Ամուլսարի միջազգային փորձաքննությունն ազդակիր համայնք չի մտել. հայտարարություն
Մենք՝ Ամուլսարը, Հայաստանի ջրերն ու մեր համայնքների ներկան ու ապագան արդեն մեկ տարուց ավելի պաշտպանող ջերմուկցիներս ու գնդեվազցիներս, ինչպես նաև Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը, հայտարարում ենք, որ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում վարձված լիբանանյան ընկերությունը, որը պետք է կատարեր Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի գնահատում, մեր համայնքներ ոտք չի դրել, չի անցակցվել մեր ու ապագա սերունդների կյանքի, մեր համայնքների տնտեսական ու սոցիալական կենսապայմանների վրա ազդեցության գնահատում, բնության մասին հոգ տանելու՝ մեր սահմանադրական պարտականության, ինչպես նաև բարեկեցիկ միջավայրում ապրելու մեր համընդհանուր միջազգային իրավունքի շուրջ մեր դիրքորոշման գնահատում:
Հայտարարում ենք, որ թույլ չենք տալու Ամուլսարի հանքարդյունաբերական տարածքներ մուտք գործել նույնիսկ փորձաքննական գնահատման աշխատանքներ կատարողներին, մինչև Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ բնակավայրերի հետ այդ փորձաքննության շրջանակներում հանդիպումներ չտարվեն, մեր բոլոր իրավունքների խախտումներն ու քաղաքական դիրքորոշումն այդ փորձաքննության ընթացքում չարձանագրվեն: Բազմիցս հայտարարվել է, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետազոտությունների հիման վրա, որ հանք շահագործելու ծրագիրն ունի ոչ միայն բնական միջավայրի վրա, այլև տնտեսական ու սոցիալական խիստ վատթար ազդեցություն, որը Լիդիան Արմենիա ընկերությունը պատշաճ կերպով չի գնահատել:
Մենք պահանջում ենք մեր տնտեսական ու սոցիալական իրավիճակի ու վնասների, ինչպես նաև սահմանադրական իրավունքների հաշվի առնում փորձաքննության շրջանակներում: Ջերմուկ համայնքն ամբողջությամբ ազդակիր է, սակայն մեր բնակավայրերից Ջերմուկը միջազգայնորեն ճանաչված նորմի, այն է՝ վնասների մասին նախապես իրազեկված, գիտակցված համաձայնություն տալու գործընթացից դուրս է մնացել: Ամուլսարը հանքի վերածելու կապակցությամբ մենք ունենք բնակչության ճնշող մեծամասնության կողմից արտահայտված և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված համընդհանուր դիրքորոշում՝ մետաղական հանքարդյունաբերությանը մեր համայնքներում դեմ ենք:
Նաև Քննչական կոմիտեից պահանջում ենք թափանցիկություն և փորձաքննական արդյունքների հանրայնացում, և մեզ համար անընդունելի է հանրությունից տեղեկատվության գաղտնի պահելը մի պարագայում, երբ շահագրգիռ ընկերության՝ Լիդիանի հետ այդ արդյունքների կապակցությամբ անց են կացվում ինչ-ինչ հանդիպումներ, քննարկումներ և այլն: Մեզ համար անընդունելի է նաև, որ քրեական գործի շրջանակներում փորձաքննական գործընթացներն ու վերջնական արդյունքների հրապարակումն անընդհատ հետաձգվում են, որի հետևանքով առաջանում է անվստահություն արված հայտարարությունների նկատմամբ:
Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ հուլիսի 14-ին ժամը 15:00-ին Ջերմուկի թիվ 2 կրթահամալիրում կկայանա մեծ համայնքային ժողով, որի ժամանակ կներկայացվի Ջերմուկ խոշորացված համայքնի վերջնական դիրքորոշումը Ամուլսարի պայքարի և կառավարությունից ակնկալվող որոշման կապակցությամբ: Խնդրում ենք լրատվամիջոցների ներկայությունն ու լուսաբանումը:
Ամուլսարի պաշտպաններ
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն