Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալները
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որով պահանջել էր տեղադրել նախարարության պաշտոնական կայքում կամ տրամադրել մեզ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր Հայաստանի հիմնական մետաղական հանքավայրերից 2002-2014թթ. ընթացքում արդյունահանված հանքաքարի, մետաղների և ուղեկից բաղադրիչների մարված պաշարների ծավալները տարեկան կտրվածքով, ինչպես նաև նույն ժամանակահատվածում նախարարության կողմից այդ հանքավայրերը շահագործող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքները:
Սակայն նախարարությունը՝ մեր կարծիքով և համոզմամբ, անհիմն մերժել է տեղադրել կայքում կամ տրամադրել այդ տեղեկություները: Պաշտոնական պատասխանում բերված փաստարկներն առ այն, որ դրանք ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» տարբեր հոդվածների համաձայն համարվում են երկրաբանական տեղեկություն և չեն կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության, ոչ մի աղերս չունեն օրենսդրության հետ, և խախտում են հանրության շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Այդ տեղեկությունները վերաբերում են մեզ պատկանող ընդերքից արդեն իսկ արդյունահանած պաշարներին, և, բնականաբար, դրանց մեջ չի կարող լինել ոչ մի գաղտնի երկրաբանական տեղեկություն։
Նախարարության կողմից իրականացված ստուգումների արձանագրությունների տրամադրման մերժումը նույնպես ահնիմն ենք համարում և տեղեկացնում, որ 2013թ.-ին դրանք մեր հարցումների արդյունքում առանց ոչ մի խնդրի տրամադրվել են նույն այդ նախարարության կողմից:
Մենք գտնում ենք, որ նախարարությունը կոպտորեն խախտել է հանրության տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը, և այս խնդրով դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան քայլեր դրանք վերականգնելու ուղղությամբ: Պաշտպանը մեր այդ բողոքն ընդունել է քննարկման և ներկայումս ուսումնասիրում է այն: Դրական արդյունք չունենալու դեպքում՝ ՀԲՃ-ն կդիմի նաև այլ իրավասու մարմինների:
Հարկ ենք համարում նշել, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մերժել է տրամադրել նույնատիպ տեղեկատվություն նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներին՝ փաստացի զրկելով նրանց իրենց գիտական հետազոտությունները լիարժեք և օբյեկտիվ իրականացնելու հնարավորությունից։ Այդ մասին իր «Մեր ժողովրդի հարստությունն ինչո՞ւ է գաղտնի պահվում ժողովրդից» վերնագրված հոդվածում ահազանգել է երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը:
Ուզում ենք բոլոր պաշտոնյաներին հիշեցնել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի, մեր երկրի ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Բնականաբար այդ ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ով և ինչպես է տնօրինում և օգտագործում այդ հարստությունները։
Իսկ ՀՀ Սահմանադրության 33.1 հոդվածում հստակ գրված է, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:
Հարց է առաջանում, թե ինչու է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալներն ու ինչ ունի թաքցնելու հանրությունից։