News

Ամուլսար․ եկամտաբե՞ր, թե՞ մահաբեր ցիանիդ

1533881_863753813664684_2045879678999355677_nՀայաստանի էկոլոգիական խնդիրներով հետաքրքված մարդիկ մեկ անգամ ևս համոզվեցին, որ մեր երկրում բնապահպանական փորձաքննությունն ընդհանրապես չի ծառայում իր բուն նպատակներին, այլ միայն մեխանիկորեն հաստատում է արդեն կայացված քաղաքական որոշումները` այս կամ այն ծրագիրն իրականացնելու վերաբերյալ: Դրա հերթական վառ ապացույցը հանդիսացավ ՀՀ բնապահպանության նախարարության ս.թ. հոկտեմբերի 17-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ԲՓ 76 դրական եզրակացությունը Լիդիան/Գեոթիմ-ի ներկայացրած Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծին: Նախարարության փորձագետների կողմից իրականացվել է ոչ թե այս հսկայածավալ և աղետաբեր նախագծի էկոլոգիական վտանգների մասնագիտական վերլուծություն ու գնահատում, այլ ընդամենը կատարվել է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում և համառոտագրի կազմում` հանրությանը ոչինչ չասող տասը թերթանոց փորձաքննական եզրակացության տեսքով:

Քանի որ պետական լիազոր մարմինները չեն կատարել ՀՀ օրենսդրությամբ և որոշումներով իրենց վրա դրված պարտականությունները, ստիպված ենք վերլուծական կարճ հոդվածների շարքով անրադառնալ Ամուլսարի ոսկու հանքավայրի անկառավարելի վտանգներին, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի իրական պատկերին: Հոդվածների այդ շարքից առաջինում կներկայացնենք նատրիումի ցիանիդով կույտային տարրալվացման եղանակով ոսկու և արծաթի կորզման գործընթացում թաքնված վտանգները:

Նատրիումի ցիանիդը (NaCN) չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ: Չափահաս մարդու համար մահացու է ցիանիդի ընդամենը 0,3 գրամ չափաքանակը: Թոքերի մեջ շնչառական ճանապարհով անցնելու դեպքում առաջացնում է գրեթե վայրկենական մահ՝ մեկ րոպեի ընթացքում:

Օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերությանը պատկանող « Գեոթիմ » ՓԲԸ-ն հենց այս խիստ թունավոր նյութի օգնությամբ է նախատեսում իրականացնել ոսկու կորզումը, ամբողջ Վայոց ձորի մարզը սնուցող Արփա գետից ընդամենը 1 կմ հեռավորության վրա, իսկ մոտակա բնակավայրեր Գնդեվազ գյուղից` 1,2 կմ և Ջերմուկ առողջարանային քաղաքից 7,6 կմ հեռավորությունների վրա: Նշենք, որ տարեկան օգտագործվելու է 2000 տոննա նատրիումի ցիանիդ և 1000 տոննա աղաթթու (HCl), իսկ հանքավայրի շահագործման ինը տարիների ընթացքում՝ 18 000 տոննա ցիանիդ, կամ 60 մլրդ մահացու չափաքանակ:

Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է հուսալի այս մեթոդը, ի՞նչ առավելություններ և թերություններ ունի, և, առհասարակ, ինչո՞ւ հենց ցիանիդ: Ցիանիդով տարրալվացման մեթոդն արդեն կիրառվում է 100 տարուց ավել, սակայն միայն վերջին 30 տարիներին է լայն տարածում ստացել՝ պայմանավորված այսպես կոչված փակ համակարգերի ներդրման արդյունքում մեծ ծավալների հանքաքար վերամշակելու հնարավորությամբ: Միայն այս եղանակի կիրառման շնորհիվ է, որ շահավետ է դառնում տոննայում մեկ գրամից պակաս ոսկու պարունակություն ունեցող հանքավայրերի շահագործումը (Ամուլսարի դեպքում այն կազմում է 0,7-0,8 գ/տ): Եվ սա է միակ և ամենագլխավոր պատճառը, որ Լիդիան/Գեոթիմը ընտրել է ոսկու կորզման այս եղանակը:

Սակայն ցիանիդով տարրալվացման այս եղանակի ետևում թաքնված են լուրջ առաջնային և երկրորդային ռիսկեր, որոնք շատ դեպքերում անկառավարելի են և անվերահսկելի: Առաջնային ռիսկերի թվին են դասվում հրդեհները ցիանիդի պահեստներում, տեխնիկական կառույցների վթարները, այդ թվում՝ մարդու մասնակցությամբ, թունավոր լուծույթների արտահոսքերը, բնական աղետները, ահաբեկչական գործողություններն ու այլ նմանատիպ դժբախտ պատահարները, որոնց հետևանքները կարող են շատ ծանր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Վերջին 20-25 տարվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ցիանիդի հետ անմիջական առնչություն ունեցող բազմաթիվ միջադեպերի ու վթարների աղետալի հետևանքները միայն հաստատում են այս պնդումները (Ռումինիա – 2000թ.-2001, Ղազախստան – 2011, Ղրղզստան – 1998, 2004, Ռուսաստան – 1998, 2009, 2012, Գանա – 2006, Թուրքիա – 2011, Ճապոնիա – 2013, Մեքսիկա – 2014, ԱՄՆ, Կանադա և այլն):

Ինչ վերաբերում է երկրորդային ռիսկերին, ապա դրանք իրենց բնույթով շատ ավելի բարդ են, որոնց բացասական ազդեցությունը շարունակվում է հավերժ: Գործունեության ընթացքում ոսկի և արծաթ պարունակող հանքաքարը մանրացվում է, ինչի հետևանքով ազատվում են դրա կազմի մեջ մտնող բոլոր տարրերը, կամ մետաղական և ոչ մետաղական միացությունները: Այդ զանգվածը մշակվում է ջրի և ցիանիդի խառնուրդով, և քիմիական ռեակցիայի արդյունքում ոսկին անջատվում է: Սակայն ցիանիդը ռեակցիայի մեջ է մտնում ոչ միայն ոսկու, այլ նաև հանքաքարի մեջ պարունակվող ու ազատված բազմաթիվ այլ նյութերի, տարրերի և ծանր մետաղների հետ, ինչի արդյունքում առաջանում են նիտրատներ ու այլ քիմիական միացություններ: Ամուլսարի դեպքում հանքաքարի մեջ պարունակվում են բազմաթիվ թանկագին և ծանր մետաղներ՝ կոբալտ, պղինձ, երկաթ, նիկել, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, բիսմութ, քրոմ, կապար, ինչպես նաև վնասակար թունավոր տարրեր` մկնդեղ, սելեն, թելուր, բերիլիում, կադմիում, որոնք մնալով կորզաթափոնների մեջ՝ հետագայում կաղտոտեն, կվտանգեն ինչպես շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը, այնպես էլ էկոհամակարգերը:

Բացի այդ ներկայումս աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչպես վնասազերծել այդ վտանգավոր միացություններն ու առաջացած թափոնները, որոնք ուղղակի լցվում են բնության մեջ և հավերժ մնում որպես «նվեր» գալիք սերունդներին… Եզրակացություն. ոսկու կամ արծաթի կորզումը ցիանիդի միջոցով ԱՅՍ ՊԱՀԻՆ եկամտաբեր է միայն այն դեպքում, եթե հաքարդյունաբերող ընկերությունը հնարավորություն ունի անվճար ազատվելու այդ թափոններից: Եթե գալիք սերունդները փորձեն վնասազերծել դրանք, ապա, ամենայն հավանականությամբ, դա նրանց վրա շատ ավելի թանկ կնստի, քան ոսկու արդյունահանման և վաճառքի արդյունքում ստացված եկամուտը։ Ամուլսարի հանքավայրից մոտ 60 տոննա ոսկի արդյունահանելու դիմաց, Հայաստանի քաղաքացիները որպես «նվեր» ստանալու են մոտ 100 մլն տոննա զանգվածով ծանր մետաղներով և թունավոր տարրերով հագեցած կորզաթափոններ։

03 poster

Ի պատասխան 2000թ.-ի Ռումինական Բայա Մարեում ցիանիդի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած էկոլոգիական աղետի, Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը ընդունել են 2006/21/ԵԽ Հրահանգը (Directive 2006/21/EC), որը վերաբերում է հանքարդյունաբերական ոլորտում առաջացող թափոնների կառավարմանը: Հրահանգի 13-րդ հոդվածը հստակ արգելում է մեկ տոննայում 10 գրամից ավել թույլ թթվային ցիանիդի պարունակություն ունեցող թափոնների տեղադրումը շրջակա միջավայր: Իսկ ըստ 14-րդ հոդվածի պահանջների՝ ընկերությունները պարտավոր են ֆինանսական երաշխիքներ տրամադրել հանքի փակումից հետո աղտոտված տարածքների մաքրման և վնասազերծման համար: Իհարկե, այս և բազմաթիվ այլ միջազգային չափանիշներով սահմանված պարտավորություններ շատ գեղեցիկ ձևով անտեսվել են ինչպես Լիդիան/Գեոթիմի, այնպես էլ պետական լիազոր մարմինների կողմից:

Եզրակացությունը, որ պետք է անենք, հետևյալն է՝ ցիանիդի միջոցով ոսկու կորզումը մարդկության համար ՈՉ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է, իսկ նմանատիպ ցիանիդային կույտային տարրալվացման հրապարակների կառուցման թույլատրումը գետերի և բնակավայրերի անմիջական հարևանությամբ՝ ուղղակի խելացնորություն, ինչի թողած հետևանքները բնության և մարդկության վրա հնարավոր չէ ո´չ կանխագուշակել, ո´չ էլ կառավարել, էլ չենք խոսում շրջակա միջավայրի ամենօրյա աղտոտման մասին, ինչը տեղի է ունենում ոսկու արդյունահանման հետևանքով։

Այս ամենի դիմաց մենք միայն լսում ենք բանավոր խոստումներ. «…ոչինչ չի պատահի», կամ «սա անվտանգ տեխնոլոգիա է», կամ «մենք աշխատում ենք միջազգային ստանդարտներով» և այլն: Ո՞վ է երաշխավորելու այդ անվտանգությունը և ո՞վ է պարտավոր դրան հավատալու: Այս վիճակում ինչպե՞ս կարող են հանգիստ քնել այն մարդիկ, որոնց գլխին է կախված այս վտանգը: Տպավորությունն այնպիսին է, որ շահույթ ստանալու մոլուցքը կուրացրել է բոլորին, և հանուն դրա նրանք պատրաստ են «խաղալ» ցիանիդի հետ: Հենց ցիանիդի, քանի որ միայն նրա օգնությամբ է հնարավոր ավելի շատ փող աշխատել:

Շարունակելի…

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , , , , , ,