Շաքի. «կնոպկայով» ջրվեժի ճակատագիրը․ տեսանյութ, լուսանկարներ
Շաքիի ջրվեժը Զանգեզուրի և Հայկական լեռնաշխարհի բնական հրաշալիքներից մեկն է, որի սառնորակ և զուլալ ջրերը շառաչյունով գահավիժում են մոտ 18 մետր բարձրությունից։ Սակայն մարդկանց փող աշխատելու մոլուցքը զրկում է մեզ ջրվեժի իրական գեղեցկությունով զմայլվելու հնարավորությունից, քանի որ նույնանուն գետի վրա գործող փոքր հիդրոէլեկտրակայանի ջրառից հետո ջրվեժը փաստորեն չորանում է։
Դա առավել ակնհայտ է դառնում սակավաջուր շրջանում, երբ ՓՀԷԿ-ն իր արտադրողական հզորություններն ապահովելու նպատակով օգտագործում է գետում մնացած ջրի գրեթե ողջ ծավալը։ Հենց այս ցավալի պատկերն արձանագրեց մեր տեսախցիկը 2015 թ.-ի օգոստոսի 4-ին։ Կարելի է միայն պատկերացնել այն զբոսաշրջիկների դեմքերի արտահայտությունը, որոնք ականատես են եղել այս նույն պատկերին՝ Շաքիի ջրվեժի զարմանահրաշ գեղեցկության մասին պատմությունները լսելուց հետո։
Պետական լիազոր մարմիններին հիշեցնում ենք, որ Շաքիի ջրվեժն ունի բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ և գրանցված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Բացի այդ այն շատ կարևոր զբոսաշրջային վայր է, և անհրաժեշտ է անպայման գտնել համապատասխան լուծումներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ապահովել ինչպես ջրվեժի գեղագիտական տեսքի ապահովումը, այնպես էլ տնտեսվարողի նորմալ գործունեությունը։
Մանրամասները «Շաքիի ջրվեժի հմայքն ու թշվառությունը» տեսանյութում։