News

Ջերմուկի «Արարատ» առողջարանի տնօրենը Ամուլսարի մասին

Ջերմուկում գտնվող «Արարատ» մոր և մանկան առողջարանի գլխավոր տնօրեն Հակոբ Հակոբյանը պատմել է իրենց գործունեության, Ջերմուկի զարգացման հեռանկարների և դրանց վրա Ամուլսարում հանքի հնարավոր շահագործման հետևանքների մասին։ Իր խոսքում նա մասնավորապես նշում է, որ իրենց կենտրոնը միակ հանքաջրաբուժական (բանեոլոգիական) առողջարանն է տարածաշրջանում: Աշխատանքը հիմնականում կապված է մանկական ուղեղային կաթվածով երեխաների և ընդհանրապես շարժողական ֆունկցիաների խանգարումներով երեխաների հետ՝ բուժում են նաև սոմատիկ հիվանդություններ:

Անդրադառնալով Ամուլսարի խնդրին նա ասում է․ (ներկայացվում է բանավոր խոսքի թեթևակի սրբագրումով)

«Ինչպե՞ս կազդի մեզ վրա հանքարդյունաբերությունը։ Այս առողջարանի բոլոր լուսամուտներից երևում է այն սարը, որը պետք է կամաց-կամաց մաշվի, և որտեղ տեխնիկա պիտի աշխատի: Հոգեբանական առումով կարող եմ ասել, որ այդ սարին նայելով՝ արդեն չեմ պատկերացնում, որ այս առողջարանում բուժվելով՝ ես օգուտ կստանամ։ Նաև փոշու ամպը, եթե այստեղ չհասնի էլ, անպայման կերևա. սա հոգեբանորեն այնքան էլ հարմար չէ բուժվող մարդու համար։ Դա նույնն է, ինչ մեկը գնա բուժվելու ատոմակայանի մոտակայքում… ատոմակայանի ռեակտորներն ընդհանրապես որևէ ռադիացիա չունեն, բայց եթե մեկն էնտեղ իր հիվանդությունները բուժի ու նայի այդ ռեակտորներին, ուղղակի նայի դրանց… դժվար թե նա հոգեբանորեն շատ լավ վիճակում լինի։

Ջերմուկի ամբողջ ֆենոմենն այն է, որ ցիվիլիզացիան ու բնությունն իրար հետ սերտ կապված են։ Հենց ոտքդ ցիվիլիզացիայից հանես դուրս՝ կուսական բնություն է, որին մարդու ձեռք չի կպել։ Սա այն բնական գործոնն է, որը մեծ ազդեցություն ունի բուժման վրա, ու դա հաշվի չառնել չի կարելի:

Ավելին, Ջերմուկը կուրորտային քաղաք է։ Հիմա դեմոգրաֆիան փոխվելու է, անպայման։ Ջերմուկ գալու են շատ մարդիկ՝ հանքարդյունաբերող աշխատողներ, որոնց գրպանը փող կա, ու ինձ թվում է՝ նրանց հիմնական նպատակը կլինի զվարճանալը, որովհետև նրանք ամբողջ օրը ծանր աշխատանքներ են կատարելու։ Ջերմուկը միանգամից կփոխվի, ու դրան մենք արդեն ականատես ենք եղել էս երկու տարվա ընթացքում։ Ջերմուկը երևի աշխարհի ամենաանվտանգ քաղաքն է եղել, բայց հիմա էստեղ շատ են ավելացել կռիվները, քաշքշոցները, որովհետև, միանշանակ, քեֆ արած մարդը չի կարող ակտիվ էմոցիաներ չունենալ։

Ես մտածում եմ, որ ամեն ինչ իր տեղում պետք է լինի։ 10 տարի հետո, երբ այս հանքարդյունաբերությունը դադարի, չգիտեմ՝ այստեղ ո՞վ պետք է ապրի։ Նրանք կհավաքեն իրենց գործիքներն ու կգնան, ու էլ ո՞վ պետք է ապրի այստեղ։ Ես էդպես եմ գնահատում։ Ես աշխատող մարդ եմ։ Այդ հանքարդյունաբերության տարածքում էլ շատ բաներ կարող եմ անել՝ նրանք էլ են հիվանդանում, նրանց էլ կարող եմ բուժել, բայց սրա մասին չէ խոսքը։ Խոսքը կուրորտային քաղաքի մասին է։ Խոսքը երկրի ռեյտինգի մասին է։ Խոսքն այն մասին է, որ այս երկրում կա կուրորտային քաղաք Ջերմուկ․․․

․․․Հիմա ասում եք, եկե՛ք փոխվենք՝ դառնանք հանքարդյունաբերող։ Ինչո՞ւ, ավելի լավ է՝ դուք փոխվե՛ք, դարձեք ուրիշ բան։ Իսկ ֆինանսատնտեսական առումով, եթե որևէ մեկը կասի, թե մենք ավելի քիչ ենք օգուտ տալիս, քան հանքարդյունաբերությունը՝ կարող են նստել ու հաշվել, և կտեսնեն, որ չէ, մենք շա՜տ, շա՜տ օգուտ ենք տալիս, որովհետև մենք երկիր ենք պահում։ Մենք 1947 թվից սկսել ենք էստեղ երկիր պահել ու մտածում ենք, որ մեր թոռան թոռներն էլ էստեղ երկիր պետք է պահեն։ Մենք հանքը չենք հանելու ու փախչենք այստեղից, որովհետև էլ կորզելու բան չի լինելու։ Մենք անընդհատ այստեղ ենք մնալու, ու մեր ծոռներն են այստեղ մնալու։

Իսկ էդ հանքն ինչ-որ արեց, հետո էլ այդտեղ դժվար մի նորմալ մարդ գա ապրի։ Ու մենք էլ արդեն մտածում ենք, որ եթե դա սկսի աշխատել, պետք է անպայման ինչ-որ ձևով հավաքենք մեր «վեշերը»։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝   armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: ,