Լիճքի պղնձի հանքը լուրջ վտանգ է Մեղրու տարածաշրջանի ջրերի համար: Տեսանյութ
Երկու տարվա ընդմիջումից հետո «Թաթսթոուն» ՍՊԸ-ն նորից ակտիվացել է և ցանկանում է շահագործել Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրը, որը գտնվում է նույնանուն գյուղից ընդամենը 500 մետր հեռավարության վրա: 2013 թ.-ին ստանալով հանքավայրը շահագործելու բոլոր թույլտվությունները, այս ընկերությունն առ այսօր չի սկսել շահագործումը՝ հիմնավորելով դա այն փաստարկով, թե իբր թե կատարել է պաշարների վերագնահատում: Սակայն, ըստ մեզ հասած հավաստի լուրերի, պատճառը լրիվ այլ է: Իրականում հանքավայրի շահագործման փաթեթը 2013-ին պետք է վաճառվեր արտասահմանյան մի ընկերության, բայց թե այդ ընկերության պատասխանատուները հրաժարվել են գործարքից՝ տեղեկանալով հանքավայրի իրական էկոլոգիական վտանգների մասին:
Ամենայն հավանականությամբ այժմ նոր «չաղլիկ» գնորդ է հայտնվել, ինչի պատճառով էլ «Թաթսթոուն»-ը շտապել է բնապահպանական նախարարություն ներկայացնել հանքավայրի շահագործման նոր նախագիծ, որի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային առաջին քննարկումները տեղի են ունենալու օգոստոսի 14-ին ժամը 13:00-ին՝ Լիճքի գյուղապետարանում:
Ձեզ ենք ներկայացնում երկու տարի առաջ արված տեսանյութերից հատվածներ, որոնք ներկայացնում են այս հանքավայրի իրական վտանգները, տեղի բնակիչների կարծիքներն ու պատմությունն այն մասին, թե ինչպես են հանքարդյունահանողները խաբել լիճքեցիներին:
Ավելացնենք նաև, որ այս հանքավայրի տարածքը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում, անտառապատ է և ունի շատ հարուստ կենսաբազմազանություն: Մեղրի քաղաքի և այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին նույնպես այս տարածքում է, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա:
Կոչ ենք անում Մեղրիի տարածաշրջանի բոլոր բնակիչներին, և հատկապես Լիճքի գյուղացիներին, տեր կանգնել իրենց բնությանը, հողին, անտառին, ջրին, ու թույլ չտալ ապականել մեր Հայրենիքի էկոլոգիապես դեռևս մաքուր տարածքներից ևս մեկը:
Լուսանկարներում Մեղրիի տարածաշրջանի ջրամատակարարման պոմպակայանն է՝ հարակից անտառներով: