News

Մի՛ բացեք պանդորայի արկղը, հետևանքներն ահավոր կլինեն

Հայաստանի Վայոց Ձորի մարզում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեպքում բնական (շրջակա) միջավայրին, մասնավորապես` հանքի շահագործման գոտուց դուրս գտնվող հողատարածքներին, Արփա և Որոտան գետերի ջրահավաք ավազաններին և նշված գետերին, ինչպես նաև Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներին, Սպանդարյանի ջրամբարից Կետչուտի ջրամբար ձգվող ստորգետնյա թունելին, հետագայում, հնարավոր է, նաև «Արփա-Սևան» թունելին և Սևանա լճին սպառնացող ամենամեծ վտանգը, ըստ մասնագետների, թթվային դրենաժի առաջացման խնդիրն է: Բացառված չէ, որ այն վնաս պատճառի նաև «Ջերմուկ» հանքային ջրին:
%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%ac%d5%bd%d5%a1%d6%80%d5%ab-%d6%84%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%a6

Անտեղյակ ընթերցողներին շատ հակիրճ բացատրենք, որ հանքի բաց շահագործման պարագայում, ինչը նախատեսված է տվյալ դեպքում, հանքաքարը կամ հանքամարմինը երկրի մակերևույթին ծածկող կավի և հողի մեկուսիչ շերտը հեռացնելուց հետո անձրևաջրերը, ձյան հալոցքի ջրերը, հանքավայրի տարածքում դուրս եկող գրունտային ջրերը, ինչպես նաև արտադրական ջրերը խառնվելով արդեն բացված, մակերեսին գտնվող ինչ-ինչ նյութերի և մթնոլորտում առկա թթվածնի հետ (այդ մասին հանգամանորեն` մեր առաջիկա հրապարակումներից մեկում), քիմիական ռեակցիայի հետևանքով մասնակիորեն վերածվելու են ծծմբական թթվի:

Ավելին. բնական միջավայրը ոչ միայն աղտոտվելու և շարքից դուրս է գալու հանքավայրի ենթակառուցվածքների տարածքից այդ թթվային լուծույթի դուրս գալու դեպքում, ինչը միանգամայն սպասելի է, այլև բառիս բուն իմաստով թունավորվելու է, քանի որ թթվային դրենաժը բացի թթվից, իր հետ բնական միջավայր է տանելու նաև ծանր ու թունավոր մետաղներ, որոնցով բնական միջավայրի աղտոտվածությունը մնալու է դարերով:

Այս և Ամուլսարի հանքի շահագործման պարագայում բնական միջավայրին (և ոչ միայն…) սպառնացող վտանգների առնչությամբ զրուցեցինք 2011-2012 թվականներից այս խնդիրներով անընդհատ զբաղվող և տարբեր եղանակներով բարձրաձայնող «Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի հետ:

Լևոն Գալստյանի հավաստմամբ, «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը սկզբնական շրջանում իր փաստաթղթերում ընդհանրապես որևէ տեղեկություն չի ներկայացրել ստորգետնյա և մակերևութային ջրերի վրա թթվային դրենաժի ազդեցության վերաբերյալ:

«Հետագայում,- շարունակեց բնապահպանը,- երբ ի հայտ եկան մասնագետների տագնապալի գնահատականները, ընկերությունը երևի ստիպված կամ կանխատեսելով հետագա գործընթացները, արտերկրի կազմակերպություններից մեկին պատվիրեց ինչ-որ հետազոտություն, բայց, ցավոք սրտի, այդ հետազոտությունն առկա է միայն անգլերեն լեզվով: Ընկերությունն այն պաշտոնապես Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն կամ կառավարություն չի ներկայացրել, և նախարարությունն ու կառավարությունն, ըստ էության, չեն գնահատել տվյալ վտանգը: Այսինքն` բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը կամ փորձագետը, որին տվյալ ՊՈԱԿ-ի կողմից հանձնարարվել է փորձաքննությունը, չի փորձաքննել, թե այն, ինչ ենթադրում է «Լիդիան Ինթերնեյշնլը», որ խնդիրներ չեն առաջանա, արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը: Ընկերության ունեցած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ այս առումով հիմնականում ենթադրություններ են, չնայած դրանք հիմնված են ինչ-որ հետազոտությունների վրա, բայց ներկայացված են հետևյալ ձևակերպումներով` «Ենթադրվում է, որ «Որոտան-Արփա» թունելի վրա ազդեցությունը կլինի մինիմալ (նվազագույնը) և խնդիրներ չեն առաջանա», «Ենթադրվում է, որ ջրային հոսքերի վրա ազդեցությունը կլինի մինիմալ (նվազագույնը) և խնդիրներ չեն առաջանա»:

Այո, այդպիսի ենթադրություններ են, որոնք բացի այն ընկերության մասնագետներից, որոնց տվյալ աշխատանքների կատարումը պատվիրել է «Լիդիան Ինթերնեյշնլը», փաստորեն, անկախ փորձագիտական խմբի կողմից, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից չեն գնահատվել: Այսինքն` միայն այս փաստն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք բոլորս պահանջ ներկայացնենք, որ այս հիմքով չեղյալ կամ ուժը կորցրած համարվի հայաստանյան գրանցում ունեցող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվությանը ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016թ. թիվ ԲՓ 35 դրական փորձաքննական եզրակացությունը: Որովհետև երբ որ եզրակացությունը տալուց հետո ի հայտ են գալիս էկոլոգիական էական հանգամանքներ և ռիսկեր, որոնք ՇՄԱԳ-ում ներկայացված, հետևաբար գնահատված ու նշված չեն պետական փորձաքննական եզրակացության մեջ, օրենսդրությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը թույլ է տալիս հանգիստ խղճով չեղյալ համարել տվյալ եզրակացությունը և նոր փորձաքննություն նշանակել, որպեսզի ավելի համալիր փորձաքննություն կատարվի ու ճիշտ գնահատվի վտանգը»:

Մեր զրուցակցի հավաստմամբ, ամենակարևորը, իրոք, հենց թթվային դրենաժի խնդիրն է: Նա ներկայացրեց ամերիկյան փորձից 1-2 օրինակ, որոնք 2013թ. ամերիկյան տարբեր կազմակերպությունների կատարած հետազոտությունների արդյունքներն են:

«Իրենք պարզել են, որ ԱՄՆ-ի 40-ից ավելի մետաղական հանքավայրերում թթվային դրենաժի հետևանքով տարեկան մոտավորապես 4,5-ից մինչև 7 միլիարդ լիտր թթվային լուծույթի վերածված ջուր անդառնալի աղտոտում է շրջակա միջավայրը, որի վերականգնումը գրեթե անհնար է,- ասաց Լևոն Գալստյանը:- Մյուսը. միայն մի դեպքի ժամանակ Կոլորադոյի նահանգում գտնվող ոսկու հանքավայրի թթվային դրենաժի հետևանքով գետի 27 կիլոմետրանոց մի հատված ընդհանրապես ոչնչացվել է, դրանից հետո ծախսվել է մոտ 210 միլիոն դոլար, բայց չեն կարողացել այն վերականգնել:

Տեղեկացվում է նաև, որ այն ամբողջ մետաղական հանքավայրերի, որոնք գոյություն ունեն ԱՄՆ-ի հատկապես արևմտյան ափում, թթվային դրենաժի հետևանքով պատճառված վնասը վերականգնելու, թթվային դրենաժի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է 20-54 միլիարդ ամերիկյան դոլար: Հայաստանի կառավարությունը խոսում է, որ ինքը կարող Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում հավաքված գումարների միջոցով վերականգնման աշխատանքներ իրականացնել, եթե խնդիրներ առաջանան: Գուցե կարող է վերականգնել Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման դեպքում բնական միջավայրին պատճառվելիք այն վնասները, որոնք անդառնալի, անվերականգնելի չեն, և որոնց մասին պաշտոնապես իրազեկված լինելով, տեղյակ է: Մինչդեռ, նշածս ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձաքննված փաստաթղթում բառ անգամ նշված չէ թթվային դրենաժի առաջացման վերաբերյալ, այդ հետևանքը, ըստ էության, թաքցված է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից, բնապահպանության նախարարությունից ու կառավարությունից»:

Բնապահպանը կասկածի տակ դրեց, թե վնասի վերականգնմանը ծառայելու կոչված հիմնադրամն արդյոք այս նպատակի համար ունի՞, կարո՞ղ է հատկացնել 210 միլիոն դոլարից շատ ավելին, որպեսզի պայքարի թթվային դրենաժի հետևանքների դեմ, քանի որ, ինչպես արդեն նշեց, այդ հսկայական գումարով նույնիսկ Միացյալ Նահանգներում չեն կարողացել նախանշված արդյունքին հասնել, պատճառված վնասը վերականգնել: Մենք մեր գիտատեխնիկական զինվածությամբ և մասնագետներով ԱՄՆ-ից ավելի հզո՞ր ենք… Հավելենք, որ ԱՄՆ-ում գտնվող ոսկու այն հանքը, որի թթվային դրենաժի հետևանքները չեզոքացնելու համար 210 միլիոն դոլարը չի բավարարել, ՀԲՃ համակարգող խորհրդի անդամի հավաստմամբ, իր տարեկան շահագործման ծավալներով ավելի փոքր է, քան շահագործման դեպքում լինելու է Ամուլսարի հանքավայրը:

Ըստ մեր զրուցակցի, Ամուլսարի ոսկու ծրագրի իրականացման դեպքում սպառնացող հաջորդ վտանգը, որը թեկուզ ինչ-որ տեղ կառավարելի է, նատրիումի ցիանիդով տարրալվացման հարթակի ստեղծումն ու նրա կիրառումն է Արփա գետի ափին, գետից փաստորեն մոտ 500 մետր և Գնդեվազ գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա:

«Որքան էլ «Լիդիան Արմենիան» ընկերությունը պնդի, թե ինքն աշխատում է միջազգային ինչ-ինչ ֆինանսական կազմակերպությունների (EBRD, IFC) չափանիշներով), կան խնդիրներ, որոնք ոչ մի չափանիշով հնարավոր չէ լուծել,- ասաց Լևոն Գալստյանը:- Ենթադրենք լինում են սողանքներ, երկրաշարժեր, ֆորսմաժորային այլ իրավիճակներ, այլ ազդեցություններ, որոնք խախտում են ընկերության կողմից կառուցման համար նախատեսված համակարգը, օրինակ, ջրի շրջանառու համակարգը, որի շնորհիվ թունավոր ջրի որևէ արտահոսք չպետք է լինի: Եթե այդ դեպքում թունավոր ջրերն արտահոսեն շատ մոտ գտնվող Արփա գետ, ովքե՞ր և ինչպե՞ս պետք է այդ արտահոսքի դեմն առնեն: Դա անհնար է: Դարձյալ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նշածս ռիսկը, վտանգն ուղղակի անկառավարելի է, նման դեպքերում ջրի արտահոսքը հնարավոր չէ կանգնեցնել:

Համաշխարհային փորձն ապացուցել է նաև, որ նույնիսկ ամենախոշոր ու ֆինանսական մեծ միջոցներ ունեցող ընկերությունների կողմից ոսկու հանքավայրերի բաց շահագործման և նատրիումի ցիանիդով տարրալվացման ոչ մի դեպք չկա, որ էկոլոգիական լուրջ հետևանքների հանգեցրած չլինի: Փորձը շատ մեծ է, մեր ճակատի կամավորները միջազգային փորձի առումով շատ մեծ հետազոտություններ են կատարել, միայն դրա վերաբերյալ 5-6 հրապարակված հոդված ունենք, թե ինչպես են այդ նույն IFC-ի և EBRD-ի չափանիշներով կազմված ծրագրերը հետո լուրջ էկոլոգիական և այլ խնդիրներ առաջացրել տարբեր տարածաշրջաններում»:

Ըստ որոշ մասնագետների, որ նատրիումի ցիանիդը, թթվային դրենաժի համեմատ, այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև ջրում երկու շաբաթից քայքայվում է: Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասաց.

«Այո, այնքան էլ վտանգավոր չէ, եթե համեմատենք թթվային դրենաժի հետ: Բայց նատրիումի ցիանիդը նույնպես շատ վտանգավոր է, որովհետև եթե այն պարունակող ջրերը դուրս եկան բնական միջավայր, ներծծվեցին հողում, խառնվեցին Արփա գետի ջրերին, ապա, խառնվող թունավոր ջրերի ծավալից կախված, մինչ նատրիումի ցիանիդի քայքայվելը, կհասցնեն ոչնչացնել այդ գետի կենդանական աշխարհը, առնվազն կթունավորեն գետի ձկներին ու դրանցով սնվող մարդկանց: Բացի այդ, մինչ նատրիումի ցիանիդի քայքայվելը, կթունավորեն նաև այն մարդկանց, որոնք այդ 2 շաբաթվա ընթացքում չիմանալով տեղի ունեցած արտահոսքի մասին, կսնվեն նատրիումի ցիանիդով թունավորված հողերում աճած պտուղ-բանջարեղեններով: Ավելին. տարրալվացման հարթակից արտադրական ջրերի արտահոսքի դեպքում նատրիումի ցիանիդից բացի, բնական միջավայրը կթունավորվի նաև տարրալվացման հարթակում ավելի ինտենսիվ թթվային դրենաժի հետևանքով առաջացած ծծմբական թթվով ու թթվային այդ լուծույթում առկա ծանր ու թունավոր մետաղներով, որոնցով հողերի աղտոտվածությունը կամ թունավորումը հարյուրավոր տարիներով կշարունակվի։ Իսկ Արփա գետի ջրերով ոռոգվում են Վայոց ձորի մարզի հանրահայտ խաղողի այգիները»:

Անդրադառնալով բնական միջավայրին սպառնացող ռիսկերից հաջորդին, որի վերաբերյալ նույնպես համաշխարհային դառը փորձ ու գիտական հետազոտություններ կան, Լևոն Գալստյանն ասաց, որ դա հանքերի շահագործման ընթացքում փոշու միջոցով ծանր ու թունավոր մետաղների միկրոմասնիկների սփռումն է շրջակա հողատարածքների ու մակերևութային ջրերի վրա, ապա առուների, գետակների ու գետերի միջոցով դրանց տեղափոխումն ավելի մեծ տարածքներ (դրանց ջրերով ոռոգվող հողատարածքներ, ինչպես նաև այն լճեր, որտեղ լցվում են դրանք):

«Տվյալ դեպքում մենք գործ ունենք մի տարածքի հետ, որտեղ մեծ քանակության, հաճախ նաև մեծ արագության քամիներ են լինում,- ասաց ՀԲՃ համակարգող խորհրդի անդամը:- Բնականաբար, փոշին, որն իր մեջ պարունակելու է այն բոլոր ծանր, թունավոր մետաղները, որոնք կան Ամուլսարի հանքավայրում, իսկ այնտեղ բազմաթիվ տարրեր շատ ավելի մեծ պարունակություն ունեն, քան ոսկին (օրինակ` կապարը, մկնդեղը, ցինկը, պղինձը, մոլիբդենը, քրոմը, նաև ուրանը), տարածվելու է այդ ամբողջ տարածաշրջանի վրա, ապա մակերևութային ջրերով ավելի մեծ տարածում է ստանալու: Հայաստանի տարբեր հանքավայրերի շրջանում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և գիտական այլ կենտրոնների կատարած հետազոտություններն ապացուցել են, որ այդ աղտոտումը տարածվում է 10, 20, նույնիսկ մինչև 30 կիլոմետր»:

Իսկ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այս կապակցությամբ ի՞նչ է ներկայացնում:

«Իր փաստաթղթերում, ըստ էության, փորձում է համոզել, թե իրենց գործունեությունից առաջանալիք փոշին այնպիսի փոշի է, և քամիներն Ամուլսարի տարածքում այնպիսի հատուկ ձևով են առաջանում, որ փոշին 1 կիլոմետրից այն կողմ ուղղակի չի տարածվի և որևէ խնդիր չի առաջանա,- պատասխանելով մեր հարցին, ասաց Լևոն Գալստյանը:- Այս առումով գնահատումը, չգիտես ինչու, կատարվել է սովետական «Ռադուգա» կոչված ծրագրով, որով իբրև թե ապացուցվում է, որ փոշու մինչև 95 տոկոսը 1 կիլոմետր հեռավորության վրա կնստի ու չի տարածվի: Դա եթե նույնիսկ ֆիզիկապես հնարավոր է, ապա, միևնույն է, մնացած եղանակներով, օրինակ, հանքավայրից մինչև 1 կիլոմետր հեռավորության վրա եղած մակերևութային ջրերով տարածվելու և աղտոտելու է շատ ավելի մեծ տարածքներ: Բացի այդ, չպետք է անտեսել, որ նույնիսկ իրենց ներկայացրած տեղեկությունների համաձայն, փոշու մնացած 5 տոկոսը դուրս է գալու Ամուլսարի շուրջ եղած այդ 1 կիլոմետրանոց գոտուց: Բացի այդ, փոշու ինտենսիվ տարածում է լինելու նաև դատարկ ապարների լցակույտից և կույտային տարրալվացման հարթակից, որն ընդգրկելու է շատ ավելի մեծ տարածքներ։

Վտանգ է սպառնում նաև Ջերմուկ առողջարանային քաղաքին, որը շուրջ 60 տարի է, ստեղծվել ու գայատևում է որպես նույնանուն հանքային ջրի վրա հիմնված առողջարանային ու ընտանեկան հանգստի գոտի: Այդ քաղաքն արդեն այս պահին կամաց-կամաց կորցնում է իր այդ գործառույթները: Մենք օրերս Ջերմուկում էինք, խոսել ենք տեղաբնակների հետ և հասկացել, որ իրենք արդեն զգում են ազդեցությունը: Պակասել է զբոսաշրջիկների քանակը, հանգստացողներն անընդհատ մտավախություն ունեն, և եթե արդեն շահագործումը սկսվի ու մեծ թափով ընթանա, համոզված ենք, որ այն հսկայական ներդրումները, որոնք կատարվել են Ջերմուկն առողջարանային քաղաք դարձնելու համար, ինչ-որ կարճաժամկետ, 10 տարվա ծրագրի իրագործման պատճառով ջուրը կլցվեն, ի չիք կդառնան»:

Մեր զրուցակցի հավաստմամբ, վտանգի տակ են նաև «Ջերմուկ» հանքային ջրի որակը, դրանում հանքային տարրերի ներկայիս հարաբերակցությունը, այսինքն` տվյալ հանքային ջրի գոյությունն ընդհանրապես, որովհետև եթե ներկայիս հարաբերակցությունը թույլատրելի սահմաններից շեղվի կամ դրանում նոր նյութեր ավելանան, ապա այդ ջուրն այլևս չի կարող «Ջերմուկ» լինել ու «Ջերմուկ» կոչվել, իրացվել որպես այդպիսին: Ենթադրելի կամ հավանական է, որ հենց այդպես էլ կլինի, ջրի հանքային կազմի փոփոխությունը բացառող հետազոտություններ չկան: Եթե դա տեղի ունենա, ապա այդ դեպքում հաստատապես մեծ սկանդալ է առաջանալու: Ավելին. հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ պայթեցումների հետևանքով «Ջերմուկ» հանքային ջրի աղբյուրները կարող են նույնիսկ ցամաքել կամ դառնալ սակավաջուր: Լավ կլինի, ավելի ճիշտ, անհրաժեշտ է, որ «Ջերմուկ» արտադրող ընկերության, ինչպես նաև Ջերմուկ քաղաքում այդ հանքային ջրով բուժումներ իրականացնող առողջարանի ղեկավարներն այժմյանից այս ամենը նկատի ունենան:

«Անհասկանալի և անընդունելի է, որ չնայած մեծագույն վտանգին և անգնահատելի վնասների առաջացման հավանականությանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, կառավարությունը հավատում են ընկերության պատվիրած և ինչ-որ մեկ-երկու պարամետրով կատարված իզոտոպային հետազոտության արդյունքին,- ասաց Լևոն Գալստյանը:- Հիմնվելով դրա վրա, որևէ անկախ փորձաքննություն չպատվիրելով ու չունենալով փորձաքննության եզրակացություն, հալված յուղի տեղ են ընդունում ընկերության ներկայացրածը, թե Ջերմուկի հանքային ջրերի հետ նույնպես որևէ խնդիր չի լինի:

Ընկերության պատվերով արտերկրի կազմակերպություններից մեկի կողմից նշածս իզոտոպային հետազոտությունը կատարվել է «Ջերմուկ» հանքային ջրի վրա հանքավայրի շահագործման ազդեցության հնարավորությունը պարզելու նպատակով: Սակայն, հայ երկրաբաններից մեկը նույնպես կատարել է նույն ուսումնասիրությունը, այսինքն` ուսումնասիրել է այդ կազմակերպության ներկայացրածները և եկել այն եզրակացության, որ կատարված աշխատանքն ընդհանրապես բավարար չէ այդպիսի եզրակացություն տալու համար: Այսինքն` ընդամենը 2 իզոտոպով որոշել, որ Ամուլսարի տարածքում եղած և Ջերմուկի հանքային ջրերն իրար հետ ընդհանրապես կապ չունեն, տարբեր տարիքի են և այլն, չի կարելի, նույն այդ հետազոտության արդյունքների մասին կարդալով, կարելի է հանգել նաև բոլորովին հակառակ եզրակացության: Այսինքն` կատարված հետազոտությունն այնքան անբավարար է, որ ցանկության հարց է դրա արդյունքների մեկնաբանումը:

Փաստորեն տրվել է մի այնպիսի եզրակացություն, որն էլ հենց պետք է հետազոտության պատվերը տված, հանքի շահագործման և ոսկի ստանալու հարցում շահագրգիռ ընկերությանը: Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ավելի շատ հակված եմ հավատալու այն մասնագետներին ու փորձագետներին, որոնք կախում չունեն «Լիդիան Ինթերնեյշնլ» կամ «Լիդիան Արմենիա» ընկերությունից, իրենց հետազոտությունները նրանց կողմից չեն պատվիրված: Կարդալով այդ հետազոտության արդյունքները, ինքս գալիս եմ այն համոզման, որ այդ ջրերը շատ լավ էլ կարող են իրար հետ կապ ունենալ, որովհետև մենք այդ տարածքներում շրջել ու մեր աչքերով տեսել ենք, որ այնտեղ կան բազմաթիվ հանքային ջրեր, որոնք ոչ միայն Ջերմուկի տարածքում են, այլ նաև` Կեչուտի ջրամբարի մոտ, Ամուլսարի լանջերին են դուրս գալիս, նաև Որոտանի ափամերձ շրջանում: Ակնհայտ է, որ դրանք իրար հետ փոխկապակցված են, մի շղթայի տարբեր մասեր են: Եթե մենք նայում ենք այդ տարածքի երկրաբանական պատմությունը և երկրաբանական սալերի կառուցվածքը, նույնպես հասկանում ենք, որ Ջերմուկի և Ամուլսարի միջև կարող է լինել շատ սերտ հիդրոերկրաբանական կապ, որը կարելի է ապացուցել լուրջ հետազոտություն կատարելու պարագայում»:

Այդ հետազոտությունը կատարելու ցանկություն, ինչպես մեր զրուցակիցը նշեց, պետք է արտահայտեն և այդ հետազոտությունը պատվիրեն, առաջին հերթին, ՀՀ բնապահպանության նախարարությունը և կառավարությունը:

«Սակայն,- շարունակեց ՀԲՃ համակարգող խորհրդի անդամը,- քանի որ բնապահպանության ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանն այն ընկերության հետ, որը ցանկանում է Ամուլսարի հանքը շահագործել, մոտ 6 միլիոն դոլարի դրամաշնորհի հուշագիր է ստորագրել, որպեսզի ստեղծվի «Ջերմուկ» ազգային պարկը, մեղմ ասած, մի քիչ դժվար է նրա կողմից անաչառ վերաբերմունքն այդ ընկերությանն ու նրա ներկայացրած փաստաթղթերի նկատմամբ:

Հավելեմ նաև, որ եթե այս ծրագրի իրագործումը չկասեցվեց, ապա այն սոցիալական լուրջ ազդեցություն կունենա Ջերմուկ քաղաքի և հարակից համայնքների վրա, կփոխվի Ջերմուկի սոցիալական կազմը, և մենք, ըստ էության, կկորցնենք Ջերմուկը որպես առողջարանային քաղաք: Դա արդեն ակնհայտ է դառնում»։

Արթուր Հովհաննիսյան

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , , , , , , , , ,