News

«Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագիրն այս տեսքով մեծ սպառնալիք է շատ լավ որակի ջրերի համար և լուրջ խնդիր է լինելու ձեր թոռների համար». միջազգային անկախ փորձագետներ

Ամուլսարում ոսկու հանքի հնարավոր շահագործման հետևանքով տարածաշրջանի ջրերի աղտոտման խնդիրների վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ իրականացրած չորս գիտնականներից երկուսն այս օրերին գտնվում են Երևանում։ Շուրջ 30 տարվա փորձառություն ունեցող դոկտոր Էնն Մաեսթը ԱՄՆ-ից ու դոկտոր Անդրե Սոբոլևսկին Կանադայից հանդիպումներ են ունեցել Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և Բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ, իսկ հունիսի 20-ին՝ հանրության հետ։ Իրենց հանդիպումներում փորձագետները ներկայացրել են իրենց արած վերլուծությունների հիմնական արդյունքները և մտահոգությունները, թե ինչպես է Լիդիան Ինթերնեշընըլ ընկերությունը թերհաշվարկել բնական միջավայրի, մասնավորապես՝ ջրերի վրա ազդեցությունը և իրականում ինչ իրատեսական վտանգներ կան, ու ինչ մեծ ծախսեր է ենթադրում հանքի հնարավոր շահագործումը միայն ջրերի մասով, եթե այն իրականացվի հանքարդյունաբերական միջազգային լավագույն փորձից ելնելով։ Լիդիան Ինթերնեշընըլը փորձագետների պնդումներին հակադարձել է իր խորհրդատու՝ Լարրի Բրեքենրիջի արած հայտարարություններով, որոնց Էնն Մաեստը գիտականորեն հակադարձել է դեռևս 2018թ․ փետրվարին և մատնանշել դրանց անհիմն լինելը։

«Մենք վիճարկում ենք ոչ թե բուն տվյալները, այլ տվյալների հիման վրա արդյունքների մասին Լիդիանի մեկնաբանությունները»,- շեշտել է դոկտոր Էնն Մաեսթը։ Փորձագետներն իրենց վերլուծությունների համար հիմք են ընդունել Լիդիանի երկրաբանական նմուշների ու Լիդիանի անցկացրած փորձարկումների մասին առկա տվյալները, ուստի մեթոդաբանական առումով նրանց աշխատանքը համեմատելի է։ Որպես գիտնականներ՝ փորձագետներն ընդգծում են հանքավայրի երկրաքիմիական բնութագրիչների ու ապարների նմուշների փորձարկումների ճշգրիտ լինելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի իրատեսորեն կանխատեսել վտանգները և համապատասխանաբար նախագծել այնպիսի գործունեություն, որը համաչափորեն կանդրադառնա այդ վտանգներին։ Մինչդեռ Ամուլսարի դեպքում Լիդիանի իրականացրած երկրաքիմիական փորձարկումները, հավաքած նմուշները և ամենակարևորը՝ դրանց մեկնաբանումը հանգեցրել է հանքի հնարավոր շահագործման ռիսկերի խիստ թերագնահատման, դրանից բխող անբավարար մեղմացման միջոցառումներով։

Մասնավորապես, ըստ Լիդիանի, Ամուլսարի երկրաբանական կառուցվածքը շատ պարզ է, իսկ պաշարներն ամբողջովին օքսիդային են։ Իրականում ապարների երկրաքիմիական բնութագրիչները ցույց են տալիս, որ հանքի տարածքում երկրաբանական կառուցվածքը շատ բարդ է, պաշարներն օքսիդային չեն, հնարավոր չի լինելու տարբեր շերտերն իրարից տարանջատել, և կա թթվային դրենաժի մեծ ներուժ՝ սուլֆիդների մեծ պարունակության պատճառով։ Ամուլսարում չկա թթու կլանող ու արտադրող ապարների միջև հավասարակշռություն, շատ ավելի շատ են թթու արտադրող ապարները, այդ իսկ պատճառով դատարկ ապարների թափոնակույտը, հանքաքարը և հանքախոռոչը՝ գրեթե բոլորն ունեն թթու արտադրելու ներուժ։ Խնդրահարույց է սուլֆիդային ապարներից նմուշների քիչ քանակությունը, ինչպես նաև թթվային դրենաժի գնահատման համար անցկացված երկրաքիմիական փորձարկման կարճ ժամանակահատվածը, ինչը ապարների ոչ ներկայացուցչական լինելու ու ոչ գիտականորեն անհրաժեշտ ժամանակահատվածում փորձարկվելու պատճառով հանգեցնում է թերի երկրաքիմիական կանխատեսումների։ Եզրակացությունը հստակ է. Ամուլսարում կա թթվային դրենաժի մեծ պոտենցիալ, թթվային միջավայրում ծանր մետաղները ավելի մեծ կոնցենտրացիաներով են կուտակվում, կա հատկապես արսենի (մկնդեղի) մեծ քանակությամբ արտազատման պոտենցիալ հանքախոռոչներում ու դատարկ ապարների թափոնակույտում, իսկ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ տևող գործընթաց է, որն ազդելու է Ամուլսարից սկիզբ առնող ստորերկրյա ու մակերևույթային բոլոր ջրային աղբյուրների ու հոսքերի վրա։ Նույնիսկ եթե հիմք ընդունենք Լիդիանի իսկ պնդումը, թե թթվային դրենաժը տարածքով անցկացված Որոտան-Արփա թունել կհասնի միայն 130 տարի հետո (ինչը կասկածելի է ապարների խիստ ճեղքայնության պատճառով, ուստի շատ ավելի շուտ թթվային դրենաժը կազդի թունելի վրա), ապա թթվային ջրերը՝ իրենց մեջ բազմաթիվ ծանր մետաղների բարձր կուտակումով հոսելու են Կեչուտի ջրամբար և այդտեղից Արփա-Սևան թունելով փոխադրվելու Սևանա լիճ։ «Սա ձեր թոռների համար լուրջ խնդիր է լինելու», ասում է դոկտոր Մաեսթը։Amulsar flowՍտորերկրյա ջրերի հոսքի քարտեզ

Փորձագետները պնդում են, որ հանքարդյունահանման ներկայիս նախագծով թափոնակույտից ու հանքախոռոչներից առաջանալիք թթվային դրենաժի հետ կապված Լիդիանի նախատեսած գործողությունները ոչ միայն բավարար չեն, այլև պարզապես բացակայում են։ Ըստ դոկտոր Սոբոլևսկու, դատարկ ապարների թափոնակույտի՝ Լիդիանի առաջարկած պատիճավորումը փորձարկված չէ, ուստի ապացուցված չէ, արդյո՞ք դա կկանխի թթվային դրենաժը։ Լիդիանն առաջարկում է փորձարկումն սկսել արդյունահանումից հետո, իսկ եթե փորձարկումը ցույց տա որ մեթոդն արդյունավետ չէ, որևէ այլ պլան չկա նախատեսված։ Հանքախոռոչներում կուտակվելու է թթվային ջուր, որն ամբողջությամբ հնարավոր չի լինելու օգտագործել արտադրական գործընթացներում, մեծ ծավալների ավելցուկ է առաջանալու, որը կարիք ունի մշակման։ Միայն հանքախոռոչներում ու դատարկ ապարների թափոնակույտում առաջանալիք թթվային ջրերի մաքրման համար անհրաժեշտ է կառուցել համապատասխան մաքրման կայան։1
2Կրով մաքրման կայան, Անդրե Սոբոլևսկու ելույթից

Բացի թթվայնությունը չեզոքացնելուց, անհրաժեշտ է լինելու նաև թափոնակույտից ու հանքախոռոչներում առաջացող ջրերը մաքրել բարձր կոնցենտրացիաներով մետաղներից։ Սա է հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն պրակտիկան։ Քանի որ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ է տևելու, այդ կայանը պետք է գործի ոչ միայն հանքի շահագործման առաջին օրվանից մինչև փակումը, այլև շահագործումից հետո ևս առնվազն 200 տարի։ Նման ապարներով հանքերի դեպքում հանքավայրի փակումը մշտական գործընթաց է համարվում, այն կարող է տևել նույնիսկ 500 տարի։ 200 տարվա հաշվարկով՝ ըստ Սոբոլևսկու՝ կրով մաքրման կայանի տեղադրումն ու ամենամյա պահպանումը կարժենա 125-180մլն ԱՄՆ դոլար։ Լիդիանը ոչ միայն չի նախատեսել նման կայանի կառուցում, այլև հանքի փակման իր ֆինանսական երաշխիքն ընդամենը 34մլն դոլար է, այսինքն՝ միայն հանքախոռոչներից ու թափոնակույտից թթվային դրենաժից ջրերի մաքրման համար անհրաժեշտ միլիոնավոր ծախսերը մնալու են Հայաստանի կառավարության ու ժողովրդի ուսերին։ Ավելի վտանգավոր է, եթե հանք շահագործողը սնանկանա կամ վաղաժամ դադարեցնի հանքի շահագործումը։ Հանքի փակման ֆինանսական երաշխիքներն ուղղակի անբավարար են միայն թթվային դրենաժի պատճառով հանքի թողած ազդեցությունը մեղմելու, հանքը ռեկուլտիվացնելու ու տարածքը վերականգնելու համար։

Խնդիրներ կան նաև ցիանային կույտային տարրալվացման հարթակի հետ կապված։ Փորձագետները պնդում են, որ տարրալվացման հարթակի ջրերի մաքրման կայան պետք է տեղադրվի ոչ թե շահագործումից 5 տարի հետո, այլ՝ առաջին իսկ օրվանից։ Լիդիանն առաջարկում է շահագործումից 5 տարի հետո գործարկել պասիվ մաքրման կայան (բիոքիմիական ռեակտորով կայան), որը կմշակի  հարթակի՝ ցիանային լուծույթ պարունակող ջրերը, կթունազերծի դրանք ցիանիդից ու կդատարկի Արփա գետի մեջ։ Ըստ դոկտոր Սոբոլևսկու, ով հանքավայրերում ջրերի մաքրման կայանների նախագծման ու տեղադրման հարցում միջազգային հեղինակություն է, պասիվ մաքրման կայանը չի կարող իրականում մաքրել ու բոլոր աղտոտիչներից թունազերծել հարթակի հեղուկը։ Նման կայանը չի համապատասխանում հանքաքարի կառուցվածքին՝ թթու արտադրելու պոտենցիալին։ Թթվային հանքաքարի պատճառով տարրալվացման հարթակում գոյանալու են մեծ ծավալի նստվածքներ, բիոքիմիական ռեակտորը չունի նման նստվածքներով աշխատելու հնարավորություն։ Բացի այդ, Լիդիանի ոչ մի բառ չի հիշատակել, թե ինչպես է մաքրելու մի շարք կարևոր աղտոտիչներ՝ ամոնիակը և նիտրատը, մկնդեղը, ծարիրը, սնդիկը, սելենը, ամենայն հավանականությամբ նոր առաջացած՝ թիոսելենատը։ Լիդիանն ուղղակի թաքցրել է, որ տարրալվացման հարթակում առաջանալու է նոր միացություն՝ թիոցիանատ, սա սուլֆիդային ապարների և ցիանիդի քիմիական ռեակցիայից առաջացած նոր խիստ թունավոր միացություն է։ Ըստ դոկտոր Սոբոլևսկու կանխատեսման՝ հարթակի 1 լիտր հեղուկում թիոցիանատի կոնցենտրացիան լինելու է 1000 միլիգրամ։ Միայն թիոցիանատից մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ մաքրման կայան, որը պետք է երեք փուլով քայքայի նախ՝ թիոցիանատը, այնուհետև՝ ամոնիակը, այնուհետև՝ նիտրատը։ Բացի այդ, միայն տարրալվացման հարթակի փակումը և համապատասխան ակտիվ մաքրման կայանների գործարկումը պետք է տևի շուրջ 20 տարի, քանի որ այստեղ նույնպես սպասվում է դրենաժ։ Թիոցիանատից մաքրելու կայանի կառուցումն ու 20 տարի գործարկումը միայն կարժենա շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար։ Նման բան ներկայիս նախագծով նախատեսված չէ, շահագործման դեպքում այս բոլոր աղտոտիչները թափվելու են Արփա գետ, Արփայում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցվելու են 2-ից 1000 անգամ։
3Թիոցիանատից մաքրման կայան, լուսանկարը՝ Անդրե Սոբոլևսկու ելույթից

Այս համատեքստում դոկտոր Էնն Մաեսթն ուղղակի զարմանալի է համարում Լիդիանի պնդումը, թե «Բնական միջավայր որևէ աղտոտիչ երբևէ չի թափվելու, ուստի ոչ միայն Ջերմուկի, այլև տարածաշրջանի որևէ ջուր հանքի գործունեության արդյունքում ազդեցություն չի կրելու»։ Մինչդեռ տարածքի ջրերի մեկնարկային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ունեն լավ ու շատ լավ որակ, որոնք բարձր աստիճանի վտանգի տակ են, եթե հանքի շահագործումն այս տեսքով տեղի ունենա։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների ու քաղաքացիների հարցերին ի պատասխան, փորձագետներն ընդգծեցին, որ հանքավայրի շահագործման կամ դադարեցման հետ կապված որոշումները քաղաքական են, և դրանք կարող են կայացնել միայն Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը, սակայն իրենց անկախ ու գիտական դիրքորոշումը միտված է իրական ռիսկերը մատնանշելուն։ Նրանք նաև չբացառեցին, որ իրենց Ամուլսարի մասին իրենց վերլուծությունները կարող են գիտական ամսագրերում հրապարակվել, ինչպես նաև դեմ չեն լինի ուսումնասիրել երկրաբանական ու ջրերի նոր նմուշներ Ամուլսարից, եթե դրանք իրենց տրամադրվեն։

Էնն Մաեսթը ներկայացրեց, որ աշխարհի տարբեր վայրերում հանքարդյունաբերական ծրագրերի շուրջ 150 բնապահպանական ազդեցության գնահատականներ է ուսումնասիրել։ Միայն ԱՄՆ-ում իրենց մի հետազոտության համաձայն, ԱՄՆ 71 խոշոր հանքերի շուրջ 104 գնահատականների ուսումնասիրության ու տարիներ անց իրականության հետ համադրելու արդյունքում պարզվել է, որ գնահատականների 75 տոկոսում ջրի որակի մասին կանխատեսումները ավելի ցածր են եղել, քան իրականության մեջ տեղի ունեցածը։ Իսկ իրականության մեջ թթվային դրենաժի պոտենցիալը շատ մեծ է եղել, հատկապես ջրային ավազաններին մոտ գտնվող տարածքներում, ինչպիսին Ամուլսարն է։ Ուստի շատ կարևոր է ազդեցության գնահատականները գրել՝ հնարավոր վատագույն սցենարները հաշվի առնելով, ինչը կրկին միջազգային լավագույն պրակտիկայից է բխում, իսկ Ամուլսարի պարագայում Լիդիանի կանխատեսումները խիստ լավատեսական են։ Այն հարցին, թե ինչպես են թույլտվություններ տրվում ԱՄՆ-ում և Կանադայում նման հանքերին, փորձագետները պատասխանեցին, որ թեև օրենսդրական պահանջները երկրից երկիր, նույնիսկ նահանգից նահանգ են տարբերվում, սակայն բնական միջավայրի վրա ազդեցության գնահատականները շատ խստորեն են հաշվի առնվում, և կառավարությունները արդյունահանողների առջև խիստ պահանջներ են ներկայացնում ազդեցությունը մեղմացնելու առումով, այդուհանդերձ կա հավերժ մաքրում պահանջող հանքերին թույլտվություններ չտալու միտում։

Փորձագետների հիմնական եզրակացությունն այն է, որ քանի հանքարդյունահանումը չի սկսվել, անհրաժեշտ է Ամուլսարի ծրագրի լրջագույն վերագնահատում կատարել և նոր երկրաքիմիական ուսումնասիրությունների ու փորձարկումների հիման վրա ներկայացնել հանքի շահագործման այնպիսի նախագիծ, որը կպարունակի բնական միջավայրի վրա ազդեցության մեղմացման համարժեք գործողություններ։

Զեկույցների և քննարկման ամբողջական տեսաձայնագրությունները կարող եք դիտել այստեղ, այստեղ և այստեղ։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com

 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , ,