Կստեղծվի համահայկական բնապահպանական ճակատ
Մենք` Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս (ներառյալ Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցները),
փաստելով, որ ներկայումս Հայաստանում մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում, որն օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման հետևանք է, որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական ճորտացման և համատարած արտագաղթի,
ահազանգ հնչեցնելով, որ մեր երկրի բնության ամայացումն ու թունավորումը, էկոարտագաղթն ու էկոգաղութացումը սպառնում են Հայոց պետականության և Հայրենիքում բնակվող հայության գոյությանը,
գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, և իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) ստեղծելու գաղափարի մասին:
ՀԲՃ-ի նպատակն է մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման և սոցիալական արդարության ապահովումը: Այս նպատակներին հասնելու համար, ՀԲՃ-ն հետամուտ է լինելու, որպեսզի համապատասխան պետական մարմինները լիարժեք իրականացնեն իրենց գործառույթները բնական միջավայրի պահպանման, վերականգնման ու զարգացման, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և վերարտադրության, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխման և վերացման, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխման ուղղությամբ:
Այդ խնդիրների իրականացման համար, ՀԲՃ-ն առաջարկում է ձևավորել բնապահպանական մշտադիտարկման և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը կգործի բացառապես օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության և բանականության սկզբունքներով:
ԲՀՃ-ի բնականոն գործունեության ապահովման համար նախատեսվում է ստեղծել նաև բնապահպանական հիմնադրամ: