Ով է ի վերջո սանձելու փոքր ՀԷԿ-երի ախորժակը․ տեսանյութ
2016 թ․-ի սեպտեմբերի 12-ի մեր տեսախցիկի արձանագրած այս աղետալի պատկերին՝ չհաշված չնչին բացառությունները, կարող եք ականատես լինել Հայաստանի գրեթե բոլոր այն գետերի վրա, որտեղ արդեն կան գործող փոքր ՀԷԿ-եր։ Կոնկրետ տվյալ դեպքում Գեղարոտ գետի վրա գործող «Արագած-1» ՓՀԷԿ-ն է, որը շահագործում է «ՎԱԿՈՒՖԼՕ» ՍՊԸ-ն։ Սակայն դա իրականում այնքան էլ էական չէ, քանի որ սակավաջուր ժամանակաշրջանում, իսկ դա մեր երկրում տևում է մոտ ութ ամիս, գրեթե բոլոր ՓՀԷԿ-երի շահագործողները կիրառում են այս նույն եղանակն ու ոչնչացնում Հայաստանի գետերը՝ իրենց կենսաբազմազանության հետ միասին։
Այսպիսի փաստերը բազմաթիվ են, և վերջին հինգ տարիների ընթացքում ահազանգերի քանակը հասնում է մի քանի տասնյակի։ Սակայն բնապահպանության նախարարությունը, որի վրա են դրված վերահսկողական պարտավորություններն ու համապատասխան լուրջ միջոցառումների իրականացումը՝ ցավոք խորհրդանշանական տուգանքներից այն կողմ չի անցել, չնայած նրան, որ նախարարի մակարդակով անընդհատ խոսվում է այս ոլորտը կարգավորելու, օրենսդրական դաշտը փոխելու և խախտումները նվազագույնի հասցնելու մասին։
Այսպես շարունակվելու դեպքում մենք ստիպված ենք լինելու միջոցներ ձեռնարկել բնական միջավայրին հասցվող նմանատիպ վնասներն ինքնուրույն վերականգնելու ուղղությամբ, որը ցավոք կոնկրետ այս ՓՀԷԿ-ի դեպքում հնարավոր չեղավ, քանի որ գետի բնական հուն հոսող ջրի քանակը կարգավորող պտտանիվը կողպեքով շղթայված էր։ Այլապես մենք ուղղակի կբարձրացնեինք փականն ու կվերականգնեինք բնական արդարությունը։ Այս նույն Գեղարոտ գետի աղետալի վիճակի մասին մենք ահազանգել էինք դեռ երկու տարի առաջ, սակայն ինչպես տեսնում եք ինքներդ՝ ոչ մի բան էլ չի փոխվել։
Իսկ փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրների վերաբերյալ ՀԲՃ-ի կողմից դեռ 2014 թվականին արված առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ․ փոստ – armecofront@gmail.com