News

Լիճք գյուղի 7 ընտանիքներ կստանան մեղվափեթակներ

Լիա Սուրենյան

Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, հանքարդյունաբերությունը ահագնացող չափերի է հասնում: Պետական հովանավորության և աշխատատեղերի բացակայության պայմաններում գյուղացին օրվա հացը վաստակելու համար այլ ելք չունի, քան հանքարդյունաբերական ոլորտում աշխատելը: Սակայն հասկանալի է, որ հանքարդյունաբերությունը չի կարող լինել էկոլոգիապես անվնաս, չի կարող ապահովել երկարաժամկետ և կայուն եկամուտ: Հենց այդ պատճառով «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ներկայացնում է գյուղացուն աջակցող նախագծեր, որոնց միջոցով հնարավոր է ստանալ կայուն եկամուտ, միաժամանակ չվնասել շրջակա միջավայրն ու առողջությունը:
ՀԲՃ առաջարկով ամերիկահայ ուսանողուհի Լիա Սուրենյանը մեղվապահության վերաբերյալ ծրագիր է մշակել ու դրամաշնորհ շահել: Լիան սովորում է Նյու Յորքի Բարդ Քոլեջում: Ըստ նրա՝ հնարավոր է գտնել լուծումներ, որոնք կդառնան միանգամայն կենսունակ այլընտրանք հանքարդյունաբերությանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը Լիա Սուրենյանի հետ:

- Խոսեք մի փոքր ծրագրի մասին: Ո՞վ է այն նախաձեռնել: Ո՞վ է ֆինանսավորում ծրագիրը: Ե՞րբ և որտե՞ղ է այն իրականացվելու: Ըստ ձեզ՝ ո՞վ պետք է իրականացնի այս նախագիծը, ի՞նչ ժամանակահատվածում:

– Ծրագիրը կոչվում է «Կայուն մեղվապահություն. հասարակության հզորացում՝ տեղական տնտեսության միջոցով»: Ծրագիրը նախաձեռնել ենք Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ), Հայկական Վերածնունդ շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղի հետ միասին: 2014թ. հունվարին ես դիմեցի «Դեյվիս ծրագրին» (Davis Project)՝ դրամաշնորհ ստանալու համար: «Դեյվիս ծրագիրը» բարեգործական ընկերություն է: Այն հնարավորություն է տալիս Ամերիկայում սովորող ուսանողներին ստեղծելու և իրականացնելու ծրագրեր ամառային ամիսների ընթացքում: Յուրաքանչյուր նախագծի արժեքը $10,000 է: Դրամաշնորհները տրամադրվում են այն նախագծերին, որոնք իրատեսական է կյանքի կոչել: Հաշվի են առնվում նաև նախագծում ներկայացված խնդիրների համար առաջարկվող լուծումները:
Մեր ծրագիրը իրագործվելու է ՀՀ Սյունիքի մարզի Լիճք գյուղում՝ 2014թ. մայիսից մինչև օգոստոս: Այն իրենից ներկայացնում է մեղվապահության բիզնես-ծրագիր՝ յոթ ընտանիքների համար:

- Ինչո՞ւ մեղվապահություն: Արդյո՞ք դա այլընտրանք է հանքարդյունաբերությանը:

– Մեղվապահությունը կարող է լինել պարզ և կայուն եկամտի աղբյուր Լիճքի յուրաքանչյուր ընտանիքի համար: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բնակիչներն, ապրելով գյուղական միջավայրում, ունեն ցածր եկամուտ, ուստի նրանք շահագրգռված են զարգացնել տնտեսություն, որը նրանց կայուն եկամուտ կբերի: Գյուղացիներին հանքարդյունաբերության բիզնեսում պահելու համար կառավարությունը չի ստեղծում անհրաժեշտ պայմաններ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Սա սահմանափակել է ֆերմերների հնարավորությունները՝ ստիպելով նրանց աշխատել հանքարդյունաբերության ոլորտում: Այստեղ գյուղացիները ոչ միայն քիչ են վարձատրվում, այլև վտանգի են ենթարկում իրենց առողջությունը՝ պարբերաբար քիմիական թունավորման ենթարկվելով: Այսպիսով, մեղվաբուծությունը Լիճքի բնակիչների համար կարող է դառնալ ավելի ապահով և երկարաժամկետ եկամտի աղբյուր: Մեղրը երկար պահպանվող մթերք է, այն կարող է վաճառվել Հայաստանի խոշոր քաղաքներում:
Մասնագետները և ծրագրի մասնակիցները կօգնեն, որպեսզի համայնքը կարողանա դիմակայել հանքարդյունաբերությանը, երբ ապացուցենք, որ մեղվապահությամբ զբաղվելն ավելի շահեկան է:

- Ի՞նչ նպատակներ ունեք:

– Իմ նպատակը Լիճքի գյուղացիներին տնտեսության զարգացման ավելի ապահով, կայուն, շրջակա միջավայրը չվնասող և շահեկան ճանապարհ առաջարկելն է, քան հանքարդյունաբերությունն է: Կարծում եմ, որ մեղվապահությունը, դառնալով եկամտի հիմնական աղբյուր, գյուղացիներին կտա ավելի առողջ, անվտանգ ապրելու և կյանքի որակը բարձրացնելու հնարավորություն: Այս նախագծի շնորհիվ այսօր ոչ միայն այս ընտանիքները կապրեն առողջ և ապահով կյանքով, այլև նրանց ապագա սերունդները:

- Պատրաստվո՞ւմ եք ապագայում ընդլայնել այս ծրագիրը և իրականացնել այն այլ շրջաններում:

– Ամենայն հավանականությամբ՝ այո: Մենք կկազմակերպենք այս նախագծի իրականացումը՝ տանելով այն միջազգային հարթություն: Հույս ունենք ձեռք բերել ավելի մեծ լսարան, որը կօգնի և կաջակցի մեզ: Եթե այս նախագիծը հաջողություն գրանցի Լիճքում, հավանաբար, մենք կստեղծենք հնարավորություն նաև այլ գյուղերի համար՝ մասնակցելու այս ծրագրին: Նաև հույս ունենք օգնել գյուղացիներին՝ կազմակերպել ստացված մեղրի վաճառքն առավել լայն մասշտաբներով և չափերով՝ ներգրավելով հնարավորինս շատ հաճախորդներ: Ուստի, այո, նախագիծը ժամանակի ընթացքում կաճի և կներգրավի հասարակության ավելի լայն շրջանակներ:

Հարցազրույցը վարեց Հարութ Մալխասյանը

Share Button

Մեկնաբանություն

comments