News

17 կուսակցությունների արածները հիշում ենք

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարում է, որ ինչպես ակտիվ պատերազմական օրերին էր մեզ համար անընդունելի պատերազմի թեմայի չարաշահումը, հանքակեր ընկերությունների ու բիզնեսմենների կողմից ռազմադաշտում զոհված կամ վիրավորված անձանց զոհողությունն իբրև «թիկունքում» գտնվող հանքային աշխատատեղերի պաշտպանություն ներկայացնելը, բնության հավելյալ ու ավելի դաժան հոշոտման ծրագրերը «հանուն հայրենիքի» (ռազմարդյունաբերությա՞ն) անվան տակ առաջխաղացնելը, այնպես էլ պատերազմական գործողությունների դադարից հետո մերժելի են լինելու մինչ այժմ մերժված բնաքանդ ծրագրերը, մասնավորապես Հայաստանի տարածքում նոր հանքեր բացելու նկրտումները։
Հիշելով, թե ում են պատկանում հանքերը շահագործելու իրավունքները, ո՛ր խմբավորումների ու երկրների շահերն են դրանք իրականում սպասարակել տասնյակ տարիներ և ուր է հոսել հանքերից կորզված հարստությունը՝ մենք փաստում ենք, որ պատմականորեն հեղհեղուկ ու վտանգավոր այս օրերին Հայաստանն է՛լ ավելի ծանր իրավիճակի առջև կանգնեցնելու փորձ անողներ կան, որոնց թվում՝ հայտնի 17 (մարդ-)կուսակցությունները և դրանց շուրջ կարծիք ձևավորող արբանյակները, որոնք ձգտում են ռազմական կամ պալատական հեղաշրջում իրականացնել։ Հիշեցնում ենք, որ այս 17-ի մեջ են մեր պետական լեռնահանքային ձեռնարկությունները 15-20 տարի առաջ մասնավորեցրածները, Ամուլսարը, Թեղուտը, Լիճքը, Մղարթը և այլ տարածքներ հանքի վերածելու ծրագրերի քաղաքական որոշումներ ընդունածներն ու պատասխանատուները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ահռելի թաքնված մասնաբաժիններ ունեցողները, մինչև օրս Լիդիանին, Վալլեքսին և այլ հանքակեր ընկերություններին քաղաքական ՓիԱր ծառայություններ մատուցող մարդ-կուսակցությունները։
Հայտարարում ենք, որ կտրականապես դեմ ենք ներհասարակական բռնություններին ու ռևանշիզմին, Հայաստանի բնությունը, տնտեսությունը և բնակչության բարեկեցությունը վերջին 30 տարիների ընթացքում սրընթաց վատթարացրած ու դրա հաշվին հարստացած նախկին ուժերի վերադարձին իշխանությանը կամ օտար պետություններին սպասարկող որևէ ուժի կողմից իշխանության զավթմանը։
***
Մենք խաղաղությունն ընկալում ենք իբրև հասարակական, տնտեսական ու հոգևոր համակարգ, որում մարդիկ կենսագործում են ազատ, առողջ ու բարեկեցիկ։ Այն ենթադրում է բռնության բացառում ոչ միայն մարդկանց համար, այլև ողջ էկոհամակարգերի։
Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , ,