Բնակիչները մերժում են հանքարդյունաբերական ապագան
Դեկտեմբերի 1-ին (2017) Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրում նշանակված էր «Միռամ» ՍՊԸ-ի կողմից Շեկաղբյուրի ոսկի-բազամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020 թթ. երկրաբանական հետազոտություններ կատարելու մասին նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային լսումը: Մղարթում ներկա Մղարթի, Արդվիի, Օձունի, Այգեհատի, Արևածագի բնակիչները թույլ չտվեցին լսումների իրականացումը և արդեն երկրորդ անգամ մերժեցին երկրաբանական հետազոտություններ իրականացնելու և արդյունքում հանք շահագործելու հնարավորությունը՝ նախընտրելով համայնքներն առավել մաքուր տնտեսական այլընտրանքային ուղով տանելու տարբերակը:
Դեռևս հուլիսի 26-ին Արդվիի բնակիչները, որոնք հանքի գործարկման դեպքում ամենաանմիջական ազդեցություն կրող համայնքն են, արտահայտել էին իրենց ընդդիմությունն այս հետազոտությանը և հանքի հնարավոր շահագործմանը՝ կրկին թույլ չտալով լսումների իրականացում:
Մինչ այդ էլ արդվեցիները ստորագրահավաք էին կազմակերպել այս նախագծի դեմ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա արդվեցիները և մյուս համայնքների ներկայացուցիչները ընդգծում են, որ այս ծրագրով վտանգի տակ է դրվում հիմնական ջրի աղբյուրները և արոտավայրերը: Արդվեցիները նամակով նաև դիմել են Լոռիից ընտրված ԱԺ պատգամավորներին և վարչապետին:
Դեկտեմբերի 1-ին արդվեցիներին աջակցող մղարթցիները նաև իրենց օրինակով ընդդիմացան Շեկաղբյուրի հանքի հնարավոր շահագործմանը: Մղարթում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ի աշխատանքների հետևանքներով գյուղացիներն այսօր կանգնած են ջրի խնդրի առջև: Ուստի և Արդվիում էլ հետագայում նույն խնդրից խուսափելու համար ցույցին ներկա մղարթցիները սատարեցին արդվեցիներին:
Բնակիչներն իրենց ընդդիմությունն ի վերջո ամրագրեցին արձանագրությամբ, որը և ստորագրվեց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի կողմից և որն ուղարկվելու է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին ու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին: Արձանագրության ստորագրումն ու տեքստը ստորև`
Արձանագրության բովանդակությունը՝
«Օձուն համայնքի Մղարթ, Արդվի, Այգեհատ, Օձուն, Արևածագ բնակավայերերից Մղարթում ներկա բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը և թույլ չտվեցին քննարկման անցկացումը: Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՝ ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում նախատեսված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտի երկրորդ հանրային քննարկումը չկայացավ»: Ստորագրված և կնքված: