Ամուլսար․ նույնիսկ «պատասխանատու» հանքարդյունահանումը կործանարար է – դոկտոր Անահիտ Շիրինյան-Օրլանդո
Օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited ընկերության ղեկավարության կողմից արտերկրի հայերին ներկայացված Amulsar Project, November 2014 փաստաթուղթը մակերեսային է, կեղծ և թերի ։ Այդպես է կարծում Լոս Անջելեսաբնակ գիտնական, բնապահպան-ճարտարագետ, դոկտոր Անահիտ Շիրինյան-Օրլանդոն, ով միանշանակ ո՛չ է ասում հանքարդյունահանմանը Ամուլսարում:
Դոկտոր Շիրինյանը նշում է, որ այդ փաստաթղթում ամբողջապես բացակայում է որևէ ջրաբանական ուսումնասիրություն։ Օրինակ՝ չկան ուսումնասիրություններ այն բանի վերաբերյալ, թե ինչպես է հանքի շահագործումն ազդելու Որոտան և Արփա գետերի, Ամուլսարի դարվարների բոլոր գետակների, ինչպես նաև Սպանդարյանի ջրամբարի ջրի քանակի և որակի վրա։
Նա հատկապես ամբողջովին կեղծ է համարում 9-րդ էջի պնդումը՝ «զրո արտանետում շրջակա միջավայր»։ Նախ և առաջ` պայթյունները հանքում կառաջացնեն շրջակա գյուղերում սեյսմիկ ցնցումներ, որոնցից կցնցվեն տները, իսկ այս պայթյուններից, ինչպես նաև քարերը փշրելու գործողություններից, որոնք պարունակում են թունավոր ծանր մետաղներ, ինչպիսին են մկնդեղը, կադմիումը, ռադիոակտիվ ուրանը և այլ բազմաթիվ ծանր մետաղներ, փոշու ահռելի ամպերը կլցվեն օդի և բնակիչների թոքերի մեջ, ինչպես նաև կնստեն արոտավայրերի, գետակների, բոլոր մակերևույթների վրա՝ դանդաղ թունավորելով և սպանելով ամեն կենդանի օրգանիզմ։ Նայեք մի քիչ ավելի հեռու՝ Քաջարանի հանքին, և տեսեք, թե ինչպիսի ազդեցություն են թողնում այս պայթյունները տեղացիների առողջության և կյանքի վրա (կարճացնելով կյանքի տևողությունը)։
Իսկ ցիանիդով կույտային տարրալվացման տեխնոլոգիան նորություն չէ (ծանոթացեք այստեղ)։ Ժամանակի հետ կույտային լուծակորզման հրապարակի ամբողջականությունը խախտվում է (ճաքեր և այլն), և ցիանիդի ֆիլտրատը աղտոտում է դրա շուրջ ու դրա տակ եղած հողը, և դրանով իսկ ստորերկրյա ջուրը և հարևան գետակները աղտոտվում են ցիանիդով և ծանր մետաղներով (ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հարթակի հատակում տեղադրված 3մմ հաստությամբ գեոմեմբրանային թաղանթը տասնյակ տարիներ անց չի քայքայվելու-խմբ)։ Բացի այդ ինքը կույտը ենթարկվում է սողանքների և փլվածքների։
Ամուլսար լեռան մի կողմից ձգվում է ջրային թունել (Որոտան-Արփա), իսկ մյուս կողմից՝ գազատար խողովակ։ Երկուսն էլ կվտանգվեն հանքարդյունահանման պայթյուններից առաջացող սեյսմիկ ցնցումներից։
Կարդալով փաստաթուղթը պարզ չէ, թե Լիդիանը ինչքան հարկ է վճարելու տեղական, ինչպես նաև կենտրոնական իշխանություններին։ Օրինակ` Լիդիանը պե՞տք է վճարի Հայաստանի կառավարությանը ընդերքօգտագործման վարձ, ինչպես նաև թափոնավճարներ։ Բացի այդ պարզ չէ, թե ինչքան գումար կհատկացվի հանքարդյունահանությունն ավարտելուց հետո վնասված հողատարածքներն իրենց նախկին կամ այլ արդյունավետ օգտագործմանը վերադարձնելու գործընթացի համար։ Քանի որ հողատարածքի վերականգնումը ծախսատար գործողություն է, պետք է տրվեն երաշխիքներ իշխանությանը, որ վերջում դա կիրագործվի։ Այսպիսի երաշխիք կլինի հողատարածքի վերականգնման համար հատկացված կապիտալն ի պահ դնելն առանձին հաշվի վրա՝ հանքարդյունահանության ավարտին միմիայն հողատարածքի վերականգնման նպատակով օգտագործելու համար։
Դոկտոր Շիրինյանը նշում է, որ կարող է փաստաթղթի վերաբերյալ ավելի շատ մեկնաբանություններ գրել, սակայն պարզապես ուզում է հիշեցնել Լիդիանին, որ Գնդևազ, Ջերմուկ և այլ համայնքների շատ անդամներ խիստ դեմ են լեռնահանքային արդյունաբերությանը։ Նաև կան շահութաբեր այլընտրանքներ ոսկի և արծաթ պեղելուն, ինչպես օրինակ պանրի արտադրության գործարանի կառուցումն ու Ամուլսարի արոտավայրերի և մարգագետինների շնորհիվ համեղ պանիրների արտադրությունն ու արտահանումը։
Հայաստանում ապրող մարդիկ, ինչպես նաև բոլոր հայերը հույս ունեն, որ ներդրողները հանքարդյունաբերելու տեղը իրենց հետաքրքրությունները կփոխարինեն ոչ կործանարար միջոցառումներով, որովհետև նույնիսկ «պատասխանատու» հանքարդյունաբերությունը կործանարար է (չնայած նվազ կործանարար՝ նախորդ մեթոդների համեմատ)։
Թարգմանեց՝ Մերի Խաչատրյանը