News

Այլևս ո՛չ մի երկակի ստանդարտ

Այսօր՝ հունիսի 8-ին, Շվեդիայի դեսպանատան մասնակցությամբ տեղի է ունենում բնապահպանությանը նվիրված միջոցառում ՄԱԿ-ի գրասենյակում։ Այս կապակցությամբ նամակ է ուղղվել դեսպանին, որն ընթերցվել է միջոցառման ժամանակ:

Այն պարագայում, երբ Շվեդիայի պետությունն անմիջականորեն ֆինանսավորում է Հայաստանում աղետալի հետևանքներ ենթադրող Ամուլսարի հանքի շահագործումը, երբ Շվեդիայի արտահանումների խթանման գործակալություններին ուղղված ինտերնետային 8000 ստորագրությամբ հանրագրին մինչ օրս ոչ մի պատասխան չի հնչել, Շվեդիայի դեսպանատան մասնակցությամբ այս միջոցառումը փարիսեցիություն է ու երկակի ստանդարտների կիրառում։

Շվեդիայի պետությունն անմիջականորեն պատասխանատու է Ամուլսարի հանքի բացման համար՝ իր տրամադրած ֆինանսավորմամբ ու ֆինանսական երաշխիքներով: Մենք պահանջում ենք ստորև բերված պետական մարմիններին ու սարքաշինական ընկերություններին հաղորդել, որ նրանց մասնակցությունը Ամուլսարի հանքի շահագործմանը հանցագործություն է Հայաստանի բնակչության ու բնության, ինչպես նաև այս տարածաշրջանի էկոհամակարգերի նկատմամբ։
Ամուլսարի նախագծի ֆինանսավորման մեջ շվեդական պետական ֆինանսական կառույցների ու մասնավոր սարքաշինական ընկերությունների մասին՝ ստորև։

Շվեդիայի պետական ֆինանսական կառույցներ և մասնավոր սարքաշինական ընկերություններ
•SEK (Svensk Exportkredit) – Շվեդիայի արտահանումների վարկավորման կորպորացիա։ Շվեդիայի Ձեռնարկատիրության ու նորարարության նախարարության վերահսկողությամբ գործող վարկային պետական կորպորացիա, որի նպատակը շվեդական ապրանքների արտահանումը խթանելն է։ ՍԵԿ-ը հոլանդական ING Bank N.V բանկի միջնորդությամբ Լիդիան Արմենիային տրամադրել է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, որպեսզի վերջինս շվեդական հանքասարքաշինական ընկերություններից գնի հանքային տեխնիկա։

•EKN (Exportkreditnämnden) – Swedish Export Credit Agency, Շվեդիայի արտահանումների վարկավորման գործակալություն։ Պետական մարմին, որը խթանում է շվեդական ապրանքների արտահանումը՝ ապահովագրելով (երաշխավորելով) դրանց վաճառքը։ Այսինքն, եթե արտահանողը և վարկատուն մտահոգված են, որ արտասահմանյան իր գնորդը կարող է վճարունակ չլինել, ապա գործարքը խթանելու նպատակով պետական գործակալությունը հանդես է գալիս որպես գործարքի երաշխավոր՝ հանուն շվեդական ապրանքի վաճառքի։ Ամուլսարի պարագայում գործակալությունը շվեդական հանքասարքաշինական ընկերություններից Լիդիանի կողմից սարքավորումներ ձեռք բերելու համար երաշխավորել է Շվեդական արտահանումների վարկավորման կորպորացիայի (SEK) տրամադրած վարկի և դրա տոկոսադրույքների 85%-ը (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար)։ Ապահովագրական ռիսկը գնահատված է բարձր (7-ից 6 միավոր)։ Գործարքի մեխանիզմը նույնն է, ինչ դանիական արտահանումների վարկավորման գործակալության (EKF), PensionDanmark մասնավոր կեսնաթոշակային հիմնադրամի և Թեղուտի հանքի ու հանքը ֆինանսավորող ՎՏԲ բանկի դեպքում էր։

• Sandvik SRP AB – Հանքային սարքաշինական ընկերություն Շվեդիայում, Sandvik Group գլոբալ կորպորացիայի անդամ։ Շվեդիայի պետական SEK կորպորացիայի վարկով և EKN արտահանումների վարկավորման պետական գործակալության ապահովագրմամբ գործարք է կնքել Լիդիանին հանքասարքաշինական տեխնիկա տրամադրելու մասին։ Թեղուտի պարագայում նման դերակատարում ունեցել է դանիական FLSmidth սարքաշինական ընկերությունը, որի տնօրենը 2016թ․ դեկտեմբերի 20-ին Վալերի Մեժլումյանի հետ մեկտեղ Սերժ Սարգսյանից ստացել է երախտագիտության մեդալ։

• Sandvik Mining and Construction Oy – հանքային փորման սարքեր արտադրող շվեդական ընկերություն։ Sandvik SRP AB հանքասարքաշինական ընկերության դուստր ձեռնարկություն, Sandvik Group գլոբալ կորպորացիայի անդամ։ Պարտավորվել է վերը նշված վարկային գործարքով Լիդիանին մատակարարել հորատող սարքեր։

• ABB Switzerland Ltd – շվեդա-շվեյցարական ABB Group բազմազգ կորպորացիայի անդամ։ Պարտավորվել է վերը նշված վարկային գործարքով Լիդիանին մատակարարել բարձրավոլտ էլեկտրականության սարքեր։

• ABB AB – շվեդական բարձրավոլտ արտադրության և ավտոմատիկայի ձեռնարկություն։ ABB Group բազմազգ կորպորացիայի անդամ, շվեդական սարքավորումների մատակարարման վերը նշված գործարքի մասնակից։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,