News

Ջերմուկ համայնքի բնակչությունը շուրջ 3000 ստորագրությամբ հանրագիր է ներկայացրել ավագանուն և ՀՀ կառավարությանը՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու պահանջով

Ջերմուկ համայնքի առկա բնակչության ճնշող մեծամասնությունը, ներառյալ՝ Ջերմուկ քաղաքի, Կեչուտ, Գնդեվազ, Հեր-Հեր, Կարմրաշեն գյուղերի բնակիչներն իրացրել են ուղիղ ժողովրդավարության իրենց իրավունքը և շուրջ 3000 ստորագրությամբ կոլեկտիվ հանրագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանն ու Ջերմուկ համայնքի ավագանուն ու ղեկավարին, որտեղ ներկայացրել են իրենց տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսլականը և պահանջել, որպեսզի տարածաշրջանում արգելվի մետաղական հանքարդյունաբերությունը և զարկ տրվի կանաչ էկոտնտեսության զարգացմանը։

Հանրագիրը դեկտեմբերի 2-ին ներկայացվել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ջերմուկ կատարած նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի. https://www.facebook.com/armecofront/videos/292095964764753/

Ջերմուկի ավագանուն հանրագիրը ներկայացվել է դեկտեմբերի 5-ին, ավագանու անդամները խոստացել են այն քննարկման դնել ավագանու առաջիկա նիստին։ Տեսանյութը՝ Հայկական բնապահպանական ճակատի https://web.facebook.com/armecofront/videos/1959463754355593/, https://www.facebook.com/armecofront/videos/121641985444657/

ՀՀ կառավարություն հանրագիրը ներկայացվել է դեկտեմբերի 6-ին։ Տեսանյութը՝ Հայկական բնապահպանական ճակատի, https://web.facebook.com/armecofront/videos/500313047156872/

Հանրագրում մասնավորապես գրված է.

«Հարգելի պրն. վարչապետ, ՀՀ կառավարության անդամներ, Ջերմուկ համայնքի ղեկավար և ավագանու անդամներ,

Վայոց Ձորի մարզը՝ լինելով տարածքով և բնակչությամբ ամենափոքրը, Հայաստանի այն յուրահատուկ տարածքներից է, որտեղ միաժամանակ հանդիպում են տափաստանային, անտառային և ալպիական էկոհամակարգերը, որոնց մի մասն արդեն իսկ ունի հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ: Այս մարզը մեր երկրի հիմնական ջրային հարստությունը՝ Սևանա լիճը սնող ու վերականգնող աղբյուրն է և Հայաստանի ողջ տարածքի համար ունի ջրային ռազմավարական նշանակություն և՛ որպես ջրհավաք ավազան, և՛ ջրային կարևորագույն ենթակառուցվածքներ ունեցող մարզ՝ Որոտան֊Արփա-Սևան ջրատար թունել, Կեչուտի, Հերհերի ջրամբարներ և այլն։

Մեր մարզի տնտեսության հիմքում հողն ու բնությունն են՝ գյուղանտեսություն, անասնապահություն, գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություններ, խաղողագործություն, գինեգործություն, հանքային և խմելու ջրերի արտադրություն, (էկո)տուրիզմ, էկոլոգիապես մաքուր վայրի դեղաբույսերի հավաքում, առողջարաններ և այլն: Խորհրդային շրջանից պահպանվել են քիչ թե շատ գործող տեխնոլոգիական հիմնարկներ, որոնք կարող են հիմք դառնալ նորարությունների հենքով արտադրությունների զարգացման համար:

Միաժամանակ, մեր մարզում ստեղծվել են տնտեսական այնպիսի ապրանքանիշեր՝ բրենդեր, որոնք ներկայացնում են ողջ Հայաստանը՝ Ջերմուկ հանքային ջուրը, Ջերմուկ առողջարանային քաղաքը և Արենին՝ որպես գինու  արտադրության, խաղողի մշակման ու հնագիտական տուրիզմի կենտրոն, Գնդեվազի ուշահաս ծիրանը:

Մեր համայնքի՝ Ջերմուկի տնտեսական հենքը առողջարաններն են, հանքային ջրերի արտադրությունը, տուրիզմն ու գյուղատնտեսությունը: Այն կարող է վերանալ, եթե մեր համայնքում զարկ տրվի մետաղական հանքարդյունաբերությանը:

Մետաղական հանքարդյունաբերությունը ոչ մի կերպ չի կարող զարգացնել մեր համայնքի տնտեսությունը. եթե նույնիսկ այն կարճաժամկետ կտրվածքով ապահովի որոշակի հարկային եկամուտներ, ապա այդ նույն կարճ ժամկետում կազմաքանդելու է արդեն իսկ բնականորեն կազմավորված տնտեսական համակարգը, իսկ հետագայում հանգեցնելու է ահռելի ծախսերի՝ կապված սոցիալական ու բնապահպանական ավերիչ ազդեցության հետ։ Իրականում հանքարդյունաբերության վնասների և օգուտների հարաբերակցությունը հաշվարկված չէ, մենք զրկված ենք դրա առաջացրած վնասների մասին վերլուծություններից, սակայն մեր աչքի առջև ունենք Հայաստանի այլ վայրերում հանքարդյունաբերության դառը փորձը։ Մենք չենք ցանկանում դառնալ Լոռվա Թեղուտը, Ախթալան, Ալավերդին, Սյունիքում՝ արդեն իսկ դատարկված Դաստակերտը, հիվանդացությամբ Հայաստանում առաջինը համարվող Քաջարանը կամ Կապանը։

Ամուլսարում ոսկու արդյունահանմանը դրական եզրակացություններ տալով՝ նախորդ կառավարությունները ոտնահարել են նաև մեզ վրա ազդող որոշումների կայացմանը մասնակցելու մեր իրավունքը. նախ, մինչև 2016թ. մեր համայնքի խոշորագույն քաղաքը՝ Ջերմուկը չի էլ համարվել Ամուլսարի ծրագրի ազդակիր, իսկ 2016-ին ազդակիր հայտարարվելուց հետո էլ այստեղ պատշաճ կարգով չեն կազմակերպվել հանրային լսումներ: Լիդիան ընկերությունը, ինչպես նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչները, արհամարհել են մեզ, փորձել են ապակողմնորոշել կամ վախեցնել: Մենք պահանջում ենք, որպեսզի նոր կառավարությունը հարգի ժողովրդի կամքը, և այդ հույսով էլ ներկայացնում ենք սույն հանրագիրը:

Մենք առաջարկում և պահանջում ենք.

Ջերմուկի ավագանուց՝ ընդունել որոշում, որով կբացառվի մետաղական հանքարդյունաբերության հեռանկարը Ջերմուկ համայնքում և մեր համայնքը կճանաչվի կանաչ, էկո-տնտեսական տարածք, որտեղ պետք է զարգանան հանքաջրաբուժական առողջարանները, էկոլոգիապես մաքուր և բնական  գյուղատնտեսությունը, գյուղմթերքի վերամշակումը, կենսակայուն տուրիզմը, հանքային ջրերի արտադրությունը և նորարական տեխնոլոգիաներով հագեցած ու բնությունը չվնասող այլ արտադրություններ:

ՀՀ Կառավարությունից՝

ա) ընդունել Կառավարության որոշում, որով կբացառվի մետաղական հանքարդյունաբերության հեռանկարը Ջերմուկ համայնքում և մեր համայնքը կճանաչվի կանաչ, էկո-տնտեսական տարածք, որտեղ պետք է զարգանան հանքաջրաբուժական առողջարանները, էկոլոգիապես մաքուր և բնական  գյուղատնտեսությունը, գյուղմթերքի վերամշակումը, կենսակայուն տուրիզմը, հանքային ջրերի արտադրությունը և նորարական տեխնոլոգիաներով հագեցած ու բնությունը չվնասող այլ արտադրություններ: Այս որոշմամբ կամբողջացվեն նաև նախկինում ընդունված ռազմավարությունները՝ կապված Վայոց Ձորի մարզի տնտեսական զարգացման հետ՝ բացառելով մետաղական հանքարդյունաբերության հեռանկարը:

բ) Այս որոշումն ի կատար ածելու համար դադարեցնել բոլոր տեսակի մետաղական հանքերի հնարավոր գործարկումները, այդ թվում՝ դադարեցնել նոր երկրաբանական հետախուզությունների գործընթացները և վերանայել արդեն իսկ տրամադրված լիցենզիաններն ու դրական եզրակացությունները: Խոսքը, մասնավորապես,  վերաբերում է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին:

գ) Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Ջերմուկի ու Վայոց Ձորի մարզի էկո և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականցման համար մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:»

Հարցերի դեպքում դիմել
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝   armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,