոր հատվածի համար։
Հանգում ես այն եզրակացությանը, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման կասեցումը սկսվել է դեռ 2004-ին՝ «Որոտան-Արփա» թունելի շահագործման նախօրյակին՝ դրա անօրեն արգելակմամբ։
Շատ արդարացի և օրինական հարց է ծագում՝ ինչո՞ւ 10 տարի շարունակ ամբողջովին չեն օգտագործվում Սևանա լճի էկոհամակարգի վերակենդանացման, նրա ջրի պաշարների հնարավորինս արագ վերականգման՝ լճի համար այդքան կարևոր, նրա հետագա գոյատևման համար խիստ անհրաժեշտ այս ջրատեխնիկական եզակի կառույցների հնարավորությունները։ Անիմաստ չեն դառնում արդյո՞ք «Որոտան-Արփա» և «Արփա-Սևան» ջրատար թունելների վրա իրականացրած տասնամյակների երկար ու ձիգ տարիների աներևակայելի մեծ ծավալի, տեխնիկապես շատ բարդ ու դժվարին, ֆինանսական աստղաբաշխական ծախսեր և մարդկային բազմաթիվ զոհեր պահանջած աշխատանքները։
Անկասկած «Որոտան-Արփա» ջրատար թունելի կառուցումը մեր երկրի ազգային անվտանգությունը երաշխավորող կարևոր ծրագրերից էր, և եթե մեր իշխանավորներն իրոք պետական ու ազգային շահերից ելնելով մտահոգված և շահագրգռված լինեին օգնել վերականգնելու Սևանա լճի ջրի պաշարները՝ դրանով իսկ նաև լճի էկոհամակարգը, ապա 2004-ից կիրագործեին այդ նախագիծը՝ «Որոտան-Արփա» ջրատար թունելի շահագործումը, որը հնարավորություն կընձեռներ Սևանա լիճ տեղափոխել Որոտան, Արփա և Եղեգիս գետերի ջրերի մի մասը՝ տարեկան գումարային 415մլն խմ ծավալով, ինչը հաստատված է հենց պետական ծրագրով։ Այնինչ մեր իշխանությունները 2004-ից առ այսօր «Որոտան-Արփա-Սևան» թունելի միջոցով Սևանա լիճ են տեղափոխել տարեկան միջին հաշվով ընդամենը 183մլն խմ ջուր՝ այսինքն հնարավորություններից 2,2 անգամ պակաս։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ վերջին 10 տարում կարել էր Սևանա լիճ տեղափոխել մոտ 2,3մլրդ խմ-ով ավել ջուր, քան իրականում տեղափոխվել է։
Եթե հաշվի առնենք նաև 2002-ից սկսած Սևանա լճից մոտ 2մլրդ խմ ջրի «անբացատրելի» կորուստը (տես «2002-2013 թվականներին Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում» հոդվածը), ապա կստացվի, որ այսօրվա դրությամբ, ցավոք, Սևանա լիճը կորցրել է ավելի քան 4մլրդ խմ ջուր կամ մոտ 3,2մետր լճի մակարդակ։
Այս ամենն ավելորդ անգամ հաստատում է, որ Սևանա լճի մակարդակը կասեցվում է հենց իշխանությունների նախաձեռնությամբ։
Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ
Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Հ․Գ․ — Կարող է, իրոք «Արփա—Սևան» թունելում չկան ջրի նորմալ տեղափոխմանը խոչընդոտող լուրջ փլուզումներ, այլ դա մտացածին պատճառաբանություն է ջրային տնտեսության ղեկավարության կողմից։ Չէ՞ որ միայն այդ կառույցն է իրավասու ստուգել, գնահատել և որոշել, թե որքանով է թունելը պիտանի համապատասխան քանակության ջուր տեղափոխելու համար։ Այնպես որ մեր հանրությունը դատապարտված է «հավատալու» և «մերվելու» այդ իշխանահաճո վարկածին՝ քանի դեռ չի բացահայտել այդ ակնհայտ դավադրությունը Սևանա լճի դեմ։