News

Աղտոտված ջրերը բացահայտում են ԱՄՆ-ի հանքարդյունաբերության երկարատև ժառանգությունը

Միջազգային մամուլից թարգմանած մեր հերթական հոդվածն այն մասին է, թե ինչ ծանր ժառանգություն են թողել հանքերը նույնիսկ ԱՄՆ-ի նման զարգացած երկրում, և ինչ հսկայական ջանքեր և գումարներ են անհրաժեշտ ջրերի երակարաժամկետ աղտոտումը կանխելու համար։ Ցավոք հաճախ այդ ջանքերն ու գումարներն էլ չեն կարողանում փրկել բնությունը։

USA mining 2
Մեթյու Բրաուն
The Associated Press
, 2019թ. փետրվարի 20

Ամեն օր մկնդեղով, կապարով և այլ թունավոր մետաղներով հագեցած միլիոնավոր լիտր ջրեր, առանց որևէ մաքրում անցնելու, հոսում են ԱՄՆ-ի ամենաաղտոտված հանքարդյունաբերական տարածքներից դեպի շրջակա գետերը, լճերն ու աղբյուրները:

Այդ հոսքը թունավորում է կյանքը ջրում և աղտոտում է Մոնտանայի, Կալիֆորնիայի, Կոլորադոյի, Օկլահոմայի և առնվազն ևս հինգ նահանգների ջրերի աղբյուրները:

Այս աղտոտումը հետևանք է հանքարդյունաբերական այնպիսի գործունեության, որն ավելի քան մեկ դար թույլատրված է եղել ԱՄՆ-ում: Արծաթ, կապար, ոսկի և այլ «հանքաքար» արդյունահանող ընկերությունները կարող էին հեռանալ հենց որ գործն այլևս շահեկան չլիներ և իրենց հետևից թողնել թունավորված ջրեր, որոնք մինչև օրս էլ արտահոսում են հանքերից և կամ էլ մաքրման թանկարժեք գործընթաց են անցնում հարկատուների հաշվին:

Օգտագործելով պետական մարմիններից հարցումների արդյունքում ստացված տվյալները և անկախ հետազոտությունները՝ Associated Press-ն ուսումնասիրել է պետական վերահսկողության ներքո գտնվող 43 հանքավայրերի տարածքներ, որոնցից որոշները պարունակում էին տասնյակ կամ անգամ հարյուրավոր առանձին հանքեր:

Տվյալները ցույց են տալիս, որ հանքերի տարածքներից օրական միջինում 189 միլիոն լիտր թունավորված ջուր է արտահոսում: Շատ դեպքերում այն, որևէ մաքրում չանցնելով, միախառնվում է տարածքի ստորգետնյա ջրերին, գետերին ու լճակներին:

Մնացած թափոնները հավաքվում են և բավականին թանկ արժեցող մաքրում անցնում: Հայտնի չէ, թե դեռ որքան պետք է շարունակվի մաքրման գործընթացը. հավանաբար՝ հազարավոր տարիներ, իսկ որոշ դեպքերում վերականգնման հույս ընդհանրապես չկա:

Ծավալները բազմակի գերազանցում են 2015 թվականին Կոլորադոյում Gold Kind Mine ոսկու հանքի փլուզման ժամանակ տեղի ունեցած արտահոսքի ծավալը. այն ժամանակ ԱՄՆ-ի «Բնական միջավայրի պաշտպանության գործակալության» (EPA) մաքրող ջոկատն անփութությամբ 11.4 միլիոն լիտր դարչնագույն տիղմի արտահոսք էր հարուցել, որն աղտոտել էր գետերը երեք նահանգներում:

Շատ հանքերում աղտոտումը շարունակվում է նույնիսկ «Մաքրման գերհիմնադրամի ծրագրի» ցուցակում (Superfund cleanup program) այդ տարածքները ներգրավելուց տասնյակ տարիներ հետո: Այս ծրագրի նպատակն է մաքրել երկրի ամենից վտանգավոր տարածքները, սակայն Դոլարդ Թրամփի նախագահության ընթացքում ծրագիրը մեծապես կրճատվում է:

Պետական պաշտոնյաները վախենում են, որ EPA-ի կողմից հետազոտվող մյուս հանքերում էլ կարող են նույնպիսի փլուզումներ լինել, ինչպես Gold King-ում:

Որոշ հանքերի տարածքներում առկա են թափոնների կուտակումներ կամ ավազաններ՝ պոչամբարներ: Անցյալ ամիս Բրազիլիայում տեղի ունեցած պոչամբարի փլուզումը սպանեց առնվազն 169 հոգու, և 140 մարդ է անհայտ կորած է համարվում: Նմանատիպ մի վթար էլ 2014թ-ին Բրիտանական Կոլումբիայում միլիոնավոր խորանարդ մետր թունավորված տիղմ սրբեց-լցրեց մոտակա լիճը, որը հանգեցրեց Կանադայի վատթարագույն բնապահպանական աղետներից մեկին:

Բայց նույնիսկ առանց աղետալի վթարների էլ շատ հանքեր անդադրում աղտոտման հարատև խնդիր են հանդիսանում:

ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ՋՐՀՈՐՆԵՐ

Մոնտանայի մայրաքաղաք Հելենայից քիչ հեռու գտնվող լեռներում մոտավորապես 30 տնային տնտեսությունները չեն կարողանում խմել իրենց ծորակի ջուրը, որովհետև ստորգետնյա ջրերը թունավորած են շուրջ 150 լքված ոսկու, կապարի և պղնձի հանքերով, որոնք գործել են 1870-ից 1953 թվականներին:

Ռիմինի համայնքը Գերհիմնադրամի ցուցակում է ավելացվել 1999 թվականին: Բնակիչների բակերի թունավորված հողը փոխվել է, և EPA-ն տասը տարի շարունակ շշալցված ջուր է մատակարարել: Բայց աղտոտված ջուրը մինչև օրս էլ հոսում է հանքերից դեպի Վերին Թենմայլ Քրիք (Upper Tenmile Creek):

«Շատ լավ է, որ մեզ շշալցված ջուր են տրամադրում»,- ասում է Ռիմինիի 30-ամյա բնակիչ Քեթրին Մայնարդը, ով ԱՄՆ-ի գյուղատնտեսական դեպարտամենտում բնական ռեսուրսների վերլուծաբան է աշխատում: «Բայց թերի է այն, որ մեր տներում խողովակներով մաքուր ջուր չի հոսում: Մեր տան խողովակներով եկող ջուրը դեռևս թունավորված է: Մենք շարունակում են ամանները լվանալ և լողանալ մետաղներով հագեցած ջրով»:

Նման լքված հանքերի հաշվարկված թիվը արևմտյան նահանգներում շուրջ 161.000 է հաշվվում, իսկ ամբողջ երկրով մեկ հասնում է 500.000-ի: Կառավարության վերահսկողության գրասենյակի տվյալներով՝ սրանցից առնվազն 33.000-ն արդեն իսկ դեգրադացրել են բնական միջավայրը, և հազարավորներն էլ դեռ հայտնաբերվում են ամեն տարի:

Պաշտոնյաները չեն ավարտել իրենց գործը. դաշնային հողերում գտնվող լքված հանքերի 80%-ի հիմնական ռիսկերը վերլուծված չեն: Դրանց մեծ մասը Հողերի կառավարման բյուրոյի վերահսկողության տակ է, որը Թրամփի օրոք փորձում է հանքերի մաքրումը միավորել մեկ այլ ծրագրի հետ և նրանց համատեղ ծախսերը $35 միլիոնից նվազեցնել $13 միլիոնի:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԱՂՏՈՏՈՒՄ

Որոշ տեղերում խնդիրներն անլուծելի են.

  • Արևելյան Օկլահոմայի Թար Քրիք (Tar Creek) հանքավայրում ջրերն այլևս զուրկ են կյանքից, իսկ երեխաների արյան մեջ կապարի քանակը շարունակում է նորմայից շատ բարձր մնալ՝ չնայած այդտեղի կապարի ու ցինկի հանքերում երկու տասնակյակից ավելի շարունակվող մաքրման աշխատանքների: 1983 թ-ից ծախսվել է ավելի քան $300 միլիոն դոլար, սակայն հնարավոր է եղել վերականգնել ազդեցություն կրած հողի միայն մի փոքր հատվածը, իսկ թունավորված ջրերը շարունակում են հոսել:
  • Հյուսիսային Կալիֆորնիայի Iron Mountain Mine հանքավայրը, որտեղ մաքրման աշխատանքներ տանող խմբերը պայքարում են՝ նախկին պղնձի և ցինկի հանքից հոսող խիստ թթվային ջուրը զսպելու համար, որը թափվում է Սակրամենտո գետի վտակներից մեկի մեջ: Նախքան բնապահպանական մարքումն այս հանքից օրական 6 տոննա թունավոր տիղմ էր արտահոսում: Այժմ իշխանությունները տարեկան $5 միլիոն դոլար են ծախսում թունավոր տիղմը հեռացնելու համար, որը ձկների զանգվածային մահվան պատճառ էր եղել. այս մաքրումը նախատեսում են շարունակել հավերժ:
  • Կոլորադոյի Սան Խուան լեռներում, Gold King-ի փլուզման տարածքում կան մոտ 400 լքված կամ չգործող հանքեր, որոնք օրական 57 միլիոն լիտր թթվային դրենաժ են առաջացնում:

Աղտոտված տարածքներով այս լանդշաֆտը ձևավորվել է 1872 թվականից ի վեր չփոփոխված Հանքային ակտի կարգավորումների պայմաններում:

Վերջին տասնամյակների ընթացքում պետական և դաշնային օրենքներն ընկերություններին ավելի հաշվետու են դարձրել, քան անցյալում, սակայն քննադատներն ասում են, որ օրենքի բացերը երաշխավորում են, որ այսօրվա հանքերից որոշներն էլ թունավորեն ջրերն ու հավերժական մաքրման անհրաժեշտություն առաջացնեն:

Gold King-ի նման աղետից խուսափելու համար այժմ EPA-ի աշխատակիցները նախնական հաստատում են պահանջում շատ հանքերում աշխատելու համար: Սակայն նրանք ընդունում են, որ կարողանում են լուծել խնդրի միայն մի չնչին մասը:

«Մենք փորձում ենք շատ մանրակրկիտ, ուշադիր լինել նախապատվություններ տալու հարցում»,- ասում է Գերհիմնադրամի փոխնախագահ Դանա Սթալքափը: «Մենք գիտենք, որ Գերհիմնադրամի ծրագիրը չի կարող լուծել գոյություն ունեցող հարյուր հազարավոր հանքավայրերի խնդիրները, բայց գոնե փորձում ենք հնարավոր լավագույնն անել այն հանքերում, որտեղ աշխատում ենք»:

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՎ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ

«Բնական միջավայրի պաշտպանության գործակալությունը» (EPA) մինչև օրս $4 միլիարդ դոլար է ծախսել հանքերի մաքրման համար… EPA-ի նախկին վարչական աշխատակից Մեթի Ստանիսլաուսն ասում է, որ անհրաժեշտ է շատ ավելի մեծ գումար, որպեսզի հնարավոր լինի հանքերի աղտոտմանը համակարգային լուծում տալ, այլ ոչ թե, ինչպես այսօր, շտապ օգնության պես միայն ծայրահեղ իրավիճակներին արձագանքել:

Դեմոկրատները չհաջողեցին ստեղծել հանքավայրերի տարածքների մաքրման հատուկ ֆոնդ, որում կվճարեին հենց հանքարդյունաբերական ընկերությունները: Նման ֆոնդ 1977թ-ից գործում է ածխի հանքերի համար, որում $11 միլիարդից ավելի գումար է հավաքվել և որով տասնյակ տարածքներ են մաքրվել:

Հանքային արդյունաբերությունը հրաժարվում է նույնն անել մետաղական հանքերի պարագայում, իսկ Կոնգրեսում Հանրապետականները շարունակաբար արգելափակում են այս ուղղությամբ Դեմոկրատների առաջարկները:

Մոնտանայի հանքարդյունաբերական ասոցիացիայի տնօրերն Թամմի Ջոնսոնն ընդունել է, որ լքված հանքերը թունավոր ժառանգություն են թողել, սակայն ավելացնում է, որ դեռևս գործող ընկերություններին չի կարելի պարտադրել՝ վճարել այդ խնդիրների համար:

«Այն ժամանակ քիչ բան էր հայտնի թթվային դրենաժի մասին»,- ասում է նա: «Ուղղակի չեմ կարծում, որ այսօր գործող ընկերությունները պետք է կրեն պատասխանատվությունը»:

2017թ. EPA-ն առաջարկեց պահանջ ներկայացնել գործող հանքարդյունաբերական ընկերություններին՝ մաքրման պարտատոմսեր թողարկել կամ այլ ֆինանսական երաշխիքներ տրամադրել, որպեսզի ծախսերն ի վերջո, նորից հարկատուների ուսերին չմնան: Թրամփի վարչակազմը կասեցրեց այս կանոնի կիրառումը, սակայն բնապահպանական խմբերը պատրաստվում  են հաջորդ ամիս դատարան դիմել՝ նման կանոնն ուժի մեջ մտցնելու պահանջով:

«Երբ ինչ-որ տարածք հայտնվում է Գերհիմնադրամի ցանկում, դա դեռ չի նշանակում, թե այս այն անմիջապես հրաշքով մաքրվելու է»,- ասում է Earthjustice-ի փաստաբան Ամանդա Գուդինը: «Խաղի կանոնները կփոխվեն, եթե անհապաղ հասանելի լինեն գումարներ՝ վճարված հենց պատասխանատու ընկերությունների կողմից»:

Հոդվածի աղբյուրը՝ 50M gallons of polluted water pours daily from US mine sites

Լուսանկարները վերցված են նույն աղբյուրից։

In English

Share Button

Մեկնաբանություն

comments

Tagged: , ,