News

Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաքացիական նախաձեռնությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել տարբեր զվարճանքի ու հանգստի վայրերում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների՝ մասնավորապես ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված արջերի վերաբերյալ։ Բանտարկված հասուն արջերի ու քոթոթների լուսանկարներ են տարածել նաև սոցիալական ցանցերի օգտատերերը։ Ահազանգերը մենք պարբերաբար փոխանցել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Եթե սկզբնական շրջանում այդ արջերը հայտնաբերվում էին նախարարության տեսուչների կողմից և ինչ-որ կերպ գնահատվում էր նրանց պահման օրինականությունը, ապա վերջին երկու ահազանգերի դեպքերում արջերն ուղղակի անհետացել են։

Այսպես․ Արարատի մարզի Զովաշեն համայնքում գտնվող «Կանաչ դրախտ» հանգստյան գոտում վանդակի մեջ պահվող արջի քոթոթի վերաբերյալ ահազանգից հետո, մայիսի 11-ին մեզ սկզբում զանգահարեց տնօրենը, ով տարբեր հարցեր էր տալիս քոթոթի մասին մեր ահազանգելու պատճառներից՝ նշելով, որ «Արջանոց» կոչվող օբյեկտից են վերցրել քոթոթին ու պահում են 2×2 մետր չափսերով վանդակում։ Նա շատ զարմացավ, որ գոյություն ունի ՀՀ կառավարության համապատասխան որոշում, որի համաձայն այդ պայմաններում չի կարելի արջ պահել։ Դրանից անմիջապես հետո մեզ զանգահարեց նաև Արարատի մարզի բնապահպանական տեսչության ավագ տեսուչ Արթուր Բադալյանը, ով մեզ տեղեկացրեց, որ ինքը այցելել է «Կանաչ դրախտ» և հայտնաբերել, որ քոթոթը այնտեղ չէ։ Բադալյանի խոսքերով տնօրենն իրեն բացատրություն է տվել, որ քոթոթին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

Մենք դիմեցինք Երևանի կենդանաբանական այգի և ստացանք պաշտոնական պատասխան, որ վերջին 3 օրվա ընթացքում «Կանաչ դրախտ»-ից արջի քոթոթ իրենց մոտ չի տեղափոխվել։ Այդ տեղեկությունը փոխանցեցեցինք նախարարության թեժ գծին և մեզ զանգահարած տեսուչին։ Այսօր մենք կրկին կապվեցին Բնապահպանության նախարարության թեժ գծի հետ, որտեղից մեզ արդեն պատմեցին լրիվ այլ պատմություն՝ իբրև թե այդ քոթոթին հանգստացողներն են իրենց հետ բերել «Կանաչ դրախտ», խաղացել են նրա հետ և հետո նորից տարել։ Այնպիսի տպավորությունն է, որ նախորդ օրվա հեռախոսային խոսակցություններն ընդհանրապես չեն եղել, իսկ նախարարությունը փորձում է ինչ-ինչ պատճառներով թաքցնել իրականությունը։

Ավելացնենք նաև, որ սոցիալական ցանցով տարածված լուսանկարում պարզորոշ երևում է, որ արջի քոթոթը գտնվում է վանդակի մեջ, իսկ մեր հետ հեռախոսային խոսակցությունների ընթացքում և տնօրենը, և բնապահպանական տեսուչը հաստատել են, որ քոթոթը եղել է «Կանաչ դրախտ»-ում։Քոթոթ Կանաչ դրախտ 2

Մինչ այդ էլ, Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող արջի մասին ահազանգի վերաբերյալ, Բնապահպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ իրականացվել է ուսումնասիրություն վանդակում արջ պահելու վերաբերյալ, ինչը չի հաստատվել: 1

Կոչ ենք անում լրագրողներին, վայրի բնության պահպանությամբ զբաղվող կազմակերպություններին, անհատ կենդանասերներին և իրավապահ մարմիններին ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը, իսկ Բնապահպանության նախարարության համապատասխան աշխատակիցներին ձերբազատվել տարաբնույթ էկոլոգիական խնդիրները կոծկելու վատ սովորությունից և լիարժեք իրականացնել իրենց գործառույթները։

In English

Ներկայացնենք նաև Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական պատասխանը։ Պատասխան

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,