Ստուգումներ իրականացնել «Թեղուտ» ՓԲԸ-ում և պատժել կատարած խախտումների համար․ դիմում ՀՀ վարչապետին
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։
Ձեզ ուշադրության ենք ներկայացնում դիմումի ամբողջական տեքստը․
«2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։
Իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ը նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։ «Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։ Նախքան այս տարվա ամառային արձակուրդները, ծրագրի հավանական դադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքին, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից», ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։
Վարկի դադարեցման մասին հաղորդագրության մեջ EKF-ը հիշատակում է հետևյալ հիմնական խնդիրները՝ ջրերի աղտոտումը, պոչամբարի հետ կապված խնդիրներն ու Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքային պայմանների վատթար վիճակը։ Այս և այլ խնդիրների մասին տարիներ շարունակ բազմիցս ահազանգել են նաև Հայաստանի ԶԼՄ-ները, էկոլոգներն ու տարբեր կազմակերպություններ։ Սակայն ՀՀ կառավարությունն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել Թեղուտի հանքավայրում կամ Ալավերդու պղնձաձուլարանում կատարվող խախտումները բացահայտելու ուղղությամբ։
Դեռևս 2015թ․ վարչական դատարանում ներկայացված հայցը, որ ՀՀ կառավարության համապատասխան մարմինները ստուգումներ իրականացնեն Թեղուտի հանքավայրում, կարճվեց կառավարության որոշման պատճառով, որն ի դեպ, պետության բնապահպանական պարտականությունների ուղղակի դադարեցում է, հետևաբար՝ ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում հենց կառավարության կողմից։
Փաստն այն է, որ Թեղուտի հանքի դեպքում Շնող գետը պարբերաբար թունավորվում է Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերով, այսինքն՝ առկա են վարչական և քրեական օրենսգրքով պատժելի գործունեության տարրեր։ Իսկ Թեղուտի պոչամբարի սեյսմակայուն չլինելու, և, ընդհանրապես, Հայսատանի պոչամբարների կառուցման չափանիշներին չհամապատասխանելու մասին տվյալները հիմնված են Համաշխարհային Բանկի պատվերով շվեդ երկրաբան մասնագետների հետազոտության և եզրակացությունների վրա։
Բացի այդ, ի սկզբանե Թեղուտի արտոնագրման գործընթացը եղել է առանց հանրային թույլտվության, իսկ հետագայում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատաումն էլ, որի հիման վրա էլ ի վերջո թույլատրվել է հանքի շահագործումը, իրականացրել է մի կառույց, որը պատկանում է հենց հանքը շահագործող ընկերությանը («Վալեքսին»-ին պատկանող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտի» կողմից): Այն, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականն ըստ էության կեղծվել է, ընդունել է անգամ EKF-ը՝ նշելով, որ. «EKF-ը մեր նախագծերը գնահատում է` ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարողական չափորոշիչների և համապատասխան բնապահպանական, առողջապահական և անվտանգության ուղեցույցների: 2005թ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը միջազգային այս չափորոշիչներին չի համապատասխանում»:
Ավելին, ՄԱԿ-ի Եվրոպայի հանձնաժողովն իր հերթին դատապարտել է Հայաստանի կառավարությանը` միջազգայնորեն վավերացված Օրհուսի կոնվենցիայի կիրառումը Թեղուտի շահագործման դեպքում շարունակաբար ձախողելու պատճառով ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը Օրհուսի համապատասխանության կոմիտեի հանձրարականների ուղղությամբ զուտ ձևականություն են, և մինչ օրս ո՛չ Հայաստանի հանրությունն ունի բնապահպանական որոշումներին վճռորոշ կերպով մասնակցելու հնարավորություն, ո՛չ էլ ՀԿ-ների մասին օրենքով ապահովված է հասարակական կազմակերպությունների համար արդարադատության հասանելիությունը, ինչպես վերջերս ցույց տվեց Ամուլսարի հանքի շահագործման վիճարկման դատական գործում հասարակական կազմակերպությունների «ոչ պատշաճ հայցվոր ճանաչելու» մասին դատարանի որոշումը։
Բացի այդ, «Բնապահպանության նախարարությունը անտառահատման և անտառի վերականգնման աշխատանքների ուղղությամբ ստուգումներ դեռ չի իրականացրել»: Մինչդեռ հայտնի է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն ամբողջովին տապալել է անտառապատման ծրագիրը, իսկ անտառահատման վերաբերյալ ներկայացված թվերի մասով էլ կան լուրջ կասկածներ։
Այս և այլ խնդիրների մասին ոչ միայն բարձրաձայնվել է քաղաքացիների, էկոլոգների, փորձագետների կողմից և լուսաբանվել է տարբեր թերթերում, այլև այժմ էլ դանիական պետական գործակալությունը (EKF) և մասնավոր ֆինանսական կազմակերպությունը (Pension Denmark) իրենք են ընդունում Թեղուտի հանքի շահագործման լրջագույն թերություններն ու խնդիրները: Մենք համոզված ենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում թույլ են տրվել այնպիսի լուրջ խախտումներ, որոնք ոչ միայն հիմք են վարչական ու քրեական գործեր հարուցելու, այլև՝ այդ ընկերությանն ընդհանրապես արտոնագրից զրկելու համար։
Ուստի մենք, որպես Հայաստանի էկոլոգիական խնդիրներով մտահոգ քաղաքացիներ, կատարելով մեր սահմանադրական պարտավորությունը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 12-ի 2-րդ կետ․ «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»), պահանջում ենք ՀՀ վարչապետից, բնապահպանության նախարարությունից և բոլոր այն պետական մարմիններից, որոնց թույլատվությամբ տարիներ շարունակ տեղի են ունեցել վերոնշյալ խախտումները, հանդես գալ պարզաբանումներով և իրականացնել հետևյալ քայլերը․
1․ տեղեկացնել հանրությանը, թե ինչպիսի՞ քայլեր է պատրաստվում նախաձեռնել ՀՀ կառավարությունը՝ շտկելու իր իսկ թույլ տված սխալները՝ կապված Թեղուտի հանքավայրի շահագործումն արտոնելու և ներկայիս գործունեությունը չվերահսկելու հետ։
2․ լայնածավալ բնապահպանկան տեսչական ստուգումներ իրականացնել «Թեղուտ» ՓԲԸ-ում և «Էյ-Սի-Փի» ընկերությունում՝ այդ գործընթացում ներգրավելով անկախ փորձագետների։ Ստուգումների արդյունքները ներկայացնել հանրության և մասնագետների դատին։
3․ հանրությանը ներկայացնել բնությանը հասցված վնասների՝ աղտոտղվող գետերի, աղբյուրների և հողերի վերականգման ծրագիրը:
4․ հստակ պարզել արդեն հատված անտառի և անտառապատման ծրագրերով տնկված տարածքների մակերեսներն ու դրանց համապատասխանությունը հաստատված նախագծերին, պայմանագրային պարտավորություններին և շրջակա միշավայրի վրա ազդեցության բնապահպանական փորձաքննության եզրակացությանը։
5․ մինչև այս արդյունքներն ունենալը կասեցնել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագծի գնահատման հայտի բնապահպանական փորձաքննության գործընթացը»։
02.11.2017թ․
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ` armecofront@gmail.com