News

Վազաշենն առանց հանքի․ թռուցիկ

02
ԻՆՉ ԿՆՇԱՆԱԿԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԸ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ

Նախ, ի՞նչ ենք սովորել Հայաստանի ու աշխարհի հանքարդյունաբերության փորձից

  • Հանքը մասնավոր է լինելու, այսինքն պատկանելու է ոչ թե պետությանը կամ համայնքին, այլ որոշակի ընկերության: Մասնավոր ընկերության միակ մոտիվացիան, ի բնե, փող աշխատելն է. աշխատատեղեր ստեղծելը չէ, բնությունը պահպանելը չէ, տարածքի տնտեսական զարգացումն ապահովելը չէ, այլ զուտ փող աշխատելը: Չխաբվենք, այս փողերը համայնքի կամ պետության հետ կիսվելու համար չեն: Դրանցից չի ավելանալու ո՛չ վազաշենցիների տան արժեքը, ո՛չ թոշակը. այս փողը գնալու է մասնավորի գրպանը:
  • Հանքերի դեպքում խոսքը գնում է շատ մեծ փողերի մասին, ուստի հանք արդյունահանող ընկերություններն անում են ինչ կարող են, այդ փողերին ձեռք գցելու համար:
  • Առաջին հերթին պետք է ազատվել տեղի բնակիչներից: Հանքի մոտ ապրող մարդկանց նրանք անվանում են «հավելյալ մարդիկ», քանի որ ոսկին և այլ մետաղները նրանց պետք են, իսկ բնակիչներն ավելորդ են: Սակայն այս «ավելորդ» մարդիկ սովորաբար արդեն երկար տարիներ ապրում են տվյալ տարածքում, զբաղվում են որոշակի տնտեսությամբ:
  • Ուրեմն ի՞նչ անել, ինչպե՞ս նրանց համոզել, որ հողը տան հանքի համար: Նախ, գտնում են մարդկանց, ում կարելի է կաշառել՝ փողով գնել: Այս մարդկանց խոստանում են աշխատանք, խոստանում են բարձր գներով գնել նրանց սեփական հողերը և այլն: Համայնքապետերին կամ ավագանու անդամներին սովորաբար առաջինն են փորձում կաշառել՝ խոստանալով բարձր փոխհատուցում իրենց սեփականություն հանդիսացող հողերն առաջինը հանձնելու դիմաց, որոշ դեպքերում առաջարկում են նաև ճամփորդություններ փորձի փոխանակման անվան տակ, գույք և այլն: Խոստանում են նաև ներդրումներ կատարել համայնքի բյուջե՝ դպրոց կամ մանկապարտեզ վերանորոգել և այլն:
  • Այս առաջնային «գնված» կամ «համոզված» մարդիկ հետո սկսում են համոզել կամ սպառնալ համայնքի մյուս անդամներին: Դա կարող է արվել տարբեր ձևերով՝ աշխատանքի և կայուն եկամտի մասին խոստումներով, սպառնալով ի հայտ բերել տվյալ անձի կատարած փոքրիկ ապօրինությունները, սպառնալով, որ չհամաձայնելու դեպքում տվյալ անձի ունեցվածքը կխլեն հանրային գերակա շահի անվան տակ, սպառնալով, թե միևնույնն է՝ հանքը բացվելու է և հետո ընդդիմադիրները ոչինչ չեն ստանա դրանից, երբեմն՝ նաև ֆիզիկական բռնության դիմելով… կողմնորոշվում են ըստ իրավիճակի, բայց հիմնականում գործում են նույն սցենարով: Նրանք կանխամտածված կերպով տարաձայնություններ են առաջացնում, սադրում, հարևաններին ու բարեկամներին իրար դեմ հանում: Կոպիտ ասած՝ ընկերության ձեռքերը մաքուր են մնում, համայնքի բնակիչներն իրենք են իրար «կոտորում»:

Ի՞նչ է նշանակում՝ ապրել հանքի մոտ

Մետաղական հանքեր անդառնալի վնաս են պատճառում բնական միջավայրին և դրա միջոցով՝ մարդկանց ու կենդանական աշխարհին: Շրջակա տասնյակ կիլոմետրերով հողը և ջուրն այնպես են աղտոտվում, որ հետո հարյուրամյակներ շարունակ դրանք հնարավոր չի լինում վերականգնել: Այսինքն, եթե որևէ տեղ բացվում է մետաղական հանք, ապա մեծ մասամբ հանքի փակումից հետո այդտեղ այլևս ապրել չի լինում: Գյուղատնտեսությամբ, տուրիզմով կամ որևէ տեսակի այլ գործունեությամբ զբաղվելն այլևս անհնար է դառնում. ամեն ինչ աղտոտված է: Մտածենք, մեզ համար Վազաշենի հողն ի՞նչ արժեք ունի: Արդյոք դա միայն դրամակա՞ն արժեք է: Կարևո՞ր է արդյոք, որ ձեր երեխաները, թոռները նույնպես տարիներ հետո կարողանան ապրել այս հողում:

Վազաշենի պարագայում խոսք է գնում նաև ռադիոակտիվ նյութեր արդյունահանելու մասին: Սա նշանակում է, որ տարածքում կտրուկ աճելու են քաղցկեղային հիվանդությունները: Դրանցից առաջին հերթին տուժում են հանքի աշխատողները, այնուհետև՝ երեխաները և վերարտադրողական տարիքի կանայք: Պատրա՞ստ եք նման ապագա կերտել ձեզ ու ձեր երեխաների համար:

Գոնե աշխատանք կունենանք, փող կունենանք

Որքա՞ն կաշխատի հանքը: Խոստումները կարող են տարբեր լինել: Բայց ինչպես տեսանք Թեղուտի դեպքում, 70 տարվա ծրագիր ունեցող հանքն աշխատեց ընդամենը 3 տարի: Այս ընթացքում այնպես աղտոտեց միջավայրը, որ մարդկանց այգիները չորացան, մեղուները սատկեցին, գետն ու աղբյուրները վերացան. անտառը, որն առաջ սննդի ու ապրուստի միջոց էր, նույնպես խիստ կրճատվեց: Հետո՞: Հետո մարդիկ մնացին առանց աշխատանք, առանց հող ու վարկերի տակ (որովհետև աշխատանք ունենալով վարկեր էին վերցրել):

Իրականությունն այն է, որ Հայաստանի տարածքում եղած խոշոր հանքային պաշարները սկսել են շահագործվել Խորհրդային Միության ժամանակ, ինչպես օրինակ Քաջարանի, Սոտքի հանքավայրերը: Մյուսները հիմնականում փոքր ծավալով հանքեր ու հանքային երևակումներ են, որոնք ընդամենը մի քանի տարի աշխատելու հեռանկար ունեն:

Աշխատատեղերի խոստումների մի մասը նույնպես սուտ է: Հանքում տեղացիները կարողանում են աշխատել միայն սկզբնական շրջանում, երբ դեռևս շինարարական աշխատանքներ են գնում: Որոշ մարդիկ, ովքեր շինարարական տեխնիկա ունեն, մի քանի ամիս դա կկարողանան այն վարձով տալ… և վերջ, մոտավորապես այսքանը: Շինարարության ավարտից հետո աշխատատեղերը կիսով չափ կրճատվում են, նաև բերում են աշխատողներ դրսից: Ամբողջ համայնքը փոխվում է, քանի որ սովորաբար դրսից եկած աշխատողներն էլ միայնակ տղամարդիկ են լինում, ովքեր իրենց հետ բերում են փող, խմիչք, աղմուկ, սեռական բռնություն:

Համայնքի ուժը

Գուցե ոմանք փորձում են հակառակում համոզել, բայց համայնքը շատ մեծ ուժ ունի, որովհետև հողը պատկանում է համայնքին և եթե համայնքն այդ հողը չտա, ոչ ոք չի կարող ընդերքը շահագործել:

2017 թվականին Լոռու մարզի Արդվի համայնքում թույլ չտվեցին ոսկու-բազմամետաղային հանքի հետազոտություն սկսել: Գյուղի բնակիչները, այդ թվում դպրոցականները, մի քանի անգամ տապալեցին հանրային լսումները՝ թույլ չտալով, որ որևէ մեկը մտնի լսումների տարածք: Սա շատ կարևոր է, որովհետև եթե հանրային լսումներն այնուամենայնիվ տեղի են ունենում, ապա նույնիսկ եթե բոլոր մասնակիցներն էլ դեմ են արտահայտվում, ամեն դեպքում լսումները համարում են կայացած և հանքի թույլտվություններին ընթացք է տրվում:

2018 թվականին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը թույլ չտվեց իր տարածքում հանքարդյունաբերություն սկսել: Նոյեմբերյանում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, բնակչության ստորագրահավաք կազմակերպվեց, որի հիման վրա ավագանին որոշում կայացրեց արգելել մետաղական հանքերի հետ կապված որևէ գործունեություն համայնքի տարածքում:

Վայոց Ձորի Գլաձոր համայնքում 2016 թվականից ի վեր բնակչությունը թույլ չի տալիս ոսկու հանքի բացումը: Իսկ Ջերմուկ համայնքում շարունակվում է պայքարը Ամուլսարի հանքը չբացելու համար: Պայքարներ են ընթանում նաև Մեղրիում և Սյունիքի մարզի այլ համայնքներում:

Ինչ կարող ենք անել

  • Տապալել հանրային լսումները. թույլ չտալ, որ դրանք կայանան և արտահայտել հանքին դեմ մոտեցումը:
  • Համայնքում անցկացնել ստորագրահավաք-հանրագիր՝ ավագանուց պահանջելով արգելել մետաղական հանքերը համայնքի տարածքում:
  • Պահանջել, որպեսզի համայնքում զարկ տրվի մաքուր, կենսակայուն տնտեսությանը:
  • Սոցիալական ցանցերում տեղադրել գյուղի և բնության լուսանկարները, միանալ Վազաշենն առանց հանքի ֆեյսբուքյան խմբին:
  • Ավելի շատ տեղեկանալ մետաղական հանքերի կործանարար ազդեցության մասին:
  • Պատմել այդ մասին մյուսներին:

Թռուցիկը կարող եք ներբեռնել այստեղ

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
Էլ
փոստ՝  armecofront@gmail.com

 

 

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,